Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս արագաչափի սարքի մոտ Ford Transit մակնիշի 74 ZN 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և մոտ 200 մետր առաջ ընթանալով դեպի դաշտամիջյան հատված ու կողաշրջվելով՝ հայտնվել է ջրանցքում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա գտնվում է ծանր կայուն վիճակում։

Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, որից հետո հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Ժամանել է նաև ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։

Վթարի մասին ՃՈ օպերաիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել