«Արմենիա Պրեմիում»-ի եթերում այսօր երեկոյան մեկնարկում է «Չեյնջ» սիթքոմի նոր եթերաշրջանը: Իրավիճակային կատակերգությունում փոփոխություններ են եղել. ավարտվել են կերպարային մի քանի գծեր, փոխարենը նոր կերպարներ են հայտնվել, իսկ Հովհաննես Ազոյանի կերտած կերպարներին ավելացել է ևս մեկը:

Սիթքոմի նոր եթերաշրջանի նկարահանումներին ներկա է եղել նաև BlogNews.am-ն ու զրուցել դերասանական կազմի հետ:

Սիթքոմի գլխավոր դերակատար Հովհաննես Ազոյանն ասում է, որ սցենարիստները շատ հետաքրքիր աշխատանք են կատարել, քանի որ նախորդ եթերաշրջանի գլխավոր ինտրիգի բացահայտմանը զուգահեռ ստեղծել են նոր, ոչ պակաս ինտրիգային դրվագներ. «Վիրաբը կկորցնի հիշողությունն, ու նրան կասեն, որ նա ոչ թե Վիրաբն է, այլ Մարսելը: Ու Վիրաբը պետք է խաղա Մարսելի դերը: Ինձ համար շատ հետաքրքիր ու նաև էքսպերիմենտի նման մի բան է միաժամանակ տարբեր դերեր մարմնավորելը: Բարդ է այն առումով, որ մի կերպարից մյուսին անցնելն ու նորից վերադառնալն այնքան էլ հեշտ չէ, շփոթվելու հավանականություն կա»։

 

«Նոր եռանդով ու շատ անհամբեր էինք սպասում նոր եթերաշրջանի նկարահանումների մեկնարկին: Ասեմ, որ հեռուստադիտողին հետաքրքիր ու նոր իրադարձություններ են սպասվում։ Բացի ստեղծագործական լավ միջավայրից՝ ուզում եմ առանձնահատուկ նշել ստեղծագործական խմբի ներսում եղած հրաշալի փոխհարաբերությունների մասին: Հավատացեք, քիչ է լինում, երբ նախագծի ավարտից հետո դերասանը այդքան կարոտում է թիմը, աշխատանքային պրոցեսը: «Չեյնջը» հենց այդ դեպքերից մեկն է»,- ասում է դերասան Արմեն Մարգարյանը:

  

Դերասանուհի Անի Քոչարյանը շեշտում է, որ նոր եթերաշրջանը լի է լինելու հետաքրքիր լուծումներով և ինտրիգներով. «Աղունը, ում ես մարմնավորում եմ, իշխող կին է: Հենց այսպիսի կանանց կերպարներ խաղալու առաջարկներ եմ հիմնականում ունենում, ինչը, հավանաբար, պայմանավորված է իմ արտաքինով»:

   

Ինչ վերաբերում է Մարիամ Մելիքյանի մարմնավորած կերպարին, ապա, ըստ սցենարի, նա այս եթերաշրջանում հեռուստադիտողին կներկայանա Skype միացումներով:

Ի՞նչ կլինի կերպարների հետ, կարող եք բացահայտել «Չեյնջի» նոր եթերաշրջանում՝ յուրաքանչյուր երեքշաբթի ու հինգշաբթի՝ 22:00-ին, Յուքոմ ցանցում հեռարձակվող Արմենիա Պրեմիումի եթերում:

                 

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի
լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել