Արդեն մեկ շաբաթ է՝ դերասան Ռաֆայել Երանոսյանի ինստագրամյան էջը գտնվում է ադրբեջանական հաքերների վերահսկողության տակ: Հիշեցնենք, որ մինչ այդ նույն ճակատագրին էր արժանացել նաև երգիչ Էրիկի ինստագրամյան էջը: Երկու էջերն էլ մինչ օրս չի հաջողվել վերականգնել: Նշենք, որ ինստագրամյան էջի հետ մեկտեղ Ռաֆայելը կորցրել է նաև իր ֆեյսբուքյան էջի վերահսկողությունը, քանի որ երկու սոցէջերը փոխկապակցված են եղել: Ի՞նչ միջոցներ է ձեռնարկել դերասանը իր ֆեյսբուքյան և Ինստագրամի օգտահաշիվները վերականգնելու համար և արդյոք դիմե՞լ է իրավապահներին այս խնդրով. հարցերի շուրջ զրուցել ենք դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ. «Ներկա պահին հույսներս դրել ենք դրսի հաքերների վրա: Ես էլ, Էրիկն էլ պատրաստվում ենք լավ պրոֆեսիոնալների վարձել, որպեսզի վերականգնենք մեր սոցէջերը»:
Այն հարցին, թե արդյոք դիմել են նրանք մեր հաքերներին, Ռաֆայելը պատասխանում է, որ իրավապահներին են դիմել, ինչպես նաև Ազգային անվտանգություն, սակայն ոչ մի արդյունք. «Իրավապահները կոնկրետ իմ հարցմանն այսպես են պատասխանել՝ «Փոխեք գաղտնաբառը»։ Դե արի ու բացատրիր, որ եթե էջս կոտրել են, ապա ես այնտեղ մուտք չունեմ ու հետևաբար ի՞նչ խոսք կարող է լինել գաղտնաբառ փոխելու մասին: Իսկ տեղական հաքերների հետ կապ չունենք, որովհետև մեր մոտ այնպես չէ, որ հաքերներին բոլորս գիտենք ու հեշտ է նրանց հետ կապի դուրս գալ, ու քանի որ մեր Ինստագրամների հետ կապված խնդիրը արդեն քննարկվել է համացանցում, ու շատերն են տեղյակ, կարծում եմ՝ մեր մասնագետներն էլ պիտի որ փորձեին ինչ-որ հարցով մեզ օգնության հասնել, որովհետև, անկեղծ եմ ասում, էստեղ ոչ թե էջ վերականգնելու, այլ ավելի լուրջ հարց է»:
Դերասանը նշում է, որ որպես աշխատանքային գործիք իրեն այդ էջերը չեն ծառայում, այսինքն՝ ինքն այդ էջերում չի տեղադրում գովազդներ, չի անում հայտարարություններ, պարզապես ունի հետևորդների մեծ թիվ, որոնց հետ պարբերաբար կիսվում է իր լուսանկարներով ու շփվում է նրանց հետ: Սակայն սոցէջերը վերականգնելու հարցում Ռաֆայելն ունի սկզբունքային դիրքորոշում, որովհետև չի կարող հանդուրժել, որ ինչ-որ մի «ադրբեջանցի պարապ լակոտ» իրեն ինքնահաստատված զգա՝ «տեսեք-տեսեք, հայ դերասանի էջ եմ կոտրել ու անում եմ այն, ինչ ուզում եմ». «Վերջիվերջո մեր էջերով ներկա պահին աշխարհով մեկ սփռված մեր հետևորդների հետ ադրբեջանցիներն են շփվում՝ մեր անունից այլանդակ նկարներ են տարածում, քաղաքական ծաղրանկարներ են տեղադրում, մարդիկ էլ կարծում են, թե մենք ենք, լայքում են», - նշում է դերասանը` ցանկություն հայտնելով, որ այս հարցին ավելի կարևոր նշանակություն տան նաև մեր իրավապահները:
Իսկ մինչ այդ ադրբեջանական հաքերները շարունակում են հայ հայտնիների օգտահաշիվների վրա իրենց գրոհն, ու հավանական է, որ, Էրիկից ու Ռաֆայելից բացի, մոտ ապագայում այս ցուցակում հայտնվեն հայ հայտնիների նոր անուններ:
Նյութը՝ BlogNews.am-ի