Հայկական հեռուստաեթերում ռեյթինգային ամենաբարձր ցուցանիշները վերջին մեկ տարում գրանցած հեռուստասերիլաներից մեկը՝ «Կայարան»-ը, առանձնացավ նրանով, որ եթեր բերեց նոր, տաղանդավոր, երիտասարդ ու գեղեցիկ դերասանների մի սերունդ, որն իր մարմնավորած կերպարներով ու դերասանական լավ խաղով շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ հեռուստադիտողի սիրելին:
BlogNews.am-ն այսօր իր ընթերցողին է ներկայացնում «Կայարան»-ում Աննայի դերը մարմնավորող Արմինե Մանուկյանին, ում մտերիմ շրջապատում ճանաչում են որպես Արմինե Արմենի: Զրույցի ընթացքում շատ հետաքրքիր բացահայտումներ արեցինք երիտասարդ դերասանուհու մասին, որոնք էլ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.
«Կայարան» սերիալում Աննայի դերը սերիալային իմ երրորդ կերպարն է: Առաջին դերս «Արմենիա» TV-ի «Եզրագծից այն կողմ» սերիալում է եղել, որտեղ մարմնավորել եմ Սոֆիի՝ Լորդի հարսի կեպարը: Հետո աշխատել եմ Ելենա Արշակյանի «Քույրը» հ/սերիալում, որտեղ մարմնավորել եմ Սոնայի կերպարը: Հետո սերիալային դադար եղավ ինձ մոտ, ու ահա անցած տարի իմ սիրելի Ելենա Արշակյանից ստացա «Կայարան» սերիալում Աննայի կերպարը խաղալու առաջարկը:
Արմինեն մասնագիտությամբ բալետի պարուհի է. «6 տարեկանից զբաղվում եմ բալետով, ավարտել եմ պարարվեստի պետական ուսումնարանը (ներկայումս՝ քոլեջ), որն ավարտելուց հետո ընդունվել եմ Թատերական ինստիտուտ՝ պարարվեստի ռեժիսուրայի ֆակուլտետը, և ուսմանս զուգահեռ աշխատանքի եմ անցել Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես բալերինա ու մինչև հիմա էլ թատրոնում աշխատում եմ իմ մասնագիտությամբ»:
Արմինեի առօրյան շատ բազմազբաղ ու հագեցած է: Սերիալից ու բալետից բացի՝ Արմինեն նաև երգիչ Արման Հովհաննիսյանի ստեղծագործական թիմի պարային գծով ղեկավարն է: Պարերի բոլոր բեմադրություններն ինքն է անում ու նաև պարում է երգչի համերգային ծրագրերում. «Սիրում եմ զբաղված լինել: Ավելի լավ է՝ շատ աշխատեմ ու հոգնեմ, քան ոչինչ չանեմ ու ձանձրանամ: Ակտիվ մարդ եմ, սիրում եմ շփվել, սովորել, շրջագայել»:
Բացի բալետից ու սերիալներից՝ հեռուստադիտողը Արմինեին կարող է տեսնել նաև հայտնի շատ երգիչների տեսահոլովակներում. Արմենչիկի, Արման Հովհաննիսյանի, Էրիկի, Ազատ Հակոբյանի, Արամեի, Գևորգ Այվազյանի և էլի շատ տեսահոլովակների բոլոր գլխավոր կանացի կերպարները Արմինեն է խաղացել: Տպավորիչ դիմագծերով հայուհու գեղեցկությունը անտարբեր չի թողել նաև Սոսո Պավլիաշվիլիին, ում տեսահոլակներից մեկում ևս Արմինեն է նկարահանվել։
Ու չնայած իր բազմազան գործունեությանը՝ Արմինեի համար բալետը բոլորովին այլ աշխարհ է, սակայն դերասանական գործն էլ երիտասարդ դերասանուհին սիրով է անում ու անկեղծանում է. «Նկարահանումների ժամանակ ես ինձ իսկապես լիարժեք ու շատ լավ եմ զգում, հատկապես երբ հավաքված է լավ թիմ, ու նկարահանման հարթակում բարի ու ջերմ մթնոլորտ է տիրում»: Ինչ վերաբերում է «Կայարանում» Արմինեի մարմնավորած կերպարին՝ Աննային, ապա դերասանուհին ասում է, որ իրական կյանքում Աննան իր հետ ոչ մի կապ չունի. «Աննան շատ հանգիստ, մեղմ կերպար է, իսկ ես այդպիսին չեմ. աշխույժ եմ, շարժուն, ակտիվ ու էներգիայով լի»: Արփիի՝ դերասանուհի Կրիստինա Կույումչյանի հետ ընկերությունը շարունակվում է նաև կադրից դուրս. «Քրիստինայի, Վարուժանի և Հայկի հետ շատ մտերիմ ենք: Ազատ ժամանակ ունենալու դեպքում անպայման հանդիպում ենք, շփվում»:
Արմինեի համար կյանքում ամենաաններելի բանը սուտն է. «Կարծում եմ՝ իմ մարմնավորած կերպարը՝ Աննան, ով ֆիլմի սկզբում անթերի ու նվիրված էր Արփիին, հիմա իրեն ազնիվ չի պահում ընկերուհու հանդեպ: Ես այդպիսին իրական կյանքում չեմ կարող լինել: Եթե նվիրվում եմ մեկին, ապա ամբողջ կյանքի համար: Կցանկանամ, որ մարդիկ չխաբեն, ազնիվ, նվիրված լինեն ընկերության մեջ»,- ասում է երիտասարդ դերասանուհին ու անկեղծորեն էլ պատասխանում է մեր վերջին ՝ «արդյո՞ք զբաղված է Ձեր սիրտը» հարցին. «Ի տարբերություն իմ մարմնավորած կերպարի՝ իրական կյանքում իմ սիրտն ազատ է»:
Հարցազրույցը՝ Արմինե Հայրապետյանի
Լուսանկարները՝ Արմինե Մանուկյանի անձնական արխիվից