Կարծում եմ՝ ինչպես իրեն հարգող յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ ես տանել չեմ կարողանում հեռուստագովազդը և աշխատում եմ հնարավորինս խուսափել այն դիտելուց: Բայց երեկ երեկոյան, եթե չեմ սխալվում, «Շանթի» ալիքով պատահաբար դիտեցի Պրոկրեդիտ բանկին վերաբերող հեռուստագովազդ, ու անմիջապես աչք ծակեց նրանում տեղ գտած մի արտահայտություն. «Պրոկրեդիտ բանկ՝ գերմանական բանկ»: Մեջս անմիջապես արթնացավ տնտեսագետը և ցանկացա անպայման անդրադառնալ դրան:
Հիշյալ բանկի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նրա հիմնադիրներն են՝
«ՊրոԿրեդիտ Հոլդինգը» (ProCredit Holding ) - 72.67% բաժնեմասով, «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը» (EBRD) – 14.45% բաժնեմասով և «Զարգացման Բանկը» (KfW) – 12.88% բաժնեմասով։
Բայց նույն կայքում՝ բանկի շարքային կամ պոտենցիալ հաճախորդների համար աննկատ մի արտահայտություն է գրված, որը փոխում է ասվածի էությունը. «Բանկի նշանակալից մասնակիցները բանկի նկատմամբ չունեն որևէ պարտավորություններ»։ Պարզ ասած՝ ո՛չ գերմանական Պրոկրեդիտ հոլդինգը, ո՛չ էլ առավել ևս EBRD-ն ու KFW-ն իրենց միջոցներով ֆինանսական պատասխանատվություն չեն կրում հայկական Պրոկրետիդ բանկի համար: Իսկ ավելի պարզ ասած՝ Պրոկրեդիտ բանկը ոչ թե գերմանական է, ոչ էլ անգամ գերմանական բանկի մասնաճյուղ կամ դուստր ձեռնարկություն, այլ՝ հայկական առևտրային բանկ: Իսկ սա նշանակում է, որ եթե հիշյալ բանկը սնանկանա, ապա նա իր հաճախորդների առաջ պատասխանատու է լինելու սեփական համեստ միջոցներով: 
Հիշյալ գովազդի նպատակն է հաճախորդի մոտ վստահություն առաջացնել, որ միջոցներդ վստահում ես գերմանական բանկի, սակայն իրականում այս բանկը մեր հայկական առևտրային 21 բանկերի շարքում հիմնական ցուցանիշներով զբաղեցնում է վերջին հորիզոնականները, եթե չասենք՝ ամենավերջին տեղը: Եվ գերմանական հոլդինգի բաժնետեր լինելն ամենևին չի նշանակում, թե բանկը գերմանական է: Նույն հաջողությամբ կարող էր հիմնական բաժնետերը Մոզամբիկից լինել, բայց դրանից չէր հետևելու, թե այն մոզամբիկյան է: 
Գաղտնիք չէ, որ մեր տնտեսության ամենակայացած ոլորտը բանկային համակարգն է: Լավ է դա, թե վատ՝ այլ խոսակցության թեմա է, բայց, եթե դա այդպես է, ուրեմն պատվաբեր չէ գովազդի միջոցով անբարեխիղճ մրցակցության էլեմենտներ մտցնել այդ համակարգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել