Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Օքթայ Գուլալիևը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է Միացյալ Նահանգների Հելսինկյան կոմիտեի հայտարարությանը, որով  կոմիտեն Ադրբեջանի կառավարությանը  կոչ էր արել Նովրուզի տոնին անմիջապես ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և հարգել ԵԱՀԿ շրջանակում ստանձնած հանձնառությունները մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտում՝ հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

 «Տեղական և միջազգային կազմակերպությունները արդեն երկար ժամանակ է` Ադրբեջանի կառավարությանը քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու կոչ են անում, սակայն կառավարությունը այդ կոչերին դրական արձագանք չի տալիս, և այդ ուղղությամբ դրական միտումներ չեն նկատվում:  Մարտի 21-ին Հելսինկյան կոմիտեն Ադրբեջանի կառավարությանը կոչ էր արել ազատ արձակել քաղբանտարկյալներին և հարգել մարդու իրավունքները: Մարտի սկզբին մարդու իրավունքները խախտելու և ժողովրդավարական անհրաժեշտ միջավայր չստեղծելու պատճառով «Հանքարդյունաբերության ոլորտում թափա նցիկություն» (EITI) միջազգային ազդեցիկ կազմակերպությունը, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով, զրկեց  կարգավիճակից, սակայն ակնկալվող փոփոխությունները չեն զգացվում»,-նշել է իրավապաշտմանը:

«Կոչերից և մեղադրանքներից բացի, պետք է կիրառվեն նաև պատժամիջոցներ, չկա մի կառավարություն, որը չվախենա պատժամիջոցներից: Ադրբեջանը փոքր երկիր է, ես կարծում եմ, որ եթե լուրջ պատժամիջոցի վտանգ լինի, կառավարությունը ստիպված կգնա որոշակի բարեփոխումների»,- ավելացրել է իրավապաշտպանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ պատժամիջոցները պետք է լինեն օրակարգում, և պատժամիջոցների ու միջազգային ճնշման տակ հնարավոր է` որոշակի փոփոխություններ լինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել