«Դեպի վայրէջք». այսպես է կոչվելու 25 մասից բաղկացած բազմասերիանոց ֆիլմը, որում գլխավոր դերը վստահվել է սիրված դերասան Սարգիս Գրիգորյանին: Ինչպե՞ս ստացավ դերի առաջարկը, ինչպե՞ս ստացվեց, որ իր հետ սերիալում նաև իր կրտսեր դուստրը՝ Յանան է խաղալու, և ինչի՞ մասին է ֆիլմը. հարցերի պատասխանները BlogNews.am-ը պարզել է Սարգիս Գրիգորյանի հետ ունեցած զրույցի ընթացքում.
«Դերի առաջարկը ստացել եմ ռեժիսոր Ելենա Արշակյանից, ու անկեղծ որ ասեմ, սցենարը կարդալու պահին արդեն հուզվեցի: Ֆիլմը նովելային գեղեցիկ պատմություն չէ միայն: Այն սոցիալական մի քանի շատ կարևոր խնդրի է անդրադառնում, մասնավորապես՝ թրաֆիքինգի թեմային: Եվ այն, որ բացի սիրո թեմայից՝ կա նաև հարց, որը բավականին լուրջ է մեր հասարակության մեջ, ինձ շատ գրավեց»:
Սարգսի մարմնավորած կերպարը՝ Սոսը, օդաչու է, ով վարում է Երևան-Դուբայ չվերթն ու լավ գիտի, որ իր ուղևորների մեջ թրաֆիքինգի զոհեր հաճախ են լինում: Ֆիլմի նպատակն է հասնել այն մարդկանց գիտակցությանն, ովքեր զբաղվում են այս գործով ու ստիպել հետ կանգնել իրենց ճանապարհից: Սարգսի կրտսեր դուստրը՝ Յանան, ով մանկապարտեզ է հաճախում, ֆիլմի ստեղծագործական կազմի որոշմամբ ընտրվել է որպես ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը:
Ինչպես և իրական կյանքում, փոքրիկ Յանան ու Սարգիսը ֆիլմում ևս հայր ու դուստր են: Փոքրիկի դերասանական խաղի ու նկարահանման հարթակում հոգեբանական բարիերները հաղթահարելու հարցերում Յանայի դերասան-ծնողները չեն միջամտում, տանը չեն պարապում դերը, և նկարահանումներին էլ Յանայի մայրիկը ներկա չի լինում:
«Ինձ համար անակնկալ էր, երբ Ելենան ասաց, որ Յանան կարող է ստանձնել այդ դերը: Իհարկե, գիտեմ, որ Յանայի մեջ կա դերասանական շնորհ և ավելի շատ, քան ավագ քրոջ՝ Եվայի մոտ, բայց լուրջ չէի վերաբերվում դրան: Բերեցի քաստինգի, ընտրվեց, ու հիմա Ելենա Արշակյանը ինձ ու Մանոյին արգելում է երեխայի հետ պարապել, դերը սովորեցնել, քանի որ այդպես երեխայի խաղը բնական չի լինի: Չենք խառնվում: Թողել ենք Ելենայի հույսին. տեսնենք` ինչ կստացվի))»:
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի
Լուսանկարները՝ Սարգիս Գրիգորյանի անձնական արխիվից