Ես մենակ եմ, նորից մենակ եմ, միշտ եմ մենակ եղել և վախենում եմ, մահու չափ վախենում եմ միայնակ կնքել նաև իմ մահկանացուն: Գուցե ճիշտ է այն միտքը, որ մարդիկ մենակ ծնվում են, մենակ ապրում իրենց կյանքը և մենակ էլ հեռանում այս աշխարհից:

Միայն Դու ես ինձ հետ, Դու, իմ Երկնային Հայր, Ով, ինքս իմ շուրջը ստեղծած լռության մեջ, լուռումունջ հետևում է իր հոտը կորցրած մոլորյալ գառնուկի հոգու տվայտանքներին: Ախ, միայն Քո ներկայությունը, Քո շունչն ինձ բավական կլիներ թոթափելու հոգիս ներսից կրծող մենության այս զգացումը, բայց Դու էլ ես լռում, Քեզ էլ այլևս չեմ լսում: Գուցե Դու խոսում ես ինձ հետ, լսում իմ աղոթքները, այդ ես եմ, ես եմ, որ չեմ լսում, չեմ լսում պատասխանն իմ աղոթքի: Բայց չէ՞ որ Դու կատարյալ ես, իսկ ես՝ հասարակ մի մահկանացու: Բայց ես գիտեմ, որ Դու սպասում ես ինձ, համբերատար սպասում ես ձեռքերդ ինձ պարզած, որ մի օր կվերադառնամ, կվերադառնամ անառակ որդու նման: Ինձ էլ մնում է միայն հավատալ. հավատալ և աղոթել, որ իմ հաղթական վերադարձից հետո, ինչպես հավատարիմ զինվոր հավատքի զենքերով կպայքարենք՝ մարդկանց մենության ճիրաններից փրկելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել