Ապրիլի 24-ին Արմենիա TV-ի եթերում պրեմիերա է: Առաջին անգամ Թաթա Սիմոնյանի «Երանի» երգը կներկայացվի հեռուստադիտողին: Տեսահոլովակը նկարահանել է «Արմենիա TV»-ին, ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է։
«Սա այն տեսակի երգերից է, որը աչքերդ փակ պետք է լսես»,- ասում է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը և հավելում,- «Երգի մեջ խորը զգացմունքներ կան, ամեն ինչ արել ենք, որպեսզի տեսահոլովակը չշեղի երգի բառերի ու երաժշտության բուն իմաստից: Ուժեղ երգ է, բառերի մեջ մեծ պատմություն կա: Ռեժիսոր Գրիգ Վահրամյանը ստեղծել է այնպիսի մի տեսահոլովակ, որը դիտելիս ամեն մարդ կտեսնի այն պատմությունը, որն ինքն է լսել տեղի ունեցածի մասին»:
Երգի ստեղծման պատմությունը ներկայացնելիս Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը նշեց, որ այն լիրիկական ստեղծագործություն է, որն ավելի շատ հոգեվիճակ է ներկայացնում: «Երգի բառերն ու մեղեդին Թաթան է գրել: Շատ զգացմունքային ստեղծագործություն է, որը պետք է լսել և զգալ: Համոզված եմ, որ այս երգը յուրաքանչյուր հայի սրտում կգտնի իր տեղը: Այս երգի մեջ հայ մարդու երազներն ու մտորումներն են, մեր պատմությունն է, ինչու չէ, նաև մեր համազգային իղձերը»:
Երգից ստացած առաջին տպավորությունների մասին խոսելիս Ռուբեն Մխիթարյանը նշում է. «Երբ ես և Դավիթ Բաբախանյանը գնացինք «Ասպարեզ» ստուդիա երգը լսելու, Գրիգոր Նարզարյանը ասաց. «Սա ուրիշ երգ է»: Միայն երգը լսելուց հետո հասկացանք, թե ինչ նկատի ուներ Գրիգորը: Այս երգը ամեն մեկիս թաքուն երազանքների մասին է՝ կապված մեր կորսյալ հայրենիքի հետ: Ամեն մարդ մի կերպ է խոսում այդ երազանքի մասին. մեկը նկարում է, մյուսը քանդակում. Թաթային էլ հաջողվել է մեր բոլորիս երազանքները վերածել բառերի ու երաժշտության»:
Նշենք, որ Թաթա Սիմոնյանի «Երանի» երգի տեսահոլովակը եթերում կլինի ապրիլի 24-ին՝ «Արմենիա» և «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի բոլոր հեռուստաալիքներով:
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի