Картинки по запросу օրօԱռանց գնահատականներ տալու ուղղակի ընդհանրացնենք այս դաշինքի առաջնորդների մտքերը։ Միայն մի հիշեցում՝ ներկայումս երկրի կառավարող ուժը՝ ՀՀԿ-ն, քաղաքական իշխանության մաս է կազմում հեռավոր 1995 թվականից, իսկ 1998-ից ՀՀԿ-ն հիմնական իշխանական ուժն է, որի առանցքի շուրջ են ձևավորվել անցնող տարիների ընթացքում տարբեր իշխանական կոալիցիաները։ Հիմա Վարդան Օսկանյանն ասում է, որ իրենց իշխանավարման տարիներին (1998-2008) ամեն ինչ հալած յուղի նման մաքուր և ճշմարտացի է եղել։ Ոչ մի սխալ չի եղել արտաքին և ներքին
քաղաքական համատեքստում, քաղբանտարկյալներ չեն եղել, Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում առավելությունը եղել է հօգուտ հայկական կողմի, տնտեսությունն աճել է, արտագաղթ չի եղել, շենքեր են կառուցվել, հայ-իրանական գազամուղն է կառուցվել, սփյուռքի կողմից բարձր վստահելիության աստիճան է ունեցել իշխանությունը և այլն։
Սեյրան Օհանյանը 2008-ի ապրիլ ամսից մինչև «ընդդիմադիր» դառնալը եղել է ՀՀ Պաշտպանության նախարարը, իսկ մինչ այդ երկար տարիներ տարբեր բարձրաստիճան զինվորական պաշտոններ է զբաղեցրել։ Քարոզարշավի ընթացքում Օհանյանը հայտարարում է, որ իր՝ բանակում աշխատելու տարիներին բանակն անշրջելի փոփոխությունների է ենթարկվել, և ներկայումս մեր բանակում կոռուպցիոն ռիսկերը նվազեցվել են, ընտրությունների ընթացքում մեր բանակը չի խառնվել քաղաքական գործընթացներին, որևէ զինվորի չեն ստիպել ընտրությունների ընթացքում իր կամքին հակառակ ընտրություն կատարի, ապրիլյան քառօրյայի ժամանակ մեր կորցրած 700 հեկտար հողատարածքն էլ, ըստ Օհանյանի, ռազմավարական նշանակություն չունեցող և չեզոք գոտում գտնվող հողատարածքներ են եղել։
Րաֆֆին կամ Արմենը, կամ Արմենն ու Րաֆֆին էլ ասում են, որ Հանրապետական կուսակցությունը թալանել է երկիրը, Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է, Ղարաբաղյան հարցում մենք միայն զիջումներ ենք արել, և իշխանափոխությունից հետո պետք է ամբողջությամբ վերանայել ԼՂ բանակցային գործընթացում մինչ այս եղած ԱՊԱԶԳԱՅԻՆ քաղաքականությունը, բանակը թաղված է կոռուպցիայի մեջ, ապրիլյան քառօրյայի ընթացքում մենք կորցրել ենք ռազմավարական նշանակության տարածքներ, իսկ իշխանություններն այս ողջ ընթացքում բանակցել են հողային զիջումներ անելու շուրջ։ Հա, մոռացա ասեմ, մեկ էլ ասում էին, որ «Պարոն Փուդինից հաղթանակ են բերելու»։
Արդյունքում ի՞նչ է դուրս գալիս. Վարդան Օսկանյանն ու Սեյրան Օհանյանն ասում են, որ իրենց իշխանավարման տարին, որը նույնն է, թե ՀՀԿ-ի իշխանավարման տարին, մենք բոլորս ապրել ենք ծաղկող, զարգացող Հայաստանում, ու այստեղ արդեն հարց է առաջանում՝ այդ դեպքում դուք ինչո՞ւ եք իշխանության ձգտում։ Ուրեմն՝ կա՛մ ուղղակի պաշտոն եք ուզում, կա՛մ էլ ստում եք, թե ձեր իշխանավարման տարիներին ամեն ինչ լավ է եղել՝ այդպիսով խուսափելով կատարված սխալների համար ձեր պատասխանատվությունից։ Արմեն Մարտիրոսյանենք էլ տրամագծորեն հակառակն են ասում, բայց եկել ու այս մարդկանց հետ նույն դաշինքով մասնակցում են ընտրություններին։ Մի խոսքով՝ 7 հոգով 15 երգ են երգում ու լուրջ դեմքով սպասում են 3 տոկոսից ավել քվեի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել