«Ֆուլ Հաուսի» հինգերորդ եթերաշրջանից հայտնի Լիլին, ով օրեր առաջ Հայաստանում էր, այցի ժամանակ լուսանկարվել է BlogNews.am-ի ֆոտոշարքում, իսկ զրույցի ընթացքում խոսել է կյանքում առաջնորդվող կանոններից, կնոջ կարևոր առավելություններից, ինչպես նաև դերասանուհու, մոդելի կարիերայից և մի քանի դրվագ է պատմել անձնական կյանքից:
Ես առայժմ չեմ պատկերացնում՝ «Ֆուլ Հաուս»-ը իմ կյանքում ինչ մեծ դեր ունեցավ, որովհետև դեռ տաք եմ և բացի այդ՝ Հայաստանում չեմ բնակվում, որ զգամ ազդեցությունը: Իհարկե, նախագիծն ինձ մեծ ճանաչում բերեց, նույնիսկ Մոսկվայում հայերը մոտենում են, լուսանկարվում և դրական խոսքեր են ասում:
Մոսկվայում ես կյանքս եմ վայելում և զբաղվում եմ տարբեր աշխատանքներով: Առհասարակ, աշխատում եմ կյանքս հիմնական ինչ-որ աշխատանքի հետ չկապել: Երազող չեմ, պարզապես փորձում եմ կյանքս ապրել ժամանակին համընթաց: Զգում եմ՝ ինչպես է ժամանակն արագ գնում, ինքս էլ վախենում եմ կյանքում ինչ-որ բան չհասցնելուց, դրա համար էլ փորձում եմ մինչև վերջ մի բանի չտրվել: Շատ սիրում եմ նկարահանվել, դա իմ առաջին հոբբին է, սիրում եմ սպորտը, սիրում եմ զբոսնել, եթե ինչ-որ քաղաքում եմ, սիրում եմ ճանապարհորդել, դրա համար ես չեմ կարողանում մի տեղում մնալ: Օրինակ՝ կարող է հենց այս պահին որոշեմ, ցերեկը գնեմ տոմս և երեկոյան թռչեմ, ու ինձ խանգարող ոչ մի հանգամանք չպետք է լինի:
Հայաստանում ես ավելի պահանջված եմ, մասնակցում եմ տարբեր նախագծերի, այստեղ իմ ընկերներն են, և Երևանում ավելի շատ հնարավորություններ ունեմ:
Անկեղծ ասած՝ չկա ոչ մի կտրուկ բան, որ ասեմ՝ այսպես չեմ նկարահանվի: Չեմ ցանկանա խոսել բաց տեսարաններում նկարահանվելու մասին, քանի որ չեմ ուզում դա հնչի որպես հայկական տաբու: Իհարկե, եթե, օրինակ Victoria՛s Secret-ից ստանամ առաջարկ, կնկարահանվեմ, դրա համար չեմ ցանկանում դրա մասին բարձրաձայնել: Կյանք է, ամեն ինչ փոխվում է, տեսակետներ են փոխվում, և ես նույն կերպ չեմ մտածում հիմա, ինչպես, օրինակ, կմտածեի մի քանի տարի առաջ: Բայց սկզբունքեր ունեմ, և եթե մի բան իմ ներաշխարհին չի համապատասխանում, դա չեմ անի, որքան էլ դա ինձ վերելք տա: Եթե ես ինձ հանգիստ չզգամ և սիրով չանեմ, ապա ինձ համար դա կորցնում է իմաստը:
Ինձ հաճախ ասում են՝ ինչ լավ է, որ դու չունես հայկական կոմպլեքսավորվածություն: Եթե եկել եմ քասթինգի, չեմ ասում՝ կնկարահանվեմ, բայց հայրիկիս հետ խոսեմ, եղբորս կամ նշանածիս հարցնեմ, կիսաշրջազգեստս պետք է ծնկից ներքև լինի, ես այդպիսի պայմաններ չեմ դնում, և ինչպես ասում են ինձ հետ աշխատած մարդիկ, ինձ հետ բավականին հեշտ է: Իհարկե, ես էլ ունեմ իմ սահմանները, որոնք Հայաստանի համար բավականին լայն են:
Մոսկվայում էլ եմ դիմել մի քանի մոդելային ընկերությունների, մասնակցել եմ քասթինգների և երբ իմացա, թե այնտեղ ինչքան են ստանում, հասկացա, որ մեր մոդելային աշխարհը շատ տխուր վիճակում է: Ռուսաստանում դու մեկ նկարահանմամբ կարող ես հոգալ քո ամսական ապրուստը:
Առհասարակ, իմ կյանքի նշաձողը բարձր է, ես իմ հանդեպ էլ եմ պահանջկոտ, իմ մտերիմների հանդեպ էլ և, բնականաբար, այն մարդկանց, ովքեր ինձ հետ աշխատում են: Նշաձող գցելը, իհարկե, ճիշտ չեմ համարում, բայց բացառություններ լինում են, եղել են դեպքեր, երբ անվճար էլ եմ նկարահանվել: Ես չեմ կարող քննադատել այն մոդելներին, ովքեր այսօրվա օրով հարմարվում են հոնորարներին, քանի որ ես գիտեմ՝ աղջիկներն ինչ վաստակեցին իրենց նկարահանումներից, դրանով էլ ապրում են:
Չափից շատ ինքնուրույն եմ. ցավոք, այդպես եմ բոլոր հարցերում: Դա գալիս է նրանից, որ ես 13 տարեկանից տեղափոխվել եմ Հայաստան ծնողներիս որոշմամբ: Ապրել եմ տատիկիս հետ և փորձում էի ինքս տնօրինել իմ քայլերը: Այս տարիքում ես հասկանում եմ, թե դա որքանով ունի իր դրական և բացասական կողմերը: Դրական է, քանի որ ես կյանքում չեմ կորի, մայրս ասում է՝ երբ դու իմ կողքին ես, ես ոչ մի բանից չեմ վախենում: Ես ցանկացած հարց կարող եմ լուծել ինքնուրույն:
Ֆինանսապես երբեք չեմ ձգտել ինքնուրույնության: Ծնողներիս աջակցությունը միշտ եղել է, բացի դրանից՝ ձգտել եմ կին լինելու իրավունքից օգտվել և համարել եմ, որ տղամարդը պետք է վաստակի, որպեսզի պահի ընտանիքը, իսկ կնոջ աշխատածը իրենն է: Ինչ-որ չափով անկախ եմ, բայց չեմ կարծում, որ երբ քեզ հրավիրում են ընթրիքի, դու պետք է դրա համար վճարես:
Այնպես չէ, որ իմ անձնականը շատ եմ թաքցնում, բայց աշխատանքային կյանքի հետ աշխատում եմ չխառնել: Տղամարդը պետք է ավելի ուժեղ լինի, մի քիչ էլ դու պետք է քեզ թուլացնես: Երբ մարդուն ընտրել ես, դու պետք է նրան ուժեղացնես, եթե դու տեսնում ես, որ կարող ես ինչ-որ բան իրենից լավ անել, դու ավելի լավ է լռես կամ չանես: Ես կարող եմ տարիներով մենակ ապրել և կարիք չզգալ տղամարդու, բավականին ինքնաբավ եմ և չեմ տխրում, երբ, օրինակ, մենակ եմ: Ինձ շատ հետաքրքիր է ինձ հետ, բայց երբ իմ կողքին հայտնվում է տղամարդ, ես ուզում եմ լինել նուրբ էակ, և դրա հետ մեկտեղ պատրաստ եմ լինել նրա համար թիկունք:
Խելացի կնոջ համար բավականին բարդ է այսօր: Ես միշտ ասում եմ՝ եթե կինը ուզում է լինել երջանիկ, պետք է լինի մի քիչ հիմարիկ և ուրախ, որովհետև տղամարդը թեթևություն է ման գալիս, տղամարդուն պետք չէ շատ խորը մտածող կին, իհարկե, բոլոր տղամարդկանց մասին չէ, որ ասում եմ: Իմ կարծիքով՝ ամենաերջանիկները հենց այդ աղջիկներն են:
Ես պերֆեկցիոնիստ եմ, և դա ինձ կյանքում ինձ շատ է խանգարում: Պետք է ընդունեմ, որ մեծանալուն զուգընթաց շտկվում եմ և այդքան կատեգորիկ չեմ նայում տարբեր հարցերի: Շատ ուրախ կլինեմ, եթե կարողանամ մի քիչ մեղմ լինել և ոչ այդքան կատեգորիկ, որովհետև ես գիտեմ՝ կյանքը բաղկացած չէ սպիտակ և սև գույներից:
Չափից շատ անկեղծ եմ, երբեմն նույնիսկ անտակտ ձևով: Առհասարակ, հասկացել եմ, որ նույնիսկ խորհուրդ պետք չէ տալ, եթե մարդը չի խնդրում: Պետք է լռել: Հիասթափություններ պարբերաբար եմ ապրում, կարող եմ հիասթափություն ապրել անգամ խոհանոցում, երբ ինչ-որ բան եմ պլանավորել և մի քանի անգամ պատրաստելիս չի ստացվել: Ամեն դեպքում դա մեր կյանքի մի մասն է, բայց ես դա դիտարկում եմ որպես աճելու հնարավորություն, որովհետև երբեմն մենք հիասթափվում ենք, և խնդիրը դիմացինի մեջ ենք փնտրում, բայց հաճախ մեր դերն էլ կա:
Շատ քիչ մարդկանց եմ ինձ մոտիկ թողնում, բայց եթե թողնեմ, էլ բաց չեմ թողնում: Բավական է մի անգամ մարդու հետ շփվել, զգում եմ նրա տեսակը: Ինձ համար շատ կարևոր է մարդու խորությունը: Վերջերս մի քանի նոր ծանոթություն եմ ունեցել աղջիկների հետ, բայց երկու ժամ զրուցելուց հետո ձանձրացել եմ և նույնիսկ մտածում էի՝ այսպիսի դեպքերում տղաները ինչպե՞ս են վարվում: Իմ ամենամոտ ընկերուհին իմ հակապատկերն է, մենք սև ու սպիտակ ենք ամեն հարցում, սակայն արդեն տասը տարուց ավել է՝ ընկերություն ենք անում, և դա գալիս է նրանից, որ ինքն էլ բազմակողմանի մարդ է և ինձ երբեք չի դավաճանում:
Ես բաց եմ առաջարկների համար: Եթե կարող եմ ինչ-որ աշխատանք անել, որը կդառնա ինձ համար նոր հորիզոն, ապա մեծ սիրով կանեմ: Իհարկե, ինչը որ իմ ուժերի սահմաններում կլինի: Ես չեմ կարող ինձ իրավունք վերապահել և ասել, որ դերասան եմ, ես անգամ մոդել էլ չեմ, պարզապես մի մարդ եմ, ով փորձում է վայելել այն, ինչ անում է: Քանի դեռ դրա պահանջարկը կա, ես դա կանեմ, երբ այլևս չի լինի, և մի օր զգամ, որ ես դա անում եմ մնացածից վատ, հաստատ էլ չեմ շարունակի:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Դիմահարդարումը՝ Մադլեն Անանյանի /Aga Kankanyan Image Studio/
Վարսահարդարումը՝ Նանա Ղազարյանի /Aga Kankanyan Image Studio/
Զգեստը և ժակետը՝ Նելիի Սերոբյանի
Մորթե ժակետը՝ Վարդիթեր Մուրադյանի
Նկարահանումը իրականացվել է՝ Անի Պլազա հյուրանոցում