Արմենիա Premium հեռուստաալիքը նոր եթերաշրջանում U!TV-ի բաժանորդների համար նոր մեգանախագծեր է պատրաստել: Հայկական հեռուստաեթերում Stand Up ժանրի հումորային ծրագրերի բացը կլրացնի երկար սպասված նախագիծ, որի նկարահանումներին էլ ներկա է եղել BlogNews.am-ն ու զրուցել ստեղծագործական կազմի հետ:

Ապրիլի 7-ից, յուրաքանչյուր ուրբաթ 22:00-ին, հեռուստադիտողին կներկայացվի ամբողջ աշխարհում սիրված ու ճանաչված քոմեդիի այս ժանրը՝ կլասիկ Stand Up-ը:

«Ucom ընկերությունը կարևորում է նոր ու որակյալ հեռուստաբովանդակության ստեղծումը: Տվյալ նախագծով մենք մեր գործընկերների հետ բավականին լայն լսարան ենք թիրախավորում», - նշում է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Նախագծի պրոդյուսեր Սարգիս Մնոյանի խոսքով, նախագծի նախապատրաստական աշխատանքներն սկսել են մեկ տարի առաջ. «Ամբողջ աշխարհում Stand Up-ը համարվում է ամենաարդիական ու ամենաանկեղծ հումորային ժանրը, որովհետև այն տալիս է հնարավորություն խոսելու ու կատակելու ցանկացած թեմայից՝ քաղաքականությունից մինչև կին-տղամարդ հարաբերություններ»:

Անդրադառնալով հատկապես քաղաքական հումորի ակտուալությանը՝ Մնոյանը նշեց, որ կոնյուկտուրային ժանրին (դա այն հումորն է,  որը վերաբերում է ներկա պահին տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին) նախագծի հեռուստատեսային տարբերակը չի անդրադառնում, քանի որ այդպես շատ արագ հնարավոր է կանգնել խնդրի առաջ, երբ հեռուստապրոդուկտը կդիտարկվի որպես ոչ ակտուալ, ժամանակավրեպ: «Բոլոր 11 ռեզիդենտներն էլ շնորհալի երիտասարդներ են, ովքեր ոչ միայն ստենդափերներ, այսինքն՝ համարները ներկայացնողներ են, այլ նաև գրում են իրենց ելույթները: Ու հենց դա է Stand Up ժանրի գրավչությունը. հեռուստադիտողն անմիջապես զգում է այդ անկեղծությունը, անմիջականությունն ու հումորը ներկայացնողի անձնական կարծիքը քննարկվող թեմայի վերաբերյալ: Մեր թիմում կան մարդիկ, ովքեր միայն սցենարիստ են և բեմում չեն լինում, սակայն չկա մեկը, ով միայն կատարում է: Բոլորն էլ գրում են»,-նշում է Սարգիս Մնոյանը:  

Հեռուստադիտողին տարբեր հեռուստանախագծերից հայտնի դերասան Հայկ Պետրոսյանին այս նախագիծը հնարավորություն է տալիս ներկայանալու բոլորովին նոր կարգավիճակում: Լինել Stand Up նախագծի ռեզիդենտ Հայկի համար հաճելի է և պատասխանատու. «Հումորի այս ժանրի նպատակը հասարակական երևույթները, կենցաղային, սոցիալական իրավիճակները բեմ դուրս բերելն է՝ հումորային մեկնաբանությամբ: Թեմատիկ առումով սա ժանրն է, որը տալիս է ստեղծագործելու անսահմանափակ հնարավորություն: Սակայն, ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա Stand Up-ի ամենահաճախ քննարկվող թեման կին-տղամարդ հարաբերություններն են»: 

Նախագծի մասնակիցներից մեկը Գուրգեն Հակոբյանն է, ով մի քանի տարի է ստեղծագործում է այս ժանրում: Այս նախագիծը Գուրգենի առաջին փորձն է առավել լայն շրջանակներին ներկայանալու համար. «Ուրախ եմ, որ Հայաստանում Stand Up մշակույթը զարգանում է: Այս նախագիծը լավ հիմք կլինի դրա համար: Պատրաստվում ենք մեծ ոգևորությամբ և անում ամենը, որ մեր հանդիսատեսը գոհ մնա»:

«Լավ թիմ է հավաքված, ուրախալի է, որ մեր նախագծում ընդգրկված են թարմ, նոր դեմքեր, ովքեր շատ լավ են կարողանում հումոր գրել ու ներկայացնել»,-նշում է նախագծի ռեզիդենտներից Հովհաննես Դավթյանը:

 «Stand up» նոր հումորային նախագիծը եթերում կլինի ապրիլի 7-ից, յուրաքանչյուր ուրբաթ՝ 22:00-ին,  U!TV-ի բաժանորդների համար նախատեսված Արմենիա Premium հեռուստաալիքով:

  

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Նարեկ Բաղիրյանի, Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել