Image result for putin erdogan 2017Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը: Հանդիպման ավարտին Պուտինն ու Էրդողանը պատասխանել են լրագրողների հարցերին: Հենց այստեղ էլ Թուրքիայի բռնապետը մի ուշագրավ հայտարարություն է արել․ «Պուտինի հետ մենք քննարկել ենք Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան միության ձևավորման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերը»,- ասել է Էրդողանը:
Էրդողանի հայտարարության մեջ ոչինչ պատահական չէ: Թուրքիայի ֆաշիստ բռնապետը հասկացրել է, որ եթե Արցախյան հակամարտությունը լուծի հօգուտ Անկարայի և Բաքվի, ապա վերջիններս Մոսկվայի հետ կստեղծեն միություն:
Որքան հասկանալի է, Էրդողանը փորձում է կրկնել այն, ինչ ժամանակին հաջողվել էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին: Հիշեցնեմ, որ Աթաթուրքը կոմունիստական Ռուսաստանի ղեկավար տկարամիտ Լենինին համոզել էր, որ Թուրքիան կդարձնի սոցիալիստական երկիր, որտեղից կոմունիզմը կտարածի ամբողջ Մերձավոր Արևելքով մեկ: Լենինին համոզելու համար, որ իր ասածը իրականություն է, Աթաթուրքը կատարեց առաջին քայլը. Թուրքիայի դրոշը «ներկվեց» կարմիր գույնով: Ոգեշնչված այդպիսի ապագայից՝ Լենինը նախաձեռնեց ամրապնդել ռուս-թուրքական հարաբերությունները: Սակայն բոլշևիկների առաջնորդն այդ ամենը արեց ՀԱՅ ժողովրդի հաշվին: Լենինի և Աթաթուրքի նախաձեռնությամբ 1921 թ-ի ՄԱՐՏԻ 16-ին ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ին ԿԱՐՍՈՒՄ կնքված պայմանագրերի հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց Արևելյան Հայաստանի բավական խոշոր մասը: Իսկ Թուրքիայի հարավկովկասյան սատելիտ, նորաթուխ Ադրբեջանը ստացավ Արցախը և Նախիջևանը: Բացի հայ ժողովրդին տարածքային կորուստներ պատճառելուց՝ Ռուսաստանի բոլշևիկները թուրքերին նաև ֆինանսական և ռազմական օգնություն տրամադրեցին, որի շնորհիվ թուրքերը ավարտին հասցրին 1914 թ-ից սկսված հայերի և Պոնտոսի ու Զմյուռնիայի հույների ցեղասպանությունը: Իր նպատակին հասնելուց հետո Աթաթուրքը երեք մատների կոմբինացիան ցույց տվեց Լենինին և նետվեց Արևմուտքի գիրկը, որտեղ և հանգրվանում է մինչև հիմա:
Նեոօսմանիզմի և նեոպանթյուրքիզմի ջատագով Էրդողանին հանգիստ չեն տալիս Աթաթուրքի դափնիները: Նա ինչո՞վ է պակաս Քեմալից, որ չխաբի Պուտինին և չստանա որևէ բան ռուսներից: Էրդողանը ենթադրում է, որ ռուսը երբեք իր հաշվին լավություն չի անի թուրքերին: Նա այդ լավությունը հավանաբար կանի ԿՐԿԻՆ հայերի հաշվին, ինչպես դա եղավ 1921 թ-ին: 2021 թ-ին մնացել է ընդամենը 4 տարի, և Էրդողանը շտապում է միջազգայնորեն ԱՆՎԱՎԵՐ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100 ամյակի տարելիցին մի նոր պայմանագիր ստորագրել ՌԴ-ի հետ՝ լեգիտիմացնելով այդ պայմանագրերը և վերականգնել հայերի կողմից Մոսկվայի և Կարսի պայմանագրերի խախտված կետերից մեկը: Այդ «կետը» Արցախն է:
Բարբաջելով ռուս-թուրքական միության մասին՝ Էրդողանը բացեիբաց ակնարկել է, որ այդ միությունը ստեղծելու գինը մեկն է՝ ռուսները պետք է սկուտեղի վրա Արցախը մատուցեն Բաքվին:
Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան միության ստեղծման մասին հայտարարությունը Էրդողանը պատահական չի արել հիմա: Ներկայիս պուտինյան Ռուսաստանը գտնվում է գրեթե նույն ԻԶԳՈՅ վիճակում, ինչ լենինյան Ռուսաստանը 1921 թ-ին:
Հետաքրքիր է, տեսնես նույն Պուտի՞նն էլ է էքստազի մեջ ընկել թուրքերի այս առաջարկից, ինչպես ժամանակին իր գործընկեր Լենինը:
Հուսով եմ՝ մեր ԱԳՆ-ն որևէ կերպ կարձագանքի: Գոնե հիմա չեն կարող ասել, որ սա զուտ ռուս-թուրքական հարաբերություններին է վերաբերում, քանի որ Էրդողանը բացահայտ առքուվաճառքի է հանել ՀԱՅԿԱԿԱՆ Արցախը:

Հ.Գ. Այս միության ստեղծման մասին խոսելիս Էրդողանն ասել է, որ սա «Եռյակ միություն» է: Ժամանակին մի «Եռյակ միության» անդամ էր նաև Օսմանյան կայսրությունը: Այն շատ տխուր վախճան ունեցավ և կործանեց իր փլատակների տակ ՉՈՐՍ կայսրությունների, որոնցից երկուսի հետնորդներն են նույն Թուրքիան և ՌԴ-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել