Վերջին տասնամյակում ոչ մեկիս չի զարմացնում յոգայի նոր` նախկինում խորթ և անծանոթ հնչողությամբ, այժմ այդքան էլ անսովոր չթվացող անվանումներով կենտրոնների տարածման փաստը Հայաստանում։ Եթե նախկինում այդ կենտրոնները կարելի էր տեսնել հիմնականում Երևանում, այն էլ` Կենտրոնի տարածքում, ապա այժմ յոգան սկսել է տարածվել նաև Հայաստանի շրջաններում։ Յոգան առաջարկում է մարմնի և հոգու ներդաշնակություն, ֆիզիկական, հոգեկան, հոգեբանական խնդիրների լուծում։ Զանգվածային լրատվական միջոցներով շատ անգամ կարելի է դիտել հարցազրույցներ յոգայի մասնագետների հետ, որոնք յոգայի միջոցով կատարյալ լուծում են առաջարկում կյանքի տարբեր խնդիրների համար։ Չնայած նրան, որ յոգայի կենտրոնները մեր երկրում աճում են սնկի պես, ոչ բոլորն են տիրապետում յոգայի վերաբերյալ պարզ գիտելիքների։ Եվ ինչպես հաճախ պատահում է, այն ինչ ներկայացվում է որպես իդեալական լուծում` առանց թերությունների և կողմնակի ազդեցությունների, իրականում իր մեջ շատ առավել վտանգներ է պարունակում։ Փորձենք այս անգամ դիտարկել յոգան քրիստոնեական տեսանկյունից, քանի որ շատերի մոտ հարց է առաջանում. արդյո՞ք յոգան և քրիստոնեությունը համատեղելի են։

Յոգան սկզբնական շրջանում եվրոպական երկրներին ներկայացվեց որպես ֆիզիկական և շնչառական վարժությունների տեսակ, ռելակսացիայի և հոգետերապիայի մեթոդ։ Կաթոլիկ եկեղեցու և բողոքականության կոնֆլիկտի համապատկերում Արևմուտքն  սկսեց իր ծանոթությունն այդ նոր ուսմունքի հետ, իսկ 20-րդ դարի սկզբում այդ գործընթացն ստացավ իր արագ զարգացումը և տեղափոխվեց նաև Ռուսաստան և ԱՄՆ։ Ի հայտ եկան քրիստոնեության տարրեր պարունակող յոգայի ուսմունքներ` անթրոպոսոֆիան, թեոսոֆիան, ագնի-յոգան, տրանսցենդենտալ մեդիտացիան, որոնք, ըստ Կ. Յունգի. «…իրենց քրիստոնեական գիտության տեսք են տալիս, որի պատճառով գայթակղիչ են դառնում հենց ինտելեկտուալների միջավայրում»: Պետք է նշել, որ ըստ նույն Կ. Յունգի` այդ ուսմունքները մեծ մասամբ հետևորդներ ներգրավեցին հենց բողոքականների միջից։ Այդ ժամանակ յոգայի որոշ տարրեր ներմուծվեցին նաև հոգեբանության մեջ։

Ըստ մեկ այլ պնդման՝ յոգան իր մեջ չի կրում որևէ կրոնական հատկություն, այլ հանդիսանում է «գիտություն», «փիլիսոփայություն», պսիխոսոմատիկ պրոցես։ Յոգան որպես կրոնական ուսմունք չդիտելուն միտված էր նաև այն, որ պարզ ֆիզիկական վարժությունները, որոնք շատ անգամ բնորոշվում են անշարժ վիճակով և իրենց կատարման մեջ դժվար չեն, թողնում են նախնական դրական ազդեցություն մարդու ֆիզիկական ինքնազգացողության վրա:

Սակայն յոգայի վարժությունները հանդիսանում են հինդուիզմի բաղկացուցիչ մասերից մեկը։ Նրանց վերջնական նպատակն ավելին է, քան ուղղակի ֆիզիկական դրական ինքնազգացողությունը։ Այն, ինչ նախորդում և հետևում է վարժություններին և ինչի մասին մեծամասնությամբ յոգայի կենտրոնների հաճախողները չեն գիտակցում, դա փոխկապվածությունն է մեդիտացիայի, կրոնա-փիլիսոփայական ուսմունքների, հինդուիզմի աքսիոմների և իհարկե` հոգիների վերամարմնավորման (ռեինկարնացիա) և կարմայի հասկացության հետ։
Յոգան` իբրև ուսմունք, ձևավորվել է դարերի ընթացքում` հարստանալով նրանով զբաղվողների յուրաքանչյուրի անհատական փորձառությամբ և բացահայտումներով։ Լուրջ ուսումնասիրության արդյունքում, սակայն, ի հայտ են գալիս մի շարք հակասություններ և անհետևողականություններ։ Այժմ գոյություն ունեն յոգայի տարատեսակ ուղղություններ, ճյուղավորումներ և կիրառման բնագավառներ։

Ճշգրտորեն ասել, թե որ դարում է սկիզբ առել յոգան, թերևս հնարավոր չէ։ Յոգայի առաջին քիչ թե շատ գրավոր սիստեմատիկ շարադրանքը մեզ է հասել մ.թ.ա II դարից «Յոգասուտրա»-ի միջոցով, որի հեղինակը Փաթանջալի իմաստունն է։ Այդ դասագիրքը մեծ հեղինակություն է վայելում` որպես դասական յոգայի առաջնային դասագիրք:

Փաթանջալին իր «Յոգասուտրա» գրքում նշում է «յոգա» բառի ստուգաբանական և իմաստային երկու բացատրություն: Մի դեպքում «յոգա» բառն ուղղակիորեն կապվում է «յոկի» արմատի հետ, որը թարգմանաբար նշանակում է «կապ» կամ «միություն», այսինքն` կապ կամ միություն մարդու, բնության և տիեզերքի միջև։ Մյուս դեպքում «յոգա» բառի ծագումը կապվում է սանսկրիտի «յուջ» արմատի հետ, որը նշանակում է «մտախոկում»:

«Յոգասուտրան» բաղկացած է չորս մասից, որոնցից առաջինը նվիրված է բնության բացատրությանը և սամադհիի (ինքնաիրականացում) նպատակներին, կամ ինքն իր մեջ հայեցողական ընկղմմանը (սամադհիպադա)։ Երկրորդ մասը սահմանում է այդ նպատակին հասնելու միջոցները (սադհանապադա)։ Երրորդը բացահայտում է արտասովոր ընդունակությունների նշանակությունը, որոնք ձեռք են բերվում յոգայի գործնական կիրառմամբ (վիթհուտիպադա)։ Չորրորդը ներկայացնում է ազատագրման բնույթը (կայվալյապադա)։

Յոգան հիմնված է դուալիստական «Սանքհիա» ուսմունքի փիլիսոփայական հայացքների վրա։ «Սանքհիան» փիլիսոփայական մի ուղղություն է, որը հիմնադրվել է մ.թ.ա մոտ VIII–VII դարերում հնդիկ փիլիսոփա Կապիլայի կողմից։ Այն հիմնված է Ուպանիշադների` Հին Հնդկաստանի փիլիսոփայական գրվածքների վրա։ Ուպանիշադներ նշանակում է «նստել մոտ», այսինքն՝ ուսուցչի ոտքերի մոտ, կամ «գաղտնի գիտելիք»: Ուպանիշադները փիլիսոփայական տեքստեր են, որոնք հայտնվել են մ.թ. մոտ հազար տարի առաջ եւ իրենցից ներկայացնում են ուսուցիչ-իմաստունի երկխոսությունը իր աշակերտի կամ ճշմարտություն փնտրող անձնավորության հետ, որն այնուհետև դառնում է նրա աշակերտը: Ընդհանուր առմամբ հայտնի են մոտ հարյուր Ուպանիշադներ: Սրանց մեջ արծարծվում են նախապատճառի, կեցության նախասկզբի հիմնախնդիրները, որոնց օգնությամբ բացատրվում են բնության բոլոր երևույթների և մարդու առաջացման պատճառները: Հենց Ուպանիշադներում է առաջին անգամ խոսվում հոգու վերաբնակեցման մասին` մանրամասնելով որ մահվանը հաջորդում է նոր կյանք նոր ձևի մեջ։

Դուալիստական «Սանքհիա» ուսմունքը, որի մասին խոսվեց, ընդունում է աշխարհում երկու անկախ սկիզբ` պուրուշա (հոգի) և պրակրիտի (նյութ)։ «Սանքհիա» փիլիսոփայության նպատակն է հոգու անջատումը նյութից։

Պուրուշան (հոգի) բաղկացած է հոգիների անսահմանափակ քանակությունից։ Այն գիտակցական է, սակայն իներտ է, այն ինչ պրակրիտին (նյութ) անգիտակից է, բայց տիրապետում է էներգիային։ Նրանց համագործակցումն է աշխարհի ստեղծման և գոյության պատճառը։ Անհատական հոգու նպատակն է նյութի կապանքներից ազատագրումն իր մեջ` պուրուշան պրակրիտիից տարանջատելու միջոցով։ Յոգայի նպատակը նույն է, ինչ «Սանքհիի» ուսմունքինը` հասնել ազատագրման` դուրս գալով պրակրիտիի սահմաններից և միաձուլվել պուրուշային։

Յոգան ամբողջովին ընդունում է Սանքհիա ուսմունքի 25 սկիզբները, որոնց ավելացնում է նաև հավատն առ Աստված` Աստծուն ընդունելով իբրև գերագույն «Ես», որը տարբերվում է մյուս բոլոր «Ես»-երից։ Սակայն յոգայի և «Սանքհիա»-ի մեջ կա մեկ տարբերություն` յոգան սանքհիայի փիլիսոփայական ուսմունքի գործնական կիրառումն է առօրյա կյանքում։ Յոգայում սահմանափակ են աբստրակտ փիլիսոփայական մտորումները, սակայն առկա է հստակ վարժությունների և մեթոդների համակարգ, որն ուղղված է կենցաղային մակարդակի գիտակցության վերափոխմանը Պրակրիտիի գիտակցությանը, այնուհետև գերգիտակցությանը` այսինք Պուրուշայի գիտակցությանը։ Ըստ ուսմունքի՝ այդ վիճակին կարող է հասնել նա, ով կուրանա աշխարհիկ կյանքը, կդառնա խստակյաց և կզբաղվի յոգայով։

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել