UTK_1287Araratnews.am-ը գրում է.

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը՝ Եկատերինա Լապշինան, հայտնել է ամուսնու առողջական վիճակի վատանալու մասին, ով գտնվում է Բաքվի քննչական մեկուսարանում. հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Մարտի 17-ին Սաշան բողոքել էր իր առողջական վիճակի վատանալուց. ես այս մասին գրել էի: Երեկվա խոսակցությունից հետո նրա վիճակը լուրջ մտահոգությունների պատճառ դարձավ: Բացի գլխացավից, որը վերջին մի քանի օրերին դարձել է նրա մշտական «ուղեկիցը», նախորդ գիշեր նրա քթից արյունահոսություն է սկսվել»:

Լապշինայի խոսքով՝ մեկուսարանի բժիշկը նշել է, որ նրա ամուսնու հետ ամեն ինչ կարգին է, սակայն կինը շարունակում է անհանգստանալ:

«Ադրբեջանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի ծառայության ղեկավար Մեհման Սադիհովը, սակայն, հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ Ալեքսանդր Լապշինն առողջական խնդիրներ ունի»,- նշել է Լապշինան:

«Ես, իհարկե, այդ մասին տեղեկացրել եմ հյուպատոսությանը, Կարմիր խաչին և ես ոչ մի կասկած չունեմ, որ նրանք կարող են անհրաժեշտ որակյալ օգնություն տրամադրել Սաշային, և նա բժշկական հետազոտության կենթարկվի»,- գրել է բլոգերի կինը:

Նա նաև իր խորին երախտագիտությունն է հայտնել Ադրբեջանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին, որը Լապշինի իրավիճակը պահում է վերահսկողության տակ:

Նշենք, որ Լապշինի դեմ երկու քրեական գործ է հարուցված, որով նրան սպառնում է 8-15 տարվա ազատազրկում:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էր ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու որոշման դեմ ներկայացված բողոքը, և նույն օրը բլոգերին արտահանձնել էին Բաքու:

Հիշեցնենք, որ Մինսկի ոստիկանությունը Լապշինին ձերբակալել էր 2016-ի դեկտեմբերի 15-ին, ով բնակվում է Մոսկվայում և գրում ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա հետախուզվում է Ադրբեջանում՝ 2011-ի ապրիլին, 2012-ի հոկտեմբերին և 2016-ի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011-ին նրան ներառել էր իր կողմից հետախուզվող անձանց ցուցակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել