Մեր մոլորակը կարծես գաղտնիքների և զարմանալի փաստերի կույտ լինի: Երկրի աշխարհագրությունը շատ ավելի զարմանալի է, քան պատկերացնում եք: Ինչքան շատ ենք փորձում բացահայտել մոլորակի գաղտնիքները, այնքան շատ հանելուկների ենք հանդիպում:

1. Դիոմիդ կղզիները կազմված են երկու կղզիներից՝ Փոքր և Մեծ: Մեծ Դիոմիդը պատկանում է Ռուսաստանին, իսկ Փոքրը՝ ԱՄՆ-ին: Երկու կղզիների միջև տարածությունը շուրջ 4 կմ է, իսկ ժամանակների միջև տարբերությունը՝ 21 ժամ: Դիոմիդ կղզիների միջով է անցնում միջազգային ժամանակային գիծը: Հենց այս երևույթի պատճառով էլ Մեծ Դիոմիդը կոչվում է Վաղվա կղզի, իսկ Փոքր Դիոմիդը՝ Երեկվա կղզի:

2. Ավստրալիայում գտնվող Դինգո պարիսպը 5632 կմ երկարություն ունի, որն ավելի մեծ է, քան Սիեթլի և Մայամիի միջև գտնվող հեռավորությունը: Պարիսպը կառուցվել է 1880-1885 թվականներին: Դրա նպատակն է եղել թույլ չտալ, որ դինգոները՝ ավստրալական վայրի շները, անցնեին Ավստրալիայի հարավարևելյան հատված, որտեղ մարդիկ ոչխարաբուծությամբ էին զբաղվում: Պարսպի մեծ մասը գտնվում է Քվինսլենդում, որտեղ դրան անվանում են Մեծ արգելափակող պարիսպ կամ պարիսպ-արգելափակիչ վայրի շներից: Այսօր այս կառույցը գտնվում է Բնական և ջրային ռեսուրսների դեպարտամենտի հսկողության տակ: Պատը մշտապես հսկում են 23 պահակ-աշխատակիցներ, սակայն ժամանակ առ ժամանակ մասնագիտական հատուկ խմբեր են այստեղ գալիս՝ պարեկելու համար:

3. Աննա-Կրիկի արոտավայրը անասնապահական ֆերմա է Հարավային Ավստրալիայում և ունի 2,42 մլն հա տարածք: Փաստացի՝ սա աշխարհում ամենախոշոր ռանչոն է: Դրա մակերեսը ավելի մեծ է, քան ողջ Իսրայելի տարածքը: Ֆերման հիմնվել է 1872 թվականին և ի սկզբանե նախատեսված է եղել միայն ոչխարաբուծության համար, սակայն ժամանակի ընթացքում այստեղ սկսել են պահել նաև խոշոր եղջերավոր այլ անասուններ: Մի ժամանակ Աննա-Կրիկի բոլոր աշխատավորները տեղաշարժվում էին ձիերով, սակայն այժմ օգտագործում են փոքրիկ ինքնաթիռներ և հեծանիվներ:

4. Բրազիլիայում կա մի մարզադաշտ, որի միջնագիծն անցնում է հենց հասարակածով: Հետևաբար կարելի է ասել, որ խաղացող թիմերը պաշտպանում են Երկրի տարբեր կիսագնդերը: Էստադիո Միլթոն Կորրեա (Բրազիլիայում այն անվանում են Զերան) մարզադաշտը կառուցվել է 1990 թ. Մակապա քաղաքում: Սա միակ մարզադաշտն է ողջ աշխարհում, որն այսպիսի յուրօրինակ հատկությամբ է օժտված: Զերան անվանումը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է «մեծ զրո», որն ամբողջովին հասկանալի է դառնում, երբ իմանում ես, որ մարզադաշտը հասարակածով է անցնում:

5. Կիրիբատին միակ երկիրն է աշխարհում, որը գտնվում է բոլոր չորս կիսագնդերի վրա: Այն գտնվում է Խաղաղ օվկիանոսի վրա և կազմված է 33 կղզուց, որոնք կոչվում են աթոլներ: Աթոլները գտնվում են ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան կիսագնդերում: Բացի այդ՝ դրանք ցրված են նաև հյուսիսային և հարավային կիսագնդերի երկայնքով, ինչն էլ Կիրիբատիի Հանրապետությունն այդքան յուրօրինակ է դարձնում աշխարհագրական տեսանկյունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել