Image result for химическая атакаԱյս օրերին միջազգային հանրության, համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում կրկին Սիրիան է. պատճառն՝ ապրիլի 4-ի առավոտյան երկրի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգի Խան Շայխուն քաղաքի վրա սիրիական կառավարական օդուժի կողմից իրականացված ավիահարվածներն են և դրա հետևանքով մի քանի հարյուր զոհերն ու վիրավորները՝ մեծամասամբ թունավոր գազերի ազդեցությունից: Ստեղծված իրավիճակը, ինչպես բազմիցս այս հակամարտության շրջանակներում հերթական անգամ պատճառ դարձավ դրա քաղաքական և քարոզչական բաղադրիչների ակտիվացման՝ փոխադարձ մեղադրանքներ սիրիական իշխանությունների և ընդդիմադիրների, ինչպես նաև՝ հակամարտ կողմերի արտաքին հովանավորների միջև, որին լծվեցին նաև կողմերին հարող քարոզչամիջոցները, ապրիլի 5-ին, խնդրի հետ կապված, անգամ գումարվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստ:

Իսկ բանն այն է, որ տարաբնույթ ընդդիմադիր խմբավորումները կառավարական օդուժին մեղադրում են քիմիական բաղադրիչներ պարունակող հրթիռներով իրենց վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերի հրթիռակոծման մեջ: Դրան ի պատասխան՝ սիրիական իշխանությունները հայտարարում են, որ ավիահարվածներն իրականացվել են հակառակորդի մարտական դիրքերի և զինապահեստների ուղղությամբ, որտեղ եղել են նաև քիմիական զենքի արտադրամասեր, և դրանց պայթունի հետևանքով է տեղի ունեցել զանգվածային թունավորումը. երկու վարկածներն էլ, անշուշտ, մոտ են ճշմարտությանը և, ըստ էության, չեն բացառվում:

Մինչդեռ, գուցե երբեք էլ չպարզվի՝ որ կողմն է իրականում ստում, անգամ այն պարագայում, երբ Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպության մասնագետներն իրականացնեն համապատասխան հետաքննությունը, որի մանդատը կառույցին արդեն իսկ տրվել է, ինչը նաև բնական է նման բնույթի հակամարտային իրավիճակների պարագայում:

Թերևս, վերոնշյալ խնդրի վերաբերյալ որոշակի պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է հասկանալ՝ ում են ձեռնտու սիրիական հիմնախնդրի շրջանակներում նման զարգացումները: Սիրիական հակամարտության հերթական շրջափուլում, որը աչքի է ընկնում կառավարական ուժերի հարաբերական հաջողություններով և՛ երկրի ներսում, և՛ միջազգային հանրության շրջանում, ինչպես նաև՝ սիրիական գործող իշխանությունների հանդեպ արտաքին դիրքորոշումների շրջադարձային փոփոխություններով, պարզ է, որ Բաշար ալ-Ասադը հազիվ թե գնար նման արկածախնդրության՝ կրկին իր դեմ տրամադրելով ողջ քաղաքակիրթ մարդկությանը: Այս համատեքստում հատկապես պետք է հաշվի առնել նաև այն իրողությունը, որ դեռևս 2013թ. նոյեմբերին ռուս-ամերիկյան միջնորդությամբ սիրիական իշխանությունները պարտավորվել էին քիմիական զենքի ողջ արսենալը հանձնել համապատասխան միջազգային կազմակերպության տնօրինությանը. հետևաբար, նման գործողություններն ուղղակիորեն կարող են փաստել, որ պաշտոնական Դամասկոսն ամբողջությամբ չի իրականացրել իրեն վերապահված միջազգային պարտավորությունները:
Միևնույն ժամանակ, անգամ վերոնշյալը հիմք ընդունելով, այնուամենայնիվ, չի կարելի բացառել նաև այն տարբերակը, որ ավիահարվածներն իրականացվել են կառավարական օդուժի կողմից, բայց առանց բարձրագույն իշխանությունների իմացության:

Մինչդեռ, ի տարբերություն վարչակարգի, ստեղծված իրավիճակը բավական ձեռնտու է ընդդիմադիրներին և նրանց արտաքին հովանավորներին: Բանն այն է, որ սիրիական ռազմադաշտում պարբերաբար կրած անհաջողությունների, միջազգային տարաբնույթ հարթակներում՝ Աստանայում, Ժնևում սեփական նպատակների ձախողման պարագայում միանշանակորեն հակակառավարական ուժերի շահերից է բխում միջազգային հանրության նման կտրուկ և մեղադրական արձագանքներն՝ ընդդեմ սիրիական կառավարության և նրա արտաքին հովանավորների՝ Ռուսաստանի ու Իրանի: Ի դեպ, զարգացումների նման ընթացքն ուղղակիորեն բխում է նաև ընդդիմադիրների որոշ արտաքին հովանավորների, հատկապես՝ Պարսից ծոցի արաբական միապետությունների շահերից, որոնք էական ներդրում ունենալով սիրիական հակամարտության մեջ, այնուամենայնիվ, հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում դուրս էին մնացել սիրիական գործընթացներից՝ առավելությունը զիջելով Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային:

Վերոնշյալի համատեքստում կարելի է կանխատեսել, որ իրավիճակը սիրիական հակամարտության շուրջ կրկին սրվելու է: Բայց նաև, հաշվի առնելով արտաքին դերակատարների և հատկապես հիմնախնդրի հետ կապված գերտերությունների դիրքորոշումներում առկա որոշակի անհստակությունների իրողությունը, ի տարբերություն 2013թ., հազիվ թե ճգնաժամն այնքան խորանա՝ պարունակելով նաև գլոբալ բախման հնարավորություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել