Մայրության և գեղեցկության տոնի առթիվ BlogNews.am-ը ընտանեկան ֆոտոշարք է արել հայկական հեռուստաեթերի ամենասիրված դեմքերից մեկի՝ դերասանուհի և հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանի հետ: Կանացի երջանկության, ճակատագրի անակնկալների, ամուսնու և երեք երեխաների հետ հարաբերությունների ու կանացի այլ թեմաների շուրջ լսել ենք նաև Անահիտի խորհրդածությունները, որոնք սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողի ուշադրությանը.

IMG_7276 copy

Առաջնահերթ՝ կնոջ երջանկությունը մայրությունն է: Բնությունից է դա տրվում կնոջը, այսինքն՝ հենց ծնվելու պահին աղջիկն արդեն ապագա մայր է: Ու լիակատար երջանկությունը կնոջ համար գալիս է այն ժամանակ, երբ կա սերն ու դրանից ծնված պտուղը: Կինը նաև երջանիկ է, երբ ինքնաբավ է: Սա շատ կարևոր հատկանիշ է, ու սովորաբար այն կրող կինը ինքնավստահ է ու լիարժեք:

IMG_7291 copy

Ոչինչ միանշանակ չէ: Ամեն անգամ երջանկության թեմայից խոսելիս գալիս եմ մի մտքի՝ «երջանկություն» ասվածը շատ անհատական հասկացություն է. ամեն մարդ նրա մասին իր պատկերացումն ունի ու հետևաբար երջանիկ է այն ժամանակ, երբ այդ պատկերացումներն ու իրականությունը համընկնում են:

IMG_7296 copy

«Կա՛մ աշխատանք, կա՛մ ընտանիք. երկուսը միասին հնարավոր չէ»: Չկա նման բան, սա շատ թյուր պատկերացում է: Կարծում եմ՝ այս միքտը նրա համար է, որ յուրաքանչյուր կին իր օրինակով փորձի հերքել այն: Պարզապես պետք է ամեն ինչ ճիշտ հավասարակշռել, ճիշտ կողմնորոշվել՝ այդ պահին շատ ավելի ընտանիքո՞ւմ ես  անփոխարինելի, թե՞ աշխատավայրում: Իմ պարագայում բախտս բերել է, որովհետև ամուսինս ընդունում է իմ այս տեսակետը: Լինում են օրեր, երբ զգում եմ, որ թերացել եմ ընտանքում, սակայն ինձ հասկանում են, որովհետև աշխատանքի մեջ պրոֆեսիոնալ չլինել չեմ կարող. այ, այնտեղ դա ինձ չի ների ո՛չ հեռուստադիտողը, ոչ էլ մասնագիտությունս:

IMG_7335 copy

Ընտանիքում բոլորը պետք է միմյանց հետ ազնիվ լինեն: Չեմ ընդունում, նույնիսկ, երբ երեխաներին են խաբում: Ամեն ինչում պետք է նախընտրել ճիշտը, անգամ եթե կարծում ես, որ սուտն ավելի հեշտ կլուծի իրավիճակը: Երեխաներին չի կարելի մեծացնել իլյուզիաներով: Անգամ «ամենամեծական» թեմաների շուրջ կարելի է խոսել երեխայի հետ՝ սինթեզելով, վերաձևակերպելով ասելիքդ, որպեսզի հետագայում իրականությանը բախվելը նրա համար վատ «անակնկալ» չլինի, սակայն պետք է դա անել այնպես, որ երեխան չկորցնի իր հեքիաթը, երեխա մնա մինչ այն պահը, երբ արդեն ինքնուրույն կփորձի տարբերել լավն ու վատը:

IMG_7350 copy

Երեխային հրամաններ ու քարոզներ պետք չեն, երեխային պետք է դաստիարակել՝ նրան լավ օրինակ ծառայելով: Ինչ էլ դու խոսքերով փորձես սովորեցնել երեխային, սուտ էֆեկտի կբերի, որովհետև, ինչ էլ որ դու ասես երեխային, արդյունքում նա անելու է այն, ինչ անում և ոչ թե ասում է իր ծնողը:

IMG_7376 copy

Իմ աղջիկների հետ ես հանդիպեցի, երբ նրանք ութ և ինը տարեկան էինՄեծ աղջիկս արդեն 15 տարեկան է, փոքր աղջիկս՝ 14, իսկ տղաս՝ 4: Աղջիկների հետ ես ավելի շատ ընկեր եմ: Ինձ այդ տարիքում հիշում եմ, որ շատ թեմաների մասին մորս հետ չէի կիսվում: Դրա համար ամենասկզբից այնպես եմ արել, որ աղջիկների հետ նման խնդիրներ չլինեն: Ամեն ինչ գիտեմ նրանց մասին, որովհետև ինձ հետ կիսվում են ցանկացած թեմայով: Չեմ ուզում շատ ծավալվել այս թեմայի շուրջ, ուղղակի ուզում եմ ասել, որ մեր ընտանիքում առաջին իսկ րոպեից ներդաշնակություն է եղել:

IMG_7383 copy

Ինձ երբեմն թվում է, թե Հայկին աղջիկներն ավելի շատ են սիրում, քան ես: Քույրերի փայփայանքի ու գուրգուրանքի մեջ է մեծանում Հայկը: Մեծ աղջիկս՝ Լաուրան, բուֆետի իր ամբողջ գումարը եղբոր վրա է ծախսում՝  նվերներ, խաղալիք, անակնկալներ: Իսկ փոքր աղջիկս Հայկի ընկերն է. միասին խաղում են, կռվում, թափում, հավաքում: Առանց քույրերի Հայկը մի համեղ կտոր չի ուտի: Ֆասթ-ֆուդի համար խելքները գնում է, ու որպեսզի և՛ չչարաշահեն, և՛ «աչքները մեջը չմնա», ամսվա մեջ ունենք ֆասթ-ֆուդի օր: Աղջիկներս էլ, Հայկս էլ, ամուսինս էլ իմ օգնականներն են թե՛ տան գործերում, թե՛ խոհանոցում:

IMG_7407 copy

Վեճերի ժամանակ շատ էմոցիոնալ եմ: Բայց ամեն անգամ ինձ փրկում է մեկուսանալու իմ կարողությունը: Առանձնանում եմ, ամեն ինչ վերլուծում իմ մեջ ու հասկանում, որ չափն անցել եմ: Որքան արագ բռնկվող, այնքան էլ արագ սխալս հասկացող եմ ու երբեք չեմ հապաղում առաջինը ներողություն խնդրել կամ արդարանալ: Հպարտությունը, գոռոզությունն ընտանիքում տեղ չունեն:

 IMG_7458 copy

Ամուսնուցս շատ բան եմ սովորել: Իմպուլսիվ եմ, զգացմունքային: Առաջ շատ էի կարևորում ցանկացած կարծիք: Սակայն ամուսինս ինձ շատ փոխեց: Նրա հետ հասկացա, որ մարդը չի կարող բոլորի համար լավը լինել կամ բոլորի համար լինել միայն վատը: Կարևորն այն է, որ քո հարազատների, կյանքումդ եղած կարևոր մարդկանց համար դու լինես այնպիսին, ինչպիսին որ ուզում ես՝ քեզ ընկալեն: Իսկ մնացածը՝ որքան մարդ, այնքան կարծիք:  Նաև սովորեցրել է ինձ շատ լավ ընկեր լինել իր հետ: Անկեղծ որ ասեմ՝ Արտակն իմ ամենամտերիմ ընկերն է: Սիրում են, չէ՞, աղջիկները հավաքվել, կիսվել իրար հետ ընտանեկան խնդիրներով, պատմել ամուսինների մասին: Ես դրա կարիքը չունեմ, որովհետև ես նրա հետ այնքան եմ կիսվում, որ իմ մոտ հարցականներ երբեք չեն լինում: 

IMG_7613 copy

Սիրում եմ արվեստի ամեն ճյուղը: Այդպիսի մարդ եմ, սիրում եմ անընդհատ ուսումնասիրել, փորձարկել: Երգեր էլ եմ գրում: Ամուսնուս եմ երգ նվիրել, քանի որ շատ էի ուզում մեր ամուսության օրը նրա համար անակնկալ անել: Երգը ցույց տվեցի իմ սիրելի Գիսանե Պալյանին, ասաց, որ լավ է, ու գործիքավորումն էլ հենց նա արեց: Կիթառ եմ նվագում. երգն ու երաժշտությունը իմ կյանքում անփոխարինելի տեղ ունեն:

IMG_7620 copy

Առավոտյան օրը լավ սկսելու գաղտնիքը: Ուր էլ լինենք ողջ օրվա ընթացքում, հնարավոր է՝ մինչև ուշ երեկո չհանդիպենք, բայց վաղ առավոտյան երկուսով միասին սուրճ ըմպելը ինձ ու ամուսնուս համար պարտադիր է:

IMG_7623 copy

Մի անգամ Եգիպտոսում: Ես ու Արտակը վիճեցինք, Արտակը հեռացավ ու միայն այդ ժամանակ նկատեցի, որ որդիս՝ Հայկը, լսել է մեր վեճը: Նայում եմ՝ երեխան գլուխը կախ, բարկացած նստած է: Հարցնում եմ՝ «ի՞նչ է եղել, Հայկ», պատասխանում է. «Բա հիմա ես ի՞նչ եմ անելու, որ դու ու պապան կռվել եք»: Ասացի՝ «Գնա ու պապայի ձեռքից բռնի, ասա՝ թող գա»: Հոր ձեռքը բռնած հետ եկավ: Մեր ձեռքերն իրար միացրեց ու ամբողջ օրը հետևում էր իմ ու Արտակի շփումներին: Հաջորդ օրը հարցնում եմ. «Հայկ, գնա՞նք երեկվա կարուսելների մոտ՝ խաղաս», «Չէ, մամա, եթե դա էն կարուսելնա, որտեղ դու ու պապան կռվել եք, չեմ ուզում»: Թեթև վեճ էր, բայց որքան ծանր տարավ: Երբեք չեմ մոռանա այդ դեպքը:

IMG_7634 copy

Խորհուրդներ պետք է տալ միայն այն մարդուն, ով դիմում է քեզ այդ հարցով: Կան մարդիկ, ովքեր իրենց պարտքն են համարում ուղղություն տալ դիմացինին, կյանք բացատրել նրան, ցուցումներ տալ՝ ինչ և ոնց անել այն դեպքում, երբ դու դրա կարիքը չունես կամ էլ դու հենց ա՛յդ մարդու խորհրդի կարիքը չունես:

IMG_7472 copy

Ուզում եմ, որ մարդիկ ապրեն իրական կյանքում, այլ ոչ թե համացանցում: Համացանցը շատ լավ բան է, եթե գիտես՝ ինչպես օգտվել նրանից այնպես, որ ոչ թե նա, այլ դու նրան օգտագործես: Իմ աղջիկներն էլ են հաճախ լինում իրենց սոցէջերում: Սակայն դա սահմանափակ է: Կյանքն այնպիսին է, որ չես կարող երեխայի առաջ դնել արգելքներ՝ կարծելով, թե դրանով նրան պաշտպանում ես: Սակայն ամեն ինչի վրա ծնողի աննկատ վերահսկողությունը պետք է լինի: Մեր ընտանիքում երեկոյան կինոդիտումներ կազմակերպելու ավանդույթ կա: Ընտրում ենք ֆիլմ, որը բոլորին հետաքրքիր կլինի, ու ֆիլմի ընթացքում բոլորս իրար հետ շփվում ենք, պատմում մեր անցած օրվա մասին, ֆիլմի ընթացքում որևէ համեղ բան ենք համտեսում, ֆիլմի կեսից մեկը պարտադիր քնում է, ու ֆիլմից այդպես էլ ոչինչ չհասկանալով՝ ես, այնուամենայնիվ, ինձ այնքան բավարարված եմ զգում այդ պահին: Չգիտեմ՝ ուրիշների համար ինչպես, բայց իմ պատկերացումներում հենց սա էլ երջանկություն կոչվածն է:

IMG_7518 copyIMG_7521 copyIMG_7534 copyIMG_7599 copyIMG_7603 copyIMG_7608 copy

IMG_7387 copy

IMG_7410 copy

IMG_7422 copy

Զրույցը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել