Սկիզբը

Փաթանջալին նշում է, որ յոգան մտավոր թրթիռների, շարժումների, թափառումների կայունացումն է: Նա յոգան անվանում է Աշտանգա յոգա, որը բառացիորեն թարգմանվում է յոգա` բաղկացած ութ փուլից («աշտա»- ութ, «անգա»- վերջավորություն, ճյուղ, աստիճան):

Այսպիսով, յոգայի համակարգը բաժանված է ութ աստիճանների, որոնցից յուրաքանչյուր հաջորդը հիմնված է նախորդի վրա։ Այդ աստիճաններն են` 1. բարոյա-խրատական պատվիրաններ (Յամա), 2. ապրելակերպի կանոնակարգեր (Նյամա), 3. մարմնի որոշակի դիրքերի ամբողջության կիրառում (Ասանա), 4. շնչառական վարժությունների կիրառում (Պրանայամա), 5. հրաժարման կիրառում (Պրատյաhարա), 6. մտակենտրոնացման կիրառում (Դհարանա), 7. մեդիտացիա կամ մտախորասուզում (Դհյանա), 8. իմաստնացում (Սամադհի)։ Յուրաքանչյուր աստիճանի զարգացումը ենթադրում է անցումը հաջորդ մակարդակին։

Հաճախ յոգան անվտանգ է թվում այն բանի շնորհիվ, որ յոգայի ուսուցիչները հատուկ ուշադրություն են դարձնում այլ ուսմունքների նկատմամբ հանդուրժողական լինելու անհրաժեշտության վրա: Ըստ այդմ մեր հասարակությունը, իր մեջ դեռ ունենալով սովետական աթեիստական դաստիարակության հետևանքները, շատ հեշտ է ընդունում յոգայի ուսմունքի կողմից առաջարկվող «Աստված մեկ է բոլոր ուսմունքներում» խայծը։ Սակայն հաշվի առնելով այն փաստը, թե ինչ ջանասիրությամբ են յոգայի հետևորդներն ամբողջ աշխարհով մեկ տարածում իրենց ուսմունքը, հասկանալի է դառնում, որ դա իրականում խորամանկ հանդուրժողականություն է, որը միտված է ճշմարտության խեղաթյուրմանը։ Յոգայի արդի մասնագետներն այն ներկայացնում են որպես առողջարար վարժությունների համակարգ, սակայն վերոհիշյալից պարզ է, որ այն խստակյաց ապրելակերպի ծրագիր է, որը հետապնդում է ոչ թե առողջարարական, այլ զուտ կրոնական նպատակներ, որոնցից մեկը նաև հոգիների վերաբնակեցման գաղափարի ներմուծումն է քրիստոնեական միջավայրի մեջ։ Հետմահու կյանքը շատերի համար լի է միստիկ երևույթներով և անհասկանալի։ Օգտվելով դրանից` յոգայի ուսմունքի հետևորդներին հաջողվում է ներմուծել այդ հեթանոսական պանթեիզմի գաղափարը այն մարդկանց մտքերի մեջ, որոնք իրենց անվանում են քրիստոնյաներ, սակայն տեղյակ չեն քրիստոնեական դավանաբանությանը, թե՛ Աստվածճանաչողության և թե՛ հետմահու կյանքի վերաբերյալ։ Յոգայի և վերամարմնավորման (ռեինկարնացիայի) գաղափարի տարածմանը Եվրոպայում և ԱՄՆ-ում նպաստեց նաև հայտնի դերասանների կողմից, հեռուստահաղորդումների և ֆիլմերի միջոցով ուսմունքի վերաբերյալ դրական լուսաբանումը (Մադոննա, Սթինգ և այլ աստղեր)։ Նշենք միայն մի դեպք, երբ անգլիական «Բիթըլզ» խումբը գտնվում էր Մահարիշիի ազդեցության տակ և ակտիվ գովազդում էր տրանսցենդենտալ մեդիտացիան։ Իսկ Հայաստանում «Համայն կանայք ամբողջական գիտելիքի» ՀԿ նախագահ, Մահարիշի վեդայական կենտրոնի կրթական հիմնադրամի ղեկավար Ս. Գալստյանը իր ասուլիսում նշել է, որ արդեն պատրաստ է հայ օլիգարխների հետ յոգայի դասեր անցկացնել՝ ծանոթացնելու նրանց տրանսցենդենտալ մեդիտացիայի գաղտնիքներին: Դա, ըստ նրա, օգնում է ավելի հավասարակշռված լինել, պահպանել երկրում կայունությունը: «Եթե իրենք ցանկանան, ես պատրաստ եմ իրենց մեդիտացիա սովորեցնել»: Այս փաստի առիթով ուզում եմ միայն նշել, որ տրանսցենդենտալ մեդիտացիան ուղղակի արգելված է շատ երկրներում։

Յոգան գայթակղիչ է նրանով նաև, որ հեշտ է ընկալման համար, մինչդեռ ուղղափառ հավատքը որոշակի հոգևոր և մտավոր նախապատրաստական ջանք է պահանջում անձից։ Արդի հասարակության կարծիքով եկեղեցի հաճախող անձը համարվում է «հետամնաց», իսկ յոգայով զբաղվողը դիտվում է որպես առաջադեմ, զարգացած և ինտելեկտուալ անձնավորություն։ Այսպիսի տեսանկյան զարգացմանը նպաստեցին նաև Ե. Բլավատսկայան, Ն.Ռերիխը և Ե. Ռերիխը։ 

Հոդվածի սահմաններում հնարավոր չէ անդրադառնալ յոգայի ողջ համակարգի վերլուծությանը պատմական, փիլիսոփայական և հոգևոր տեսանկյունից, սակայն կանդրադառնանք մի քանի կետերին, մասնավորապես հոգիների վերաբնակեցման գաղափարի երկու կետերի հակասությանը քրիստոնեության սկզբունքներին։

Վերամնավորումը հակասում է Աստվածաշնչյան հիմունքներին և Առաքելական դավանանքին, և որ ամենակարևորն է, իմաստազրկում է Հիսուս Քրիստոսի փրկարար Խաչելությունը և Նրա Հարությունը։ Ինչպես նշվեց վերևում, համաձայն վերամարմնավորման պանթեիկ ուսմունքի` մարդկային էությունն անսկիզբ է, իսկ մարմինը նման է տարբեր հանդերձների, որը հոգին հագնում է տարբեր վերաբնակեցումների արդյունքում։ Համաձայն քրիստոնեական դավանանքի` անսկիզբ, անստեղծ է միայն Աստված, Ով ամենի արարիչն է, այդ թվում` նաև հոգու։ Իսկ մարդն ստեղծված է` որպես մեկ հոգու և մեկ մարմնի միություն։ Մարդը կարող է մարդ լինել միայն հոգու և մարմնի միության դեպքում։ Վերամարմնավորումը հակասում է նաև Հարության գաղափարին, քանի որ, ըստ քրիստոնեության, մարդացած Աստծո Որդին միացավ է Իր միակ մարմնի հետ Հարությունից հետո. «Որով` ճշմարտապես, և ոչ կարծեցյալ կերպով առավ մարմին, հոգի և միտք և այն ամենը, որ կա մարդու մեջ: Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը Հարություն առավ, նույն մարմնով բարձրացավ երկինք, նստեց Հոր աջ կողմում: Գալու է նույն մարմնով և Հոր փառքով` դատելու ողջերին և մահացածներին» (Նիկիական հանգանակ Այդ օրինակով նաև մարդկային հոգիները պիտի միանան իրենց միակ մարմինների հետ Դատաստանի օրը։

Հաշվի առնելով մեր հայրենակիցների սերը օտարամուտ կրոնների և ուսմունքների նկատմամբ` նշենք, որ որևէ այլ ուսմունք, թեկուզ նրա և մանր թվացող տարր, մեր կենցաղ ներմուծելուց առաջ, պետք է անդրադառնալ այդ տարրը կրող գաղափարախոսության անցած ճանապարհին և նրա ազդեցությանը ոչ միայն մարդու հոգևոր և մտավոր, այլ նաև սոցիալական զարգացման վրա։

Յոգան և վերամարմնավորման ուսմունքը, տրանսցենդենտալ մեդիտացիան շատ հարմար գործիքներ են մարդու կառավարման համար։ Յոգան ուսուցանում է աղքատ և ճնշված խավերին ընդունել իրենց աղքատությունը և չքավորությունը` որպես անցած մեղքերի հատուցում (ըստ կարմայի օրենքի), քանի որ համաձայն վերամարմնավորման և կարմայի գիտության հարուստները վաստակել են բարգավաճ կյանք, իսկ աղքատները` չքավոր։ Կաստաների համակարգը Հնդկաստանում, որը սահմանափակում է մարդուն համապատասխան դասի մեջ և արգելում նրա տեղափոխումը որևէ այլ դաս` վերամարմնավորման ուսմունքի սոցիալական հետևանքն է։ Ի հակադրություն այն բանի որ քրիստոնեությունը համայն մարդկությանը բերել է հավասարության և ողորմածության գաղափարը, վերամարմնավորման ուսմունքը ներմուծել է կաստային համակարգը և անհավասարությունը։ Այն մարդիկ, որոնք փորձում են համատեղել քրիստոնեությունը և յոգան, տրանսցենդենտալ մեդիտացիան, թեոսոֆիան, ուշ թե շուտ բախվելու են և ստիպված են լինելու ընդունել կաստային համակարգի, մարդկային անհավասարության գաղափարախոսությունը և կարմայի օրենքն իրենց կյանքում։ Առաջին հայացքից կարդալով յոգայի բարեխրատական կանոնները և հետևելով, թե ինչպիսի ջանասիրությամբ են յոգերը կատարում իրենց խստակյաց կյանքի պահանջները, կարելի է ենթադրել, որ մի ժողովուրդ այդքան երկար տարիներ հետևելով նման ուսմունքին պետք է հասած լիներ որոշակի բարոյական և մարդասիրական առաջադիմական նորմերի։ Սակայն լուրջ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հնդկաստանը շարունակում է մնալ ոչ միայն մարդու հանդեպ դաժանությամբ և անտարբերությամբ վերաբերող երկրներից մեկը, այլ անգամ խախտելով միջազգային և իր սեփական օրենքները` գաղտնի մարդկային զոհեր է մատուցում հեթանոսական տաճարներում։ Այն դաժանությունը սեփական մարմնի նկատմամբ, որով յոգերն զբոսաշրջիկների առաջ չնչին գումարի դիմաց ցուցադրում են իրենց «տաղանդները», չի կարող խոսել որևէ հոգևոր կամ բարոյական ձեռքբերումների, անձի նկատմամբ սիրո և հարգանքի մասին։  

Հնդկաստանի ողջ պատմության ընթացքում, և մինչև օրերս, այն տարբերվել է իր հեթանոսական ծեսերով, տարբեր չաստվածներին մարդկային զոհաբերություններով, իր ծայրահեղ աղքատության և սոցիալական անհավասարության դրսևորումներով, որոշ կաստաների ներկայացուցիչներին կենդանիներից ցածր դասելու վերաբերմունքով, մահացու հիվանդությունների լայն տարածմամբ, կենդանիների հանդեպ պաշտամունքով։ Իրենց կենցաղավարության արդյունքում այդ հրաշալի բնական գեղեցկությամբ և պաշարներով լի երկիրը հնդիկները կարողացան վերածել մի մեծ աղբանոցի և դարձնել զանազան հիվանդությունների աղբյուր։ Համընդհանուր և միակ պարտադիր դիսպանսերիզացիան, որն իրականացվել է Հնդկաստանում 1980թ., ապացուցեց, որ յոգերը միջինում ունեն ավելի կարճ կյանք, քան սովորական մարդիկ և, ի հավելումն դրան, տառապում են ավելի շատ հիվանդություններով, ինչպիսիք են աչքի կատարակտը` որպես արևի լույսի վրա երկար ժամանակ կենտրոնանալու արդյունք, արտրիտները, արտրոզները` իբրև անբնական դիրքերում երկար ժամանակ գտնվելու արդյունք, հոդերի բորբոքումները, ինչպես նաև վերին շնչուղիների և աղեստամոքսային համակարգի հիվանդությունները։ Իսկ ամենազարմանալին այն էր, որ, չնայած յոգերը որոշակի փուլում հրաժարվում են աշխարհիկ ցանկություններից և ամուսնական կյանքից, նրանց մեծամասնությունը այնուամենայնիվ տառապում էր սեռավարակային հիվանդություններով։

Յոգայի բոլոր վարժությունները հիմնված են հեթանոսական սովորույթների վրա` չնայած նրան, որ առաջին հայացքից այդպիսին չեն ներկայացվում։ Բայց այսուամենայնիվ, այն սատանայապաշտ կրոն է, ինչից էլ գալիս է սեփական անձի նկատմամբ ատելությունը, այն որպես Աստվածային ստեղծագործություն չընդունելը` չնայած առկա հակասությանը։ Մի կողմից հպարտանալ և հանդուգն վերաբերվել այլոց` լավ կարմա ունենալու դեպքում, մյուս կողմից ատելությամբ լցվել և սեփական մարմինը տանջել` վատ կարմայի դեպքում։ Յոգան երկրպագություն է որոշակի բացասական ուժերին, որոնք ջանադրությամբ իրականացվող վարժությունների (ծեսերի) կատարման արդյունքում, ըստ յոգայի, մարդուն շնորհում են գերբնականան հատկություններ։ Անձը, որ զբաղվում է յոգայի վարժություններով, ինքն իրեն նախապատրաստում է դիվային ուժերի հետ կոնտակտի։ Այն, ինչ համապատասխան մկանների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված անվնաս վարժություն է թվում` որոշակի հնչյունների արտաբերումով, իրականում կարող է հանդիսանալ օկուլտ ծես, որ մարդը կատարելով` իրեն ակամա հանձնում է դիվային չար ուժերի ներգործությանը։ Ի տարբերություն Աստծո, Ով մարդուց ակնկալում է գիտակցական, կամովին հարաբերություն Իր հետ, սատանան մարդուց ընդունում է յուրաքանչյուր տեսակի երկրպագություն` կամովին թե ակամա, գիտակցված թե անգիտակից։

Ապշեցուցիչ է, որ որոշ քրիստոնյաներ, ուրանալով Քրիստոսի լույսի արտացոլումն իրենց կյանքում, որոշում են հետևել «մոդայի» դրսևորումներին, ինչն իրականում ոչ թե առաջընթաց է մարդկության զարգացման մեջ, այլ հոգևոր և բարոյական հետընթաց։

Աստվածճանաչողության ճանապարհին քրիստոնյաներս պիտի ձգտենք Աստծո կամքի իմացության գիտակցական իրականացմանը։ Աստվածաշնչում Երեմիա մարգարեի գրքում կարդում ենք. «Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ սովորէք գնալ հեթանոսների ճանապարհներով» (Երեմիա 10)։ Կարդալով յոգայի հետ առնչվող գրականություն` Բհագավատգիտա, Ագնի-Յոգա, Անթրոպոսոֆիա, Թեոսոֆիա և այլն, ձեր գիտակցությունը ակամայից ենթարկվում է հեթանոսական փիլիսոփայության ներազդեցությանը (սա յոգայի նպատակներից է), իսկ հրապուրվելով սկզբում հեշտ և առողջարական վարժությունների կատարմամբ` ձեզ ենթարկում եք հեթանոսական և սատանայապաշտ ծեսերին մասնակից լինելու վտանգին։ Քրիստոնեությունը ոչ միայն իր հոգևոր լույսը բերեց ողջ մարդկությանը, հանդիսացավ հասարակության մտավոր զարգացման և ֆիզիկական առողջության գրավականը, այլ նաև իր կենցաղավարության կանոնների շնորհիվ ազատագրեց մարդկությանը հոգևոր, մտավոր և ֆիզիկական մահացու հիվանդություններից։

«Ճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը կազատի ձեզ»։ (Հովհ. 8։32)։ Քրիստոս ասում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»։ (Հովհ. 14։6)։

Շարունակելի……

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել