Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը շուտով կներկայացնի իր նոր աշխատանքը. չնայած Գոռը նկարահանվում է «Ֆուլ հաուս» սիթքոմում, բայց երգարվեստից էլ չի հեռանում և երբեմն-երբեմն իր երկրպագուներին ուրախացնում է նոր երգերով: Առաջին՝ «Նա է» երգի հաջողությունից հետո ապրիլի 7-ին կկայանա Գոռի «Սիրտն իմ» երգի պրեմիերան: Նկարահանման ընթացքին մասնակցել է նաև BlogNews.am-ը. ներկայացնում ենք լուսանկարները և մանրամասները: 

Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Գոռն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Կարեն Ամյանը, ով ներկայացնում է «Yere1 production»-ը, գործիքավորումն արել է Հով Գրիգորյանը: «Տեսահոլովակում կան երկու հերոսներ՝ ես և մի աղջիկ։ Որպես այդպիսին՝ սյուժե չկա. մինիմալիզմի ոճում է: Բառերով դժվար է բացատրել, այն պետք է պարզապես նայել»:

Գոռի մոտ ստացվում է ոչ միայն երգելը, այլեւ երգեր հեղինակելը. «Երբ գրում եմ, արդեն գիտեմ, որ այն համապատասխանում է իմ ճաշակին, ոճին: Գրում եմ ինձ համար, այլ ոչ թե, որ ուրիշը կատարի»: 

Գոռը նաև նշում է՝ չնայած որ խաղում է սիթքոմում, բայց երաժշտությունից չի հեռանում: «Ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց դերասանության և երաժշտության, չնայած որ դրանք իրար հակասող բաներ են: Ես չեմ կարող ասել, որ  լավ երգիչ եմ կամ դերասան, քանի որ դա պետք է հանդիսատեսն ասի: Ես երկուսն էլ հավասար սիրում եմ, և ինձ համար երկուսն էլ հոգեհարազատ են»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել