Lorinews.com մարզային լրատվական կայքի «Օգնել կարող ենք ամենքս» բարեգործական նախաձեռնությունն այս թողարկմամբ անդրադառնում է Վանաձոր քաղաքի տնակային ավաններից մեկում բնակվող Արաքսյա Ավետիսյանի՝ 6 անձից բաղկացած ընտանիքին:

73-ամյա Արաքսյա Ավետիսյանի աղջիկը թողել է իր 5 անչափահաս երեխաներին ծեր ու հաշմանդամ մոր հույսին ու հեռացել, ապա ստեղծել նոր ընտանիք՝ վերջնականապես կտրելով կապը ծեր մոր ու անչափահաս երեխաների հետ: 5 երեխաների մոր վրա այժմ քրեական գործ է հարուցված, աշխատանքներ են տարվում նրան ծնողական իրավունքներից զրկելու ուղղությամբ: Միայն երեխաների անվան մասին մտածելով չենք բարձրաձայնում 5 երեխաների մոր վարքի մասին, միայն երեխաների խնդրանքով չակերտները չենք բացում ու որոշ մանրամասներ հրապարակում՝ գիտակցելով, որ այդ դեպքում շատերը կպատժվեն, սակայն մեր խնդիրը մորը ներկայացնելը չէ, այլ 5 կործանվող  ճակատագրեր  փրկելը:



 5 անչափահաս երեխաների գոյությունը 73-ամյա Արաքսյա Ավետիսյանը մի կերպ է ապահովում: Գտնվելով սոցիալապես ծանր պայմաններում՝ նա իր 5 անչափահաս թոռնիկներին այսքան ժամանակ պահել է իր կողքին՝ չհանձնելով ո՛չ մանկատուն և ո՛չ էլ խնամքի կենտրոններ: Դպրոցահասակ երեխաները տեսախցիկից այն կողմ պատմում են, թե ինչպես է դպրոցի տնօրենը իր տղայի հագուստը տվել, թե ինչպես են ամեն օր սնվում բարեգործական ճաշարանում, ու թե ինչպես հարազատ մայրը լքեց իրենց՝ գերադասելով սեփական երջանկությունն ու ամուսնանացավ իրենց իսկ հարևանությամբ: 


2-րդ կարգի հաշմանդամ կինը 2 անգամ վիրահատվել է, ծեծի է ենթարկվել նաև հարազատ աղջկա կողմից, այնուհետ ստեղծված իրավիճակից ելնելով ոստիկանության հետ միասին աղջկան դուրս են հանել տնից՝ վատ վարքի պատճառով: 3 դպրոցահասակ երեխաները երկար ժամանակ դպրոց չեն հաճախել՝ հագուստի ու գրենական պիտույքների բացակայության պատճառով: 
Երեխաներին հագուստ ու նորմալ սնունդ է հարկավոր, կենցաղային հարցերը լուծելու ու տաքանալու համար ընտանիքը ունի վառելափայտի ու մի շարք այլ բաների կարիք: 5 երեխաները զրկված են նույնիսկ հեռուստացույց դիտելու հնարավորությունից. երկու շաբաթ է, ինչ այն անսարք է, կիսաավտոմատ լվացքի մեքենան էլ է խափանվել, ծեր կինը 5 երեխաների հագուստները լվանում է ձեռքով: Առավել մանրամասն՝ «Օգնել կարող ենք ամենքս» բարեգործական նախաձեռնության պատրաստած տեսանյությում:
Նշված ընտանիքին օգնելու համար ՎՏԲ-Հայաստան բանկում բացվել է հաշվեհամար
AMD 16036013869903
USD 16036013869904
EUR 16036013869905
RUR 16036013869906
Հաշվեհամարի պատասխանատու՝ Էդվարդ Արզումանյան
«Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնության աջակից՝ Լոռու մարզպետարան: Հատուկ շնորհակալություն «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Հարություն Անտոնյանին:

Բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն օգնել նշված ընտանիքին, կարող են զանգահարել 055 36 00 82 հեռախոսահամարով: Հիշեք՝ օգնել կարող ենք ամենքս…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել