Երեխայի մտածողությունն ու երևակայությունը զարգացնելու համար լավագույն եղանակն ընթերցանությունն է: Սակայն ներկայիս տեխնոլոգիական զարգացման շրջանում շատ բարդ  է դարձել երեխային ցույց տալ ընթերցանության առավելությունները համացանցի նկատմամբ:

BlogNews-ը ձեզ կօգնի երեխայի մոտ սեր առաջացնել ընթերցանության հանդեպ հենց վաղ տարիքից: Ահա 6 հնարքներ դրան հասնելու համար:

1. Ձեր երեխայի համար գիրք կարդացեք հենց վաղ մանկությունից

Գիրք կարդացեք երեխայի համար ոչ միայն քնելուց առաջ: Թող երեխայի առաջին խաղալիքները լինեն մանկական գրքերը: Դարձրեք ընթերցանությունն ավանդական ժամանցային արարողակարգ, որը ձեզ կօգնի ցանկացած պահը դարձնել հետաքրքիր և կտեղափոխի հեքիաթային աշխարհ:

2. Ճնշում մի՛ գործադրեք երեխայի վրա նրան հնարավորինս վաղ տարիքից կարդալ սովորեցնելու համար

Գոյություն ունի այսպիսի մի կարծրատիպ, համաձայն որի՝ երեխայի ինտելեկտի մակարդակը որոշվում է նրա կարդալու կարողություններով: Սակայն դա այդպես չէ: Յուրաքանչյուր երեխա ունի իր ինդիվիդուալ ռիթմը և յուրաքանչյուրը սովորում է խոսել, քայլել, կարդալ իր ժամանակին: Սակայն ծնողների փառասիրությունն ու ամբիցիաները բերում են նրան, որ ծնողները սկսում են հնարավորինս վաղ տարիքից երեխային պարտադրաբար կարդալ սովորեցնել, իսկ հետո էլ զարմանում են, թե ինչու երեխան կարդալ չի սիրում:

3. Ընթերցե՛ք միասին և հարգե՛ք երեխայի նախասիրությունները

Երեխայի մոտ ընթերցանության հանդեպ սեր արթնացնելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել երեխայի նախասիրություններին: Թույլ տվեք, որ նա ինքն ընտրի ստեղծագործությունը: Որոշ երեխաներ սիրում են կարճ պատմվածքներ, ոմանք՝ երկար պատմություններ, որպեսզի հնարավորինս երկար մնան իրենց սիրելի հերոսի հետ: Բացի այդ՝ մի մասը սիրում է հեքիաթներ, իսկ մյուսը՝ արկածային պատմվածքներ և այլն:

4. Ընթերցանությունը հաճելի խաղ դարձրե՛ք

Պատմել երեխային, որ գիրք կարդալով նա կդառնա ավելի խելացի և կկարողանա ընդունվել լավ համալսարան, հարկավոր չէ: Սրանք անհետաքրքիր թեմաներ են երեխայի համար: Երեխաները կսկսեն գիրք կարդալ, եթե ընկալեն այդ գործընթացը որպես հետաքրքրաշարժ խաղ: Հորինե՛ք խաղի պայմաններն ու կանոնները: Հնարավոր տարբերակներից մեկը ստեղծագործական մոտեցումն է: Սկսե՛ք ինքներդ հորինել պատմություններ: Երեխայի հետ մտածեք, թե ինչ կլինի հերոսների հետ գիրքը ավարտելուց հետո, կամ էլ հորինեք նախապատմությունը: Սա երեխայի մոտ ստեղծագործական մտածողություն կձևավորի: Բացի այդ՝ նրան կսկսեն հետաքրքրել ավելի բարդ գրքերը՝ ավելի երկար և խճճված սյուժեով:

5. Դարձրե՛ք գրքեր գնելու գործընթացը մի հետաքրքիր արկած

Գրքի հետ ծանոթությունը նույնպես կարելի է դարձնել հետաքրքիր խաղ: Գրախանութում երեխային ժամանակ տվեք գրքերն ուսումնասիրելու, թերթելու, նկարները նայելու, նախաբանը կարդալու: Գնելուց հետո կարելի է հանդիսավոր կերպով մի քանի թերթ կարդալ քնելուց առաջ: Այս հնարքների միջոցով դուք երեխային ասես ներքաշում եք գրքերի հեքիաթային աշխարհ:

6. Կրճատե՛ք էլեկտրական տեխնիկային հատկացվող ժամանակը

Համացանցի և հեռուստատեսության շնորհիվ երեխան ինֆորմացիան միանգամից ստանում է վիզուալացված եղանակով: Այսպիսով՝ ուղեղը սովորում է աշխատել ավելի քիչ էներգիա սպառելով, քանի որ ընթերցանությունն ավելի բարդ պրոցես է և ուղեղից ավելի շատ ջանք է պահանջում: Այսպիսով, իհարկե, կարիք կա կրճատելու տեխնիկայի քանակությունը երեխայի առօրյայում:

Եվ ամենակարևորը՝ կարդացե՛ք ինքներդ, չէ՞ որ դուք ձեր երեխայի համար օրինակ եք ծառայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել