Միանգամից ասեմ, որ եթե դուք Ձեզ համարում եք այնքան բարձրաշխարհիկ ու ճաշակով, որ սերիալներ նայելը սկզբունքորեն անթույլատրելի եք համարում, ապա այս գրառումը․․․ առաջին հերթին Ձեր համար է։

Սերիալները խիստ կարևոր և օգտակար դերակատարություն կարող են ունենալ, քանի որ վաղուց արդեն դարձել են մասսայական մշակույթի անփոխարինելի մասնիկ։ Ու դատարկախոսություն են անում բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ լավ սերիալ չի կարող լինել։ Նույն «Game of Thrones» ու «House of Cards» սերիալները կարելի է դասել կինոշեդևրների շարքին։ Նման ծայրահեղական պնդումները պարզապես քաղքենիության դրսևորումներ են։

Հայաստանին պետք են սեփական սերիալներ, այլ հարց է, որ մեր սերիալները դեռ հեռու են նշված երկու գլուխգործոցների մակարդակին հասնելուց ու հեռու են լուսատարիներով։ Սակայն մեր խնդիրն այն է, որ մեր հեռուստաընկերությունները վտանգավոր շրջադարձի ուղի են բռնել ու սեփական կինոարտադրությունը (որի մաս են կազմում նույն սերիալները) զարգացնելը շարունակելու փոխարեն աստիճանաբար հնդկացավի մեջ են ընկնում, իսկ դա դեգրադացիայի երաշխավորված ուղի է։

Ժողովուրդ, եկե՛ք հստակ հասկանանք մի բան․ եթե ուզում ենք, որ մենք էլ մի գեղեցիկ ու ոչ այնքան մոտ ապագայում ունենանք «Game of Thrones» ու «House of Cards» սերիալների որակի արտադրանք, ապա մեզ բոլորիս պետք է պրակտիկա։ Պրակտիկան պետք է կինոարտադրողներին, դերասաններին, տեխնիկական անձնակազմին ու հենց մեզ՝ սպառողներիս։ Ու այնպես էլ չէ, որ վիճակներս անհույս է։ Խոսենք ավելի առարկայական ու կոնկրետ օրինակներով։

Երեկ catch up-ով դիտեցի Armenia Premium-ով հեռարձակվող «Եղնիկների կածանը» սերիալի առաջին երկու սերիաները ու կարող եմ ասել, որ եթե համեմատենք մոտ 10 տարի առաջ թողարկված հայկական առաջին հեռուստասերիալի՝ «Դժբախտ երջանկության» հետ, ապա սարերի ու ձորերի տարբերություն է։

Նշանակո՞ւմ է արդյոք, որ «Եղնիկների կածանը» անթերի է ու պետք է միջազգային մրցանակաբաշխությունների ներկայացնել։ Իհարկե, ո՛չ։ Թերություններ կան․ կարելի էր ավելի սերտորեն աշխատել ՊՆ-ի հետ ու ռազմական գործի մասնագետների ներգրավել՝ որպես կոնսուլտանտների, կարելի էր պաթոսային, լիրիկական դադարներին ավելի քիչ տեղ ու դեր հատկացնել ու էլի բազմաթիվ հում դրվագներ, որոնք, սակայն, շատ ավելի քիչ էին, քան դրական կողմերը՝ լավ սցենարը, լավ դերասանները, լավ ռեժիսուրան, որակյալ օպերատորական աշխատանքը և սյուժետային հետաքրքիր գիծը (փառք Աստծո, այս անգամ հերոսներն ու «լավ տղերքը» ոչ թե գողականներ են, այլ զինվորականներ), որը, լինելով մտացածին, այնուամենայնիվ, խարսխված է բոլորիս համար ակտուալ ու հասկանալի իրադարձությունների՝ մեր ռազմական ուղղաթիռի խոցման ու, ասում են, Ապրիլյան պատերազմի իրադարձությունների վրա։

Ողջ խնդիրը մեր ակնկալիքներն ու սխալ համեմատություններն են։ Նույն «Եղնիկների կածանը» չի կարելի համեմատել «Game of Thrones»-ի ու «House of Cards»-ի հետ թեկուզ այն պարզ պատճառով, որ նշված երկուսի ամեն սերիայի 5 եթերային րոպեի վրա ավելի շատ գումար է ծախսվում, քան «Եղնիկների կածանի» ամբողջ եթերաշրջանի վրա է ծախսվել, և այն պատճառով (ինչը շատ ավելի կարևոր է, քան փողային մասը), որ Հոլիվուդը սերիալներ ու ֆիլմեր նկարում է արդեն շուրջ 100 տարի, իսկ մենք՝ 10-15 (խորհրդային փորձը հաշիվ չէ)։ Ուստի նույն «Եղնիկների կածանը» պետք է համեմատել հայկական պրոդուկտի հետ, որպեսզի հասկանալի լինի առաջընթացը։

Հարցի մյուս կողմը․ սերիալը կարող է ու կամա, թե ակամա հանդիսանում է դաստիարակչական ուժեղագույն միջոց։ Ի՞նչ կարող է դաստիարակել մեր հասարակությունում հնդիկ Չուչակին, եթե այդ պրոդուկտն ի սկզբանե ստեղծվել է հենց հնդիկ լսարանի համար։ Իսկ Խորեն Լևոնյանը կարող է (եթե վերադառնում ենք նույն «Եղնիկների կածանին»)․ կարող է իր կերպարով դաստիարակել հայրենասիրություն, բեմական ճիշտ խոսք ու գրագիտություն, ի վերջո, լավ դերասան լինելու մղում կարող է առաջացնել այդ սերիալը նայողների մոտ։

Դրա համար էլ կրկնեմ․ պայմանական Խորեն Լևոնյանը միշտ ավելի լավն է, քան պայմանական Չուչակին։ Ավելին ասեմ՝ Քեվին Սփեյսիից էլ ու Փիթեր Դինքլեյջից էլ է լավը։ Ոչ թե, որովհետև գլոբալ մասշտաբի հանճարեղ դերասան է, ոչ էլ անգամ նրա համար, որ մերն է։ Պրոդուկտն է մերը, ու մենք ենք շահագրգռված, որ մասսայական մշակույթի դարաշրջանում մեր հասարակությունը կրթվի ու աշխարհընկալում ձևավորի՝ հիմնվելով մեր ստեղծած մոդելների վրա։ Այ սա է կարևորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել