Armenpress.am-ը գրում է.

Ռուսական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ 2017  թվականին Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակից Արծվիկ Հարությունյանին կարող են արգելել մուտք գործել Ուկրաինա՝ Ղրիմ այցելելու պատճառով:

Ուկրաինայի անվտանգության ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն ասել է, որ եթե Հարությունյանը եղել է թերակղզում, ապա նրա մասով առանձին որոշում կկայացվի։ «Արմենպրես»-ին առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ Հայաստանն արդեն մեկ տասնամյակից ավելի է մասնակցում է Եվրատեսիլին:

Այժմ էլ ընթանում են այս տարվա մրցույթի նախապատրաստական աշխատանքները: «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն այս թեմայի վերաբերյալ որևէ պաշտոնական գրություն չի ստացել»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում:

Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Մրցույթն այս տարի «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո: Օրերս կայացել է «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան. Արծվիկը եվրատեսիլյան երկրպագուներին և եվրոպաբնակ հանդիսականին կներկայանա “Fly with me” երգով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել