Image result for теракт в лондоне«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը նախօրեին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից 1 օր անց միայն բավական անորոշ հայտարարությամբ ստանձնեց հարձակման պատասխանատվությունը: Սա վկայում է այն մասին, որ տեղի ունեցածն ուղղակիորեն կառույցի կամ նրա ցանցային բջիջների ծրագրածը չէ, այլ նրա գաղափարները կիսող անհատ ծայրահեղականի անձնական նախաձեռնությունը. ինչ խոսք, նման գործելաոճը ևս հանդիսանում է ԻՊ-ի մարտավարական բաղադրիչներից՝ խրախուսված կառույցի քարոզչության նախկին պատասխանատու Աբու Մուհամադ Ալ-Ադնանիի՝ դեռևս 2014թ. ուղերձով:

Հատկապես վերջին 2 տարիների ընթացքում բավական լայն տարածում գտած ահաբեկչական գործողությունների նման ձեռագիրը, կարծես, որևէ կասկածի տեղիք չի տալիս՝ այս բռնարարքը ևս ԻՊ-ի մարտավարական բնույթին վերագրելու հարցում, մինչդեռ բավական ուշագրավ է կառույցի կողմից պատասխանատվության ստանձնման մեխանիզմի վերլուծությունը: Ահաբեկչական կառույցի հետ ասոցիացվող «Ալ-Ամակ» գործակալության կողմից տարածված բավական անդեմ տեքստով հաղորդագրության միակ տրամաբանական հիմնավորումն այն է, որ բաց տեղեկատվական աղբյուրներում լոնդոնյան ահաբեկչության հեղինակի մասին որևէ հավաստի տեղեկություն չի շրջանառվում, ինչը բրիտանական իշխանությունների որոշումն էր, և հետևաբար ԻՊ-ի մեդիամասնագետները չեն կարողացել կառույցի հետևորդ ահաբեկչի մասին ավել ինֆորմացիա պեղել և զետեղել տարածված հայտարարության հետ:

Մյուս կողմից՝ բրիտանական հատուկ ծառայությունների նման գործելաոճը բավական խելամիտ է, քանի որ նաև այդ կերպ նրանք կարողացել են պարզել, որ տեղի ունեցածին շղթայաբար հաջորդող հարձակումների վտանգ չկա, քանի որ ահաբեկիչը գործել է միայնակ՝ սեփական նախաձեռնությամբ, առանց կողմնակի ուղղորդումների:

Իսկ, ընդհանուր առմամբ, սեփական բնօրրանում՝ Իրաքում, Սիրիայում հանգուցային զիջումների արձանագրման, հետևաբար նաև՝ հեղինակության սրընթաց անկման ֆոնին Եվրոպայի առանցքային մայրաքաղաքներից մեկում իրականացված ահաբեկչական հարձակումը կրկին հիշեցնում է իսլամական ծայրահեղկանության՝ դեռևս արդիական սպառնալիքի մասին, որի վերջին ալիքի հիմնական պատճառը հենց ԻՊ-ի գործունեությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել