U!COM ցանցում հեռարձակվող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքով ցուցադրվող «Եղնիկների կածանը» 20 մասանոց գեղարվեստական ֆիլմն առաջին իսկ սերիայից սիրվեց հեռուստադիտողի կողմից: Հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին զարգացող իրադարձությունների կիզակետում մարդկային կյանքն է՝ իր բոլոր դրսևորումներով:

Սեր, ընկերություն, դավաճանություն՝ պատերազմի ու մարտական գործողությունների խառնաշփոթում: Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանին այս նոր ֆիլմում հաջողվել է մեկտեղել, թվում է թե, անհամատեղելի երկու բան՝ կյանքն ու պատերազմը:

Ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկի՝ դերասանուհի Ռոզի Ավետիսովայի հետ BlogNews.am-ը զրուցել է ֆիլմի մասին ու փորձել բացահայտել Ռոզիի մարմնավորած կերպարն «առաջին ձեռքից»:

Դերասանուհին նշում է, որ ֆիլմում նկարահանվելու առաջարկը սիրով ու ոգևորությամբ է ընդունել: «Շատ լավ թիմ է պարոն Քեշիշյանը հավաքել, մաքսիմալ պրոֆեսիոնալ ու կազմակերպված»: Ինչ վերաբերում է նկարահանումների ընթացքին, ապա դերասանուհին նշում է, որ հիմնականում դրանք ինտերիերային են եղել, և մարտական ու էքստրեմալ տեսարաններում նա մասնակցություն չի ունեցել:

 

Ֆիլմի գլխավոր հերոսի կյանքում կարևոր դեր ունեցող կանանցից մեկին է մարմնավորում Ռոզին: Առավել մանրամասն իր կերպարի մասին դերասանուհին ասում է. «Իմ կերպարը Եվան է, ով գլխավոր հերոսի՝ Դավիթի կյանքում ընկեր-սիրուհի է: Բացի պատերազմից՝ Եվան ունի նաև իր առանձին, անձնական, կանացի ողբերգությունը. նրա սերը փոխադարձ չէ»: 

Լիամետրաժ ֆիլմի օրենքներով նկարահանված 20-մասանոց «Եղնիկների կածանը» գեղարվեստական ֆիլմի զարգացումներին Արմենիա Պրեմիումի հեռուստադիտողները կարող են հետևել շաբաթ և կիրակի օրերին՝ 21:00-ին:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել