Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Երբ ես գրում եմ, որ մեր հիմնական խնդիրը հասարակական է, մարդկանց մեծամասնությունն ինձ հետ չի համաձայնում և շարունակում է մնալ այն համոզման, որ չար, ագահ, հանցագործ մարդկանց պետք է փոխարինել բարի և մեծահոգի մարդկանցով, և ամեն ինչ կփոխվի։ Իսկ հանցագործները պետք է դաժանորեն պատժվեն։

Բայց իրականում ոչ մի դաժանություն էլ պետք չէ։ Խնդիրը շատ ավելի պարզ է։ Եթե, ենթադրենք, իմ որդին հանցագործություն է կատարել նա պետք է դատվի և ազատազրկվի։ Ես, իմանալով նրա ձերբակալության լուրը, չպիտի ինձ պատեպատ խփեմ ՝ նրան պատասխանատվությունից ազատելու կամ նրա պատիժը մեղմացնելու համար։ Նա պետք է նույն պատիժը կրի, ինչպես ցանկացած, «անտեր տղա»։ Ես կվարվե՞մ այդպես։ Խիստ կասկածում եմ։ Մենք օդի մեջ, վերացականորեն բողոքում ենք՝ «ախ, անպատժելիություն», «ախ, կամայականություններ», բայց երբ դա անձամբ մեզ է վերաբերում, մենք շատ ավելի «լայն և բազմաշերտ» ենք պատկերացնում իրականությունը։

Մյուս մեր հասարակական խնդիրն այն է, որ մենք ոչ թե քաղաքացիներ ենք, ոչ թե ընտրողներ ենք, այլ ուզվորներ։

Նրանք, ովքեր ընդհանրապես կորցրել են արժանապատվությունը, ընտրությունների ժամանակ պարզապես ողորմության են ուզում, ինչը նրանց այս շրջանում հաճույքով տրվում է։ Նրանք, ովքեր դեռևս չեն կորցրել արժանապատվության վերջին փշուրները, ասում են՝ «մի հատ գործ տվեք» (ենթադրելով, հավանաբար, որ ինչ-որ հիմնարկում ինչ-որ ժամանակ են անցկացնելու և դրա դիմաց աշխատավարձ են ստանալու)։ 21-րդ դարում շուկայական հարաբերությունների պայմաններում աշխատանք չեն մուրում, աշխատանք ստեղծում են։ Դա դժվար է հասկանալ, բայց առանց այդ գիտակցության մենք չենք կարողանա կայուն պետություն ունենալ»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել