Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Nissan March մակնիշի 35 FR 708 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Մամա Ֆլորա»-ի հարևանությամբ, բախվել է էլեկտրասյանն ու դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։

Այս պահին նշված տարածքում ծառայություն են կատարում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 2-րդ վաշտի աշխատակիցները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Հարություն Մանթաշյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական և Անուշ Մանթաշյանի անվամբ ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել