Հայաստանի համար կենսական նշանակություն ունի ներդրումային հոսքերի ավելացումը: Այս ուղղությամբ մշտապես քայլեր են իրականացվել, սակայն անելիքներ դեռ շատ կան: Փորձ է արվում մեծացնել Հայաստանի ներդրումային գրավչությունը օտարերկրյա տնտեսվարողների համար: Քայլերից մեկը կարելի է համարել ներդրումային հիմնադրամների ձևավորումը:
Օրերս «Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի» և Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության միջև ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի՝ կստեղծվի հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։ Հիմնադրամի կապիտալը սկզբնական փուլում լինելու է 100 մլն դոլար, իսկ հետագայում, կախված անհրաժեշտությունից, այն կարող է ավելանալ։ Հիմնադրամը հիմնականում ֆինանսավորելու է գյուղատնտեսության, արդյունաբերության, տրանսպորտի, ենթակառուցվածքների ոլորտներին։
Առաջիկայում ակնկալվում է հիմնել նաև Հայաստանի ներդրումային հիմնադրամ, որի մասին մոտ օրերս ավելի հստակ հայտարարություններ կհնչեն: Հիմնադրամի նախնական կապիտալը կկազմի 100 մլն դոլար, որի ձևավորմանը պատրաստվում են մասնակցել այն գործարարները, ովքեր վարչապետի մոսկովյան այցի ժամանակ պատրաստակամություն էին հայտնել ՀՀ-ում իրականացնել ներդրումային ծրագրեր:
Ներդրումային հիմնադրամների ձևավորումը լավ հիմք կարող է հանդիսանալ Հայաստանում մասնավոր կապիտալի գործունեության ակտիվացման ճանապարհին: Այս տարի կառավարությունն ակնկալում է իրականացնել շուրջ 850 մլն դոլարի ներդրումային ծրագրեր: Բացի այդ՝ ներդրումային կապիտալի ավելացման համար ստեղծվել է ներդրումային ծրագրերի միասնական հարթակ։ Մասնավոր հատվածից, ճյուղային նախարարություններից, մարզերից և համայնքներից ներգրավվել են շուրջ 5,2 մլրդ դոլարի բազմաթիվ բիզնես-ծրագրեր։ Հստակեցվել են ավելի քան 3,2 միլիարդի ֆինանսական ապահովվածության խնդիրներ։