Շարունակում ենք գրել 20-րդ դարի ամենասարսափելի բռնապետերի մասին: Նախորդ հոդվածում խոսվեց Գեներալ Ֆրանկոյի մասին: Այս անգամ կխոսենք Վ. Ի. Լենինի մասին: Կոմունիստական մարդակեր գաղափարախոսության առաջնորդ Լենինը 20-րդ դարի ամենաայլանդակ ռեժիմներից մեկի՝ Խորհրդային Միության, հիմնադիրներից մեկն է: Ռեժիմ, որը սոցիալիզմ և կոմունիզմ կառուցելու ճանապարհին տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեց:

Վլադիմիր Իլյիչ Լենինը ծնվել է 1870թ. ապրիլի 22-ին Ռուսական կայրսրության Սիմբիրսկ փոքր քաղաքում: Լենինի ընտանիքը բավականին ապահոված էր: Շատ պատմաբանների կարծիքով՝ Լենինն ուներ չուվաշական, հրեական, գերմանական և շվեդական արյուն: Ինչպես նշվեց՝ նրա ընտանիքը բավականին բարեկեցիկ կյանք էր վարում: Հայրը՝ Իլյա Նիկոլաևիչը, բարձրաստիճան պաշտոնյա էր: Նրանց ընտանիքն ամառն անցկացնում էր Կակուշկինո գյուղական համայնքում: Պատանեկան տարիքում Լենինը փայլուն առաջադիմություն ուներ: Լենինն այդ տարիքում այդքան էլ տարված չէր քաղաքականությամբ, առավել ևս, հեղափոխական գաղափարներով: Պատմաբանների կարծիքով՝ ապագա բռնապետի կյանքում ճակատագրական եղավ 1887թ. մայիսի 8-ը, երբ մահապատժի ենթարկվեց նրա եղբայրը: Լենինի ավագ եղբայր Ալեքսանդրը մի քանի հոգու հետ մեղադրվում էր ռուսական ցարի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Այդ ժամանակվանից Լենինը սկսեց հետաքրքրվել քաղաքականությամբ: 1888թ. նա սկսեց հաճախել Ն. Ե Ֆեոդոսյևի կազմակերպած մարքսիստական խմբակների հավաքներին: Ավելին, նա տարվեց Կարլ Մարքսի գաղափարներով: Հետագա իր գործունեության ընթացքում Լենինը ստեղծեց Մարքսիզմ-Լենինիզմ գաղափարական ճյուղը, որի նպատակը կոմունիստական հասարակարգի ստեղծումն էր: Լենինն առաջին անգամ ձերբակալվեց հենց այդ ժամանակ, սակայն ճաղերի հետևում չհայտնվեց: Լենինի երկրորդ ձերբակալությունը տեղի ունեցավ 1895 թվականին և երկու տարի անց աքսորվեց Շուշենի բնակավայր: Մինչ այդ նա Շվեյցարիայում հանդիպեց Պլեխանովին, Ֆրանսիայում՝ Լիկբնեխտին և հեղափոխական գաղափարներով տարված մնացած գործիչների հետ: Քննարկման թեման աշխատավորական զանգվածային շարժում ստեղծելն էր: Ձերբակալությունից առաջ ստեղծվեց «Աշխատավորական զանգվածի ազատության համար միություն»-ը:

Այդ շրջանում 1898 թվականին ստեղծվել էր ռուսական սոցիալ-ժողովրդավարական աշխատավորական կուսակցությունը, որի ֆրակցիաներից մեկը ղեկավարում էր Լենինը: Հենց այդ ֆրակցիան անհամաձայնությունների հետևանքով հետագայում վերածվեց բոլշևիկյան կուսակցության: Աքսորից հետո՝ 1900 թվականին, նա հեռացավ երկրից և հաստատվեց Ժնևում: Այդ ժամանակ Ժնևում էին գտնվում այլ հեղափոխական գործիչներ ևս: Շվեյցարիայում նա ձևավորեց իր գաղափարական դոկտրինը, որի համաձայն՝ նրանք չպետք է հիմնվեն ժողովրդավարության վրա և նրանց հիմնական գաղափարական մեխը պետք է լինի պրոլետարիատի բռնապետությունը: Լենինի հայացքները չէին կիսում արտասահմանում գտնվող սոցիալ-ժողովրդավարները: Խիստ հակասություններ էին առաջացել հեղափոխական առաջնորդներից Յ. Մարտովի հետ, ով բավականին լիբերալ հայացքների կրող էր և գտնում էր, որ յուրաքանչյուր մարդ կարծիք արտահայտելու իրավունք ունի: Այլ էր Լենինի տեսակետը: Նա գտնում էր, որ կուսակցական կենտրոնական ապարատի որոշումները քննարկման ենթակա չեն:

1905թ. հունվար ամսին Ռուսաստանում զանգվածային հուզումներ սկսվեցին, որոնք իշխանությունների կողմից դաժանորեն ճնշվեցին: Լենինն այդ ժամանակ թերահավատորեն էր մոտենում տեղի ունեցողին և ստիպված վերադարձավ Եվրոպա: Փարիզի մոտակայքում գտնվող Լոջեմո ավանում ստեղծվեց հեղափոխական դպրոց, որտեղ սովորում էին այնպիսի գործիչներ, ինչպիսիք էին Կրուպսկայան, Ինես Արմանդը, Սեմաչկոն և այլք: Այդտեղ նրանք ուսումնասիրում էին ագիտացիայի և ընդհատակյան պայմաններում աշխատանքներ իրականացնելու արվեստը: Այստեղ սովորածների մեծ մասը վերադարձավ Ռուսաստան: Լենինն իր հերթին մեկնեց Լեհաստան և հաստատվեց Կրակովի մոտակայքում գտնվող համայնքներից մեկում:

Այդ շրջանում Լենինը, որն արդեն ամուսնացած էր Կրուպսկայայի հետ, սիրավեպ սկսեց Ինես Արմանդի հետ: 1914թ. սկսվեց Առաջին աշխարհամարտը: Օգոստոս ամսին Լենինը ձերբակալվեց Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով: Ռուսները 1914-16թթ. ճակատում ծանր կորուստներ էին կրում: Լենինը գտնում էր, որ ռուսական կողմի պարտությունը պարարտ հող կստեղծեր իր հեղափոխական գործունեության համար: Գերմանիայում գտնում էին, որ Լենինի հաղթանակը կհեշտացնի իրենց հաղթանակը ռազմաճակատում: Լենինն իր հերթին գտնում էր, որ գերմանացիների հաղթանակներն էլ ավելի կօգնեն իր հեղափոխական ծրագրերին:

1917թ. փետրվարին ժողովուրդը դուրս եկավ փողոցներ: Տեղի ունեցած հեղափոխության արդյունքում ցարը հեռացավ գահից: Սկսվում էր հեղափոխության երկրորդ փուլը: Լենինը ապրիլ ամսին գնացքով ժամանեց Ռուսաստան: Նրան սպասում էին հազարավոր մարդիկ: Հատկանշական է, որ փետրվարյան դեպքերից առաջ ունեցած ելույթներից մեկում Լենինը նշում էր, որ հնարավոր է իրենք չտեսնեն ապագա հեղափոխությունը և այդ համատեքստում բավականին հոռետես էր տրամադրված Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ: Փետրվարյան իրադարձություններն անակնկալի բերեցին ոչ միայն նրան, այլև մնացած բոլշևիկներին: Լենինը կարծում էր, որ իրեն կձերբակալեն, սակայն դա տեղի չունեցավ: Ժամանակավոր կառավարությունը չէր կարողանում իրավիճակը վերահսկողության տակ վերցնել:

Բոլշևիկները սկսեցին հազարավոր թռուցիկներ տպել և տարածել բնակչության շրջանում: Բացի դա, սկսեցին լույս տեսնել բոլշևիկյան շուրջ 43 ամսագրեր, որոնցից ամենահեղինակավորը «Պրավդա» օրաթերթն էր: Դա նրանք անում էին գերմանական գումարների շնորհիվ: Շատ պատմաբանների տվյալներով՝ Լենինին գերմանացիները լրջագույն ֆինանսական օգնություն են ցուցաբերել: Մասնավորապես, գոյություն ունի մի փաստաթուղթ, որի համաձայն՝ գերմանական կառավարությունը ֆինանսների նախարարին հանձնարարում է 5 միլիոն մարկ տրամադրել բոլշևիկներին Ռուսաստանում ագիտացիա իրականացնելու համար: Ապրիլին Լենինը հրապարակեց իր հայտնի «Ապրիլյան թեզերը», որտեղ շարադրված էր պրոլետարիատի խնդիրները տվյալ իրավիճակում: Լենինն ընդհանրապես գտնում էր, որ հեղափոխությունից հետո ստեղծված կառավարությունը, այսպես կոչված, կապիտալիստների միություն է, որը չի թեթևացնելու ժողովրդի ծանր վիճակը: Իրականում, լիբերալ հայացքներ ունեցող ժամանակավոր կառավարությանը ժամանակ էր պետք բարեփոխումները կյանքի կոչելու համար:

Հեղափոխությունից հետո ժողովրդի վիճակը, բնականաբար, անմիջապես չէր կարող լավանալ: Հանգամանք, որից օգտվեցին բոլշևիկները: Եթե Փետրվարյան դեպքերի ժամանակ բոլշևիկները որևէ առարկայական դեր չունեին, ապա մի քանի ամիս անց իրավիճակը կտրուկ փոխվեց: Շեշտակիորեն աճում էր նրանց անդամների թիվը: Այդ ամենն անակնկալ էր նաև բոլշևիկների ղեկավար շրջանակների համար:

Իրավիճակը բարդ էր նաև բանակային զորամիավորումներում: Բանակը լիովին քաղաքականացվել էր, և ռազմաճակատի գրեթե բոլոր զորամասերում բոլշևիկյան ճյուղեր էին ձևավորվել: Նրանք այն աստիճան ազդեցություն ունեին, որ տեղում ստեղծում էին սեփական զինված խմբերը: Հետագայում ստեղծվեցին «Կարմիր գվարդիաներ»-ը:

Իրավիճակը գարնան վերջում էլ ավելի վատացավ: Քաղաքական ճգնաժամի հետ մեկտեղ խորանում էր նաև տնտեսական ճգնաժամը: Գյուղացիները, որոնց ակնկալիքները չէին արդարանում, դուրս էին գալիս փողոցներ: Իշխանություններն ամեն կերպ ձգտում էին խուսափել լայնամասշտաբ բողոքի միջոցառումներից: Այդ իսկ պատճառով բողոքող քաղաքացիների մի շարք պահանջներ ի կատար ածվեցին: Օրինակ, ընդունվեց 8-ժամյա աշխատանքային ռեժիմ: Այնուամեյնաիվ, նույնիսկ այդպիսի քաղաքականությունը չթեթևացրեց իրավիճակը: Հունիս ամսին տեղի ունեցավ «Համառուսաստանյան խորհուրդների գյուղացիների և աշխատավորների առաջին համագումարը», որի ընթացքում խոսք հնչեց, որ առկա քաղաքական ուժերից ոչ մեկը չի կարող իշխանություն վերցնել: Այդ պահին Լենինն իր տեղից բացականչեց, որ բոլշևիկները պատրաստ են ամբողջապես իշխանությունն իրենց ձեռքը վերցնել: Այդ ժամանակ ռազմաճակատում ռուսներն անցել էին հարձակման: Սկզբնական հաջողություններ գրանցելով, այնուամենայնիվ, ամսվա վերջին ռուսները գլխովին ջախջախվեցին: Բանակը վերջնականապես կազմալուծվեց: Զինվորները թողնում էին խրամատները և փախնում:

Հուլիս ամսին իրավիճակն էլ ավելի սրվեց: Ստեղծված ճգնաժամին գումարվեց ռազմաճակատում կրած դառը պարտությունը: Հուլիս ամսվա սկզբին զանգվածային միջոցառումներ սկսեցին Պետրոգրադում: Լենինն այդ օրերին մտորում էր իշխանություն վերցնելու մասին: Սակայն, վերջիվերջո, հանգեց այն եզրակացության, որ դեռ ժամանակը չէ, քանի որ զինվորական հրամանատարությունից դեռ ոչ բոլորն էին իրենց հետ:

Հուլիսի 5-ին զինված բախումներ սկսվեցին Պետրոգրադում: Իշխանությունն արտակարգ դրություն մտցրեց: Այդ օրվա բախումների ժամանակ 700-ից ավել մարդ սպանվեց: Ցույցերը ցրվեցին, իսկ բոլշևիկների կողմն անցած զինվորները զինաթափվեցին: Բոլշևիկները հրաժարվեցին պատասխանատվություն կրել հրահրված բախումների համար՝ պնդելով, որ ցույցերի կազմակերպման գործում որևէ առնչություն չեն ունեցել: Բնականաբար, դա սուտ էր: Իշխանությունը սկսեց զանգվածային ձերբակալություններ իրականացնել: Լենինը ստիպված ընդհատակ անցավ, իսկ հետո մեկնեց Ֆինլանդիա: Ռուսաստանում իշխանության եկավ երկրորդ կառավարական կաբինետը՝ Կերենսկու գլխավորությամբ: Զինվորական հրամանատար նշանակվեց գեներալ Կառնիլովը, ով բավականին կտրուկ միջոցներով կարողացավ վերացնել դասալքության դեպքերը: Գեներալի հեղինակությունն օր օրի աճում էր, ինչն անհանգստացնում էր լիբերալ հայացքներ ունեցող իշխանություններին:

Կառնիլովը Կերենսկու հետ հանդիպումների ժամանակ նշում էր, որ խստությունը պետք է լինի ոչ միայն բանակում, այլև ամբողջ երկրում: Կերենսկին սկզբում համաձայնվեց: Հետագայում հասկացավ, որ գեներալը ռազմական հեղաշրջման մտքեր ունի: Ժողովրդավարությունը լրջագույն վտանգի առջև էր կանգնել: Կերենսկին պաշտոնանկ արեց ապստամբ գեներալին: Գեներալն իր հերթին մայրաքաղաք ուղարկեց գեներալ Կրիմովի դիվիզիան: Բանակցությունների միջոցով հնարավոր եղավ խուսափել բախումներից, իսկ գեներալ Կրիմովը Կերենսկու հետ զրույցից հետո ինքնասպան եղավ:

Իշխանություններն այդ ժամանակ կոպտագույն սխալ թույլ տվեցին: Նրանք Կառնիլովի և Կրիմովի զորամիավորումներին դիմագրավելու նպատակով բանտերից ազատ արձակեցին հուլիսին ձերբակալված բոլշևիկներին: Բոլշևիկները, բնականաբար, առիթից օգտվեցին: Նրանց դիրքերն ամրացան: Սեպտեմբերին Կերենսկին Ռուսաստանն անվանեց հանրապետություն: Ավելին, Կերենսկու գլխավորությամբ ձևավորվեց վերջին ամիսների արդեն երրորդ կառավարությունը: Այնուամենայնիվ, իշխանությունների օրերը հաշված էին: Պետրոգրադում բոլշևիկները Տրոցկու գլխավորությամբ ռազմական ապստամբություն էին պատրաստում: Հոկտեմբերի սկզբին Լենինը վերադառնում է Պետրոգրադ: Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ստեղծվեց «Ռազմահեղափոխական կոմիտե»: Կոմիտեին հասանելի էին բոլոր զորամասերը: Բոլշևիկները զորամասեր ուղարկեցին իրենց ներկայացուցիչներին, ովքեր հրամանատարների հետ բանակցություններում կարողացան հասնել համաձայնության այն հարցի շուրջ, որ զորքը չի ենթարկվի իշխանության հրամաններին: Միաժամանակ մեկ այլ խումբ բանակցում էր շրջանային ղեկավարների և զինվորական գեներալների հետ՝ պնդելով, որ ապստամբության մասին տարածվող խոսակցությունները կեղծիք են:

Հոկտեմբերի 25-ին սկսվեց ապստամբությունը: Կարճ ժամանակվա ընթացքում գրավվեցին քաղաքի բոլոր ռազմավարական օբյեկտները: Հոկտեմբերի 26-ի գիշերը ժամը 2-ին գրոհով վերահսկողության տակ վերցվեց Ձմեռային պալատը: Ձերբակալվեց կառավարության կազմը: Իշխանության գլուխ եկան բոլշևիկները, որոնք Լենինի գլխավորությամբ անմիջապես սկսեցին բռնաճնշումներ իրականացնել իրենց քաղաքական հակառակորդների հանդեպ: 1917թ. նոյեմբերի 24-ին «Ժողովրդական կոմիսարների խորհուրդ»-ն օրենք ընդունեց դատարանի մասին: Ըստ այդ օրենքի՝ ստեղծվում էին «Հեղափոխական տրիբունալներ» քաղաքական հակառակորդների կամ, ինչպես իրենք էին ասում, հակահեղափոխական տարրերի նկատմամբ: Սկսվեց բռնաճնշումների և նրանց կողմից հրահրված քաղաքացիական պատերազմի փուլը: Լենինն այդ ժամանակ զբաղեցնում էր Ռուսաստանյան ժողովրդական կոմիսարների խորհուրդի ղեկավարի պաշտոնը: Հետագայում նույն պաշտոնը զբաղեցրեց արդեն ԽՍՀՄ կազմավորումից հետո:

1917թ. դեկտեմբերին ստեղծվեց բոլշևիկյան ամենասարսափելի պատժիչ մարմիններից մեկը՝ «Հակահեղափոխականության դեմ պայքարի համառուսաստանյան արտակարգ կոմիտեն», որի ղեկավարը տխրահռչակ Ֆելիքս Ձերժինսկին էր: 1918թ. հունվար ամսին Լենինը ստորագրեց դեկրետ, որի համաձայն՝ ստեղծվում էր Կարմիր բանակը: Միաժամանակ ակտիվ աշխատանքներ սկսեցին տարվել պատերազմից դուրս գալու ուղղությամբ: 1918թ. մարտի 3-ին Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Օսմանյան Կայսրության և Բուլղարական թագավորության հետ կնքվեց Բրեստ Լիտովսկիի հաշտության պայմանագիրը: Պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը հսկայական տարածքներ էր կորցնում արևմուտքում և Կովկասում: Փաստացի, Լենինը կարողացավ անել այն, ինչի համար նա ֆինանսավորվում էր գերմանական կառավարության կողմից: Դրանով Լենինը քարտ բլանշ ստացավ իր իշխանությունը ամրապնդելու և քաղաքական հակառակորդներին վերացնելու համար:

1918թ. սեպտեմբերի 5-ին «Կարմիր տեռորի» մասին դեկրետն ընդունվեց: «Կարմիր տեռորի» գաղափարական հիմքը տալիս էր Լենինը, ով ցիտում էր Կարլ Մարքսի այն միտքը, որ նոր հասարակարգի ձևավորման տանջանքները կարելի է թեթևացնել հեղափոխական տեռորով: Լենինը նշում էր, որ բարոյականությունը կեղծ կատեգորիա է, և բարոյական է այն ամենն ինչ օգտակար է հեղափոխության համար: Դեկրետի համաձայն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդը, լսելով «Հակահեղափոխականության դեմ պայքարի համառուսաստանյան կոմիտեի» անդամների զեկույցը քաղաքական հակառակորդներին ոչնչացնելու համատեքստում, ընդունեց, որ գործը հաջողությամբ ավարտելու համար տեռորն անհրաժեշտություն է:

«Կարմիր տեռորը» մարմնավորող ամենասարսափելի դեմքերից էին Լենինը, Ձերժինսկին, Յակով Սվերդլովը: Խոշոր քաղաքներում, Պետրոգրադում, Մոսկվայում յուրաքանչյուր օր գնդակահարվում էր 400-500 մարդ: Շատ դեպքերում պատժիչ զորաջոկատները գերակատարում էին օրվա պլանը: Բոլշևիկների թիրախում էին գյուղացիները, ովքեր չէին ենթարկվում նրանց սահմանած տնտեսական քաղաքականությունը և ընդվզումներ էին կազմակերպում, եկեղեցին և, բնականաբար, զինվորականությունը, որի մի մասը զենքը ձեռքին կռվում էր բոլշևիկյան գազանությունների դեմ: Բոլշևիկյան գազանությունները, ինչպես նշվեց, կատարվում էին «Հեղափոխական տրիբունալների» միջոցով, որոնք, ժամանակակիցների վկայությամբ, ուղղակիորեն մեկը մյուսի հետևից գնդակահարության քվոտաներ էին տալիս պատժիչ այլ մարմիններին:

1918թ. հուլիս ամսին իր ընտանիքի հետ միասին գնդակահարվեց Նիկոլայ Երկրորդը: Եկեղեցական շրջանակներում բռնաճնշումները կրում էին ֆիզիկական ոչնչացման բնույթ: Քանդվում էին եկեղեցիները, իսկ վանքերը վերածվում հոգևորականների մահապատիժների վայր: Զոհված հոգևորականների թիվը, տարբեր տվյալներով, հասնում էր մի քանի հարյուր հազարի: Ձերժինկսին իր նամակներից մեկում գրում էր, որ եկեղեցին կազմալուծվում է, ինչը բավականին կարևոր է: Այդ իսկ պատճառով եկեղեցու կազմալուծումը պետք է անի «Հակահեղափոխականության դեմ պայքարի համառուսաստանյան արտակարգ կոմիտեն»: Նրանք պետք է շեշտը դնեն ոչ թե կրոնի, այլ կոմունիզմի վրա: Հատկանշական է 1918թ. Պենզայի կորպուսին ուղղված Լենինի նամակներից մեկը, որտեղ նա նշում է, որ հարկավոր է անխնա տեռոր իրականացնել կուլակների սպիտակ գվարդիականների հանդեպ և նրանց բոլորին տեղավորել քաղաքից դուրս գտնվող համակենտրոնացման ճամբարում: Հարկ է նշել, որ այդ ժամանակ Խորհրդային Ռուսաստանում սկսել էին գործել առաջին համակենտրոնացման ճամբարները: Առաջին ճամբարներից մեկն Արխանգելսկի մոտակայքում գտնվող Մուդյուգ կղզու համակենտրոնացման ճամբարն էր: Այդ շրջանում մասսայական գնդակահարություններ էին սկսվել նաև Ղրիմում: Տարբեր տվյալներով՝ բոլշևիկների գազանությունների զոհ էր դարձել 100 հազարից ավելի մարդ:

Ընդհանուր առմամբ, տարբեր պատմաբանների, օրինակ՝ Ս. Վոլկովի տվյալներով, «Կարմիր տեռորի» զոհերի թիվը, այդ թվում նաև գնդակահարվածները, համակենտրոնացման ճամբարներում «Ռազմական կոմունիզմի» տնտեսական քաղաքականության հետևանքով սովամահ լինող գյուղացիները, կազմեց ավելի քան 2 միլիոն մարդ: Գեներալ Դենիկինի ստեղծած հանձնաժողովի տվյալներով՝ զոհերի թիվը կազմում էր 1.7 միլիոն մարդ: Այդ հանձնաժողովի հետաքննություններից մեկում ասվում է. «….1918թ. հոկտեմբերի 18-ին բոլոր պատանդներին տարան արտակարգ իրավիճակների կոմիտե՝ Կարապետյանցի տուն: Նրանք ձեռքերը կապում էին մետաղալարերով: Հետագայում նրանց ոտքով տանում էին քաղաքային գերեզմանոց, որտեղ արդեն իսկ նախօրոք փորված էին փոսերը: Զինվորները հրամայում էին նրանց մերկանալ: Սկսվեց ջարդ: Մարդկանց կացնահարում էին փոսերի մոտ: Դահիճները հրամայում էին ծնկի գալ և պարզել պարանոցները: Յուրաքանչյուր պատանդին հարվածում էին մի քանի անգամ: Շատերը ձայներ էին արձակում, սակայն հիմնական մասը մահացավ լուռ: Առավոտյան գերեզմանափորները թաղեցին նրանց: Մոտակայքում արյան հետքեր և մարդկանց ոսկորների կտորներ էին շպրտված…»: «…Մարտ ամսին Աստրախանում տեղի էր ունեցել 10 հազարանոց խաղաղ հավաք: Հավաքը ցրելու ընթացքում սպանվել էր ավելի քան 2000 մարդ»: Տեսնելով «Ռազմական կոմունիզմի» չափից դուրս սարսափելի հետևանքները՝ բոլշևիկները 1921 թվականին հրաժարվեցին դրանից: Անցում կատարվեց ՆԷՊ-ին (Նովայա Էկոնոմիչեսկայա Պոլիտիկա-Նոր տնտեսական քաղաքականություն): Այս մոդելը փոքր-ինչ թույլատրում էր իրականացնել ազատ շուկայական հարաբերություններ: Իրավիճակը փոքր-ինչ լավացավ: Սակայն ՆԷՊ-ը կարճ կյանք ունեցավ: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա պետք է նշել, որ 1919-20 թթ. բոլշևիկներն արդեն իսկ կարողացան քաղաքացիական կռիվներում կշեռքի նժարը թեքել իրենց կողմը: Նրանց գլխավոր հակառակորդ գեներել Դենիկինը զիջում էր դիրքերը: Քաղաքացիական կռիվներում հաղթելուց հետո բոլշևիկները սկսեցին նախկին կայսրության տարածքների վերականգման գործընթացը: Հարվածի տակ հայտնվեցին բոլոր այն երկրները, ովքեր ցարիզմի անկումից հետո կարողացել էին պոկվել և անկախանալ: Այդ երկրների անկախությունը բավականին կարճ տևեց:

Արդեն 1922թ. դեկտեմբերի 30-ին ստեղծվեց մի նոր պետություն, որը պատմության մեջ հայտնի դարձավ ԽՍՀՄ անվանումով: Այս պետության հիմնադիրը և առաջին ղեկավարը դարձավ Լենինը: Այնուամենայնիվ, Լենինը երկար ժամանակ չմնաց ԽՍՀՄ ղեկավարի դերում, քանի որ 1924թ. հունվարի 21-ին մահացավ հիվանդության պատճառով:

Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել