Ուզենք, թե չուզենք` գտնվում ենք հետընտրական պրոցեսների մեջ: Բնական, թե կեղծ կերպով տեղի է ունեցել ժողովրդի որոշակի համախմբում Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջը, ու թե դա ինչքա՞ն կտևի, ներկա դրությամբ այդքան էլ կարևոր չի, քանի որ անկախ ամեն ինչից` այդ համախմբումը ձգվելու է նվազագույնը մինչև մայիս` Երևանի ավագանու ընտրությունների ժամանակահատվածը: Ներկայիս համախմբումը (բնական, թե կեղծ) ներքաղաքական դաշտում որոշակի փոփոխությունների է հանգեցրել, ու այդ փոփոխությունների արդյունքում կարծում եմ, որ ավագանու ընտրություններին Կոնգրեսի մասնակցելու որոշումը սխալ էր, առավել ևս, երբ Կոնգրեսում ընթանում են լուրջ փոփոխություններ՝ կապված ՀԱԿ կուսակցության ստեղծման հետ: 

 

Վստահ եմ, որ ավագանու ընտրությունների իշխանության խփած արդյունքները ՀՀԿ-ի մասով լավագույն դեպքում արտացոլելու են 2009թ.-ի արդյունքները, իսկ Կոնգրեսին այս դեպքում հատկացնելու են 4-րդ կամ նույնիսկ 5-րդ տեղը: Օգտագործելով ներկայիս իրավիճակը` իշխանությունները ջանք չեն խնայելու Կոնգրեսի ձայները լիովին փոշիացնելու համար: Այդ պրոցեսը վաղուց է սկսվել ու ինքնախաբեություն կլինի դա չնկատելը: 

Քանի որ Կոնգրեսը նախագահական ընտրություններին չմասնակցելը պատճառաբանել է որպես` Կոնգրեսը անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցելը, իսկ մասնակցելը կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը, ապա 3-4 ամիս անց ավագանու ընտրություններին մասնակցելու որոշումը կարող էր հասկանալի լինել այն դեպքում, երբ հաջողվեր մնացած քաղաքական ուժերի հետ միասնական ցուցակ կազմել, բայց քանի որ միասնական ցուցակ կազմել չհաջողվեց, ապա ավագանու ընտրություններին Կոնգրեսի մասնակցությունը ընկալելի չէ, եթե ոչ անընդունելի: 

Կոնգրեսը չպիտի կայացներ ավագանու ընտրություններին մասնակցելու որոշում, իսկ քաղաքական մասով պիտի աներ մոտավորապես այն, ինչ արեց «Ժառանգությունը» 2009թ.-ին: Կոնգրեսը պիտի հայտարարեր` քանի որ գտնվում ենք հետընտրական փուլում, ու քանի որ ներկա դրությամբ կա ժողովրդի որոշակի համախմբում, ուստի մենք չենք ուզում, որ ընդդիմության ձայները տրոհվեն, փոշիանան, և ժողովրդին կոչ ենք անում` իր ձայնը տալ ընդդիմությանը: Այս քայլը, լայն կտրվածքով, Կոնգրեսին հաստատ շատ ավելի քիչ կվնասեր, քան` մասնակցելը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել