Արցախում մարտի 28-ին զոհված զինծառայող Արտակ Ռաֆայելյանը «Գինեսի» գրքի ռեկորդակիր էր: Նրա ուսուցչուհին՝ Գայանե Սիմոնյանը, պատմեց, որ Արտակը 7 ժամ անընդմեջ 11011 անգամ հենում-ծալում վարժություն է արել և գրանցվել «Հայկական դյուցազնագրքում» և դարձել «Գինեսի» գրքի ռեկորդակիր:

«Դպրոցական տարիներին կարատեի էր հաճախում, բայց նաև օժտված էր ֆիզիկական արտառոց ունակություններով, ինչի շնորհիվ գրանցվել է ոչ միայն «Հայկական դյուցազնագրքում», այլև դարձել է «Գինեսի» գրքի ռեկորդակիր` պառկած դիրքից 11011 անգամ կատարելով հենում-ծալում վարժությունը»,- ասաց նա:

20-ամյա Արտակ Ռաֆայելյանը հուլիսին զորացրվելու էր: Նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ էր, ընտանիքի ավագ որդին: Նա ունի իրենից փոքր եղբայր, որն այս տարի է զորակոչվել բանակ:

Զոհված զինծառայողն անապահով ընտանիքից է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել