Երբ հայկական հեռուստաեթերում ինչ-որ մի ֆորմատային նախագիծ է հայտնվում, խստապահանջ մեր հեռուստադիտողը միանգամից դժգոհում է՝ կարծելով, թե իրեն խաբում են: Այդպես եղավ նաև, երբ առաջին անգամ Արմենիա Պրեմիումի եթերում հայտնվեց «Ազիզյանները» սիթքոմը: Ով չալարեց, գրեց, որ այն ռուսական ТНТ ալիքի «Счастливы вместе» սիրված սիթքոմի կրկնօրինակն է այն դեպքում, երբ հենց «Ազիզյանների» ստեղծագործական թիմը երբեք չէր հերքում, որ սիթքոմի ֆորմատը միջազգային է, և սա լինելու է այդ սիրված ընտանեկան պատմության հայկական  տարբերակը:

Անցավ ժամանակ, իսկ ավելի ճիշտ՝ մի եթերաշրջան, և մենք տեսանք, թե սիթքոմի վրա որքան հրաշալի ու անթերի է աշխատել սցենարիստների ու ռեժիսորների թիմը: Սցենարի ադապտացիան այնքան սահուն ու կոլորիտային է արված, որ էկրանից այն կողմ տեսնում ենք տիպիկ հայկական իրականությունն ու միջին վիճակագրական հայ ընտանիքի առօրյան: Ու ահա սիրված սիթքոմի երկրորդ եթերաշրջանն է եթերում: Սկզբում մտավախություն ունեի, որ նախորդ եթերաշրջանին այն կզիջի, որ արդեն լավ արված առաջին եթերաշրջանին չի գերազանցի, բայց արի ու տես, որ ոչ: «Ազիզյանների» երկրորդ եթերաշրջանը նույնքան հաջողված ու լավն է, որքան առաջինը: Բարդ անցումային տարիքում գտնվող երեք երեխաների, բալզակյան տարիքի կնոջ սենտիմենտալ պոռթկումների ու դեպրեսիաների, հաջողակ հարևանների երջանկության ու աշխատավայրի դժվարությունների ողջ բեռն իր ուսերին պատվով տանող Գառնիկն այս եթերաշրջանում էլ տղամարդավարի է հաղթահարում հայ օջախի հայրը լինելու պատվաբեր կոչման բոլոր դժվարությունները:

Իհարկե, ասել, որ սա արվեստի գործ է, որ մնայուն արժեք կլինի հայկական կինեմատոգրաֆի պատմության մեջ, իրոք ծիծաղելի կլինի, ավելին՝ սիթքոմի ստեղծագործական խումբը ոչ մի նման նպատակ կամ ձգտում չի էլ ունեցել ի սկզբանե: Իսկ նպատակն ու խնդիրը, որը դրվում է նման ֆորմատի նախագծերի մեջ, հետևյալն է՝ մարդկանց կտրել առօրյա հոգսերից, նվիրել ուրախ ու անհոգ ժամանց և ստիպել հավատալ, որ կյանքի բոլոր իրավիճակներում էլ ծիծաղն ամենալավ օգնականն է. կարծում եմ՝ այս առումով «Ազիզյանները» ոչ միայն կատարում, այլև գերազանցում են իրենց առջև դրված խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել