Լուրջ տարաձայնություններ են ծագել արաբական և թյուրքական ծագման որոշ խմբավորումների շրջանումԸստ մի շարք աղբյուրների՝ լուրջ տարաձայնություններ են ծագել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի աջակցությամբ իրականացվող «Եփրատի վահան» ռազմագործողության շրջանակներում ներառված արաբական և թյուրքական ծագման որոշ խմբավորումների շրջանում. մի քանի տասնյակ զինյալներ հրաժարվել են կատարել թուրք հրամանատարների հրամանները: Ըմբոստությունը տեղի է ունեցել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Հալեպի նահանգի ալ-Ռայի քաղաքում, դրա մասնակիցները կոչ են արել իրենց զինակիցներին ևս միանալ բողոքի ակցիային:

Իսկ զինյալների շրջանում ծագած դժգոհությունների հիմնական պատճառը աշխատավարձերի թերվճարման կամ ընդհանրապես չվճարելու դեպքերն են. նախապես խոստացված ամերիկյան 400 դոլարի փոխարեն զինյալներին վճարվել է 400 թուրքական լիրա, այսինքն՝ մոտ 4 անգամ պակաս: Բացի այդ՝ «ընդդիմադիր զինյալներն» իրենց դժգոհությունն են հայտնել թուրքական բանակի գործողությունների առնչությամբ, քանի որ թուրքական ԶՈՒ-երը չեն ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն մարտական գործողությունների ընթացքում:

Վերոնշյալ միջադեպերը հերթական ապացույցն են այն իրողության, որ «Եփրատի վահան» ռազմագործողության մեջ ներառված, այսպես կոչված, սիրիական ընդդիմադիր խմբավորումներն իրականում Թուրքիայի կողմից և նրա ֆինանսական ներդրումներով ստեղծված վարձկանների խմբեր են, որոնց միջոցով այդ երկրի իշխանությունները ձգտում են առարկայացնել իրենց շահերը հարևան Սիրիայի տարածքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել