ԵՄ-ը որպես ռուսական գազին այլընտրանք դիտարկում է նաև Մերձավոր Արևելքից նոր ուղիներով մատակարարումների հնարավորությունը:
Մասնավորապես՝ ապրիլի 3-ին Հրեական պետության մայրաքաղաք Թել Ավիվում բազմակողմ համաձայանգիր է ստորագրվել Իսրայելի, Կիպրոսի, Հունաստանի, Իտալիայի էներգետիկայի նախարարների, ինչպես նաև՝ ԵՄ-ի ներկայացուցչի մասնակցությամբ՝ աշխարհում ամենաերկար և ամենախորը ստորջրյա գազամուղի շինարարության աշխատանքները սկսելու վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ՝ 6-7 մլրդ դոլար արժողությամբ, շուրջ 1300 կմ երկարությամբ Միջերկրական ծովի հատակով անցկացվելիք խողովակաշարի միջոցով իսրայելական և կիպրական գազը հասնելու է նախ Հունաստան, ապա՝ Իտալիա և այլ եվրոպական երկրներ:

Այս ծրագրի արդյունավետ իրագործումը հնարավորություն է ընձեռելու ԵՄ-ին նվազեցնելու կախվածությունը հիմնականում Nord Stream գազամուղի միջոցով ստացվող ռուսական գազից։
Աս համատեքստում, բավական ուշագրավ է, թե ինչպիսի ազդեցություն կունենա վերոնշյալ «գործարքը» հատկապես Մոսկվա-Թել Ավիվ հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով մի կողմից Ռուսաստանի և ԵՄ-ի միջև առկա տարաբնույթ հակասությունների իրողությունը, մյուս կողմից՝ տրամագծորեն այլ՝ բավական բարձր որակի ռուս-իսրայելական հարաբերություններն՝ առնվազն վերջին 2 տարիների կտրվածքով:

Միևնույն ժամանակ, փորձագիտական տարբեր գնահատականների համաձայն՝ հազիվ 2025թ. շուտ կողմերին հաջողվի ավարտին հասցնել վերոնշյալ խողովակաշարի կառուցումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել