Image result for эрдоганՎաղը Թուրքիայում սպասվող Սահմանադրության փոփոխման հանրաքվեին ընդառաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սեփական սահմանադրությունը, որով Թուրքիան կանցնի նախագահական կառավարման համակարգին, գովաբանելու համար հասել է նրան, որ երկրի նախկին վարչապետին՝ Սուլեյման Դեմիրելին, մեղադրել է Ադրբեջանին դավաճանելու մեջ:
Էրդողանի աշխատակազմին ենթական և Թուրքիայի բռնապետի սահմանադրությունը գովազդող ahaber.com կայքը մի տեղեկություն է հրապարակել, ըստ որի 90-ական թթ-ների սկզբին, երբ Հայաստանը գրավում էր նորանոր տարածքներ Արցախում, Թուրքիան կարող էր ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, բայց դա չի արել: Ըստ կայքի, դրա պատճառը Թուրքիայի ութերորդ նախագահ Տուրգուտ Օզալի և այդ ժամանակվա Թուրքիայի վաչապետ Սուլեյման Դեմիրելի միջև գոյություն ունեցող հակասություններն էին, որի արդյունքում տուժեց եղբայրական Ադրբեջանը: ahaber.com-ը նաև իր ընթերցողներին տեղեկացնում է, որ ՆԱԽԱԳԱՀ Օզալը մեծ ջանքեր էր գործադրել, որ օգնի Բաքվին, սակայն ՎԱՐՉԱՊԵՏ Դեմիրելը խանգարել էր նրան, որի հետևանքով հայերի կողմից հազարավոր ադրբեջանցիներ են սպանվել:
Էրդողանը, ով առաջնորդվում է նեոօսմանական և նեոպանթյուրքիստական գաղափարախոսությամբ և Թուրքիային համարում է բոլոր թուրքալեզու և թյուրքական ծագում ունեցող ժողովուրդների պաշտպանը, ինչպես նաև հավակնություններ ունի նախկին Օսմանյան կայսրության տարածքներում սեփական շահերն առաջ տանելու համար, միտումնավոր է սեփական սահմանադրության գովազդը տանում այս ուղղությամբ: Դեմիրելին դավաճան հանելով Էրդողանը ոչ միայն փորձում է «ապացուցել», որ երկրին անհրաժեշտ է նախագահ, որն ունենալու է բացարձակ միապետի շխանություն, ինչպես ինքն է ցանկանում իրեն տրամադրել նոր սահմանադրությունով, այլև ցույց տալ, որ «թույլ» նախագահ ունենալը նաև վնասում է երկրի արտաքին շահերին և հատկապես թյուրքալեզու ժողովուրդների շահերի պաշտպանությանը: Պատահական չէ նաև այն, որ ahaber.com-ի Էրդողանի սահմանադրությունը գովազդող հոդվածում նախագահ Օզալին ներկայացված է որպես դրական կերպար, իսկ վարչապետ Դեմիրելին՝ բացասական:
Իշխանությունը պահպանելու համար Էրդողանը ունակ է թշնամի հռչակել նույնիսկ Դեմիրելին:
Ինչ վերաբերվում է Արցախյան գոյամարտի տարիներին Անկարայի կողմից Բաքվին տրված օգնությանը, ապա նշեմ, որ չնայած նրան, որ Թուրքիան անընդհատ չքմեղանում է և հայտարարում, որ ոչնչով չի օգնել Ադրբեջանին, փաստերը հակառակն են ապացուցում: Այդ տարիներին Անկարան բավական մեծ ռազմական օգնություն է տրամադրել Ադրբեջանին: Այն եղել է և՛ զենքի, և՛ զինվորականների տեսքով: Հայերի կողմից ոչնչացված "Բոզ Գուրտ"-ի թուրք ահաբեկիչները և ադրբեջանցիներից առգրավված թուրքական զենքերի օրինկաները բազմաթիվ են:
Թուրքիան նույն Ադրբեջանին օգնելու նպատակով ցանկացել է ներխուժել Հայաստան: Այդ մասին իր հուշերում գրում է Հայաստանում Հունաստանի նախկին դեսպան Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը: Սակայն Մոսկվայից հնչած նախազգուշացումներից հետո Անկարայում հրաժարվել են այդ ծրագրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել