Armenpress-ը գրում է.
 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախքան Ֆրանսիայի Հանրապետություն պաշտոնական այցը հարցազրույց է տվել «Ֆրանս Պրես» գործակալությանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի ամենաուշագրավ հատվածները:
 «Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է անում միջազգային ուժերին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար՝ մեղադրելով իր ազգի ոխերիմ թշնամուն ռազմական «շանտաժի» մեջ»,- գրում է գործակալությունը:
 «Իմ կարծիքով, միևնույն է, վտանգը մշտապես առկա է, և առկա է լինելու այնքան ժամանակ, որքան ժամանակ Ադրբեջանը չհամոզվի, որ, իրոք, Լեռնային Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում»,- ասել էր Սարգսյանը:
 «Մտավախությունը, որ տասնամյակներ շարունակ տևող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը նորից կարող է սրվել, է՛լ ավելի է սաստկացել՝ անցած ապրիլին ամբողջ շփման գծի երկայնքով անկանոն կրակոցներ իրականացնելուց հետո, որը 1994 թվականի զինադադարից ի վեր ամենավտանգավոր բռնությունն էր:
 Մոսկվայի միջնորդությամբ իրականացված հրադադարը հանդարտեցրեց արյունահեղությունը մի քանի օրով, բայց Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի երկարաժամկետ միջնորդներն այդ դեպքերից ի վեր պայքարում են, որպեսզի վերականգնեն ընդհատված խաղաղ գործընթացը»,-գրում է «Ֆրանս Պրես»-ը:
 Ըստ «Ֆրանս Պրես»-ի՝ Սարգսյանը, ով մարտի 8-ին հանդիպելու է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին, փաստել է, որ Իլհամ Ալիևը ձախողում է յուրաքանչյուր առաջընթաց՝ պատերազմ սկսելու սպառնալիքներ ներկայացնելով:
 «Բայց ես ասում եմ, դա փոխզիջում չէ, դա շանտաժ է: Ասում է՝ չէ, սա փոխզիջում է: Իրենց փոխզիջումը այն է, որ եթե մենք ընդունենք իրենց բոլոր պահանջները, ապա իրենք ռազմական գործողություններ չեն վերսկսի Լեռնային Ղարաբաղի դեմ,- ասել է Հայաստանի առաջնորդը:
 «Սարգսյանը կոչ է անում Փարիզին, Մոսկվային և Վաշինգտոնին «ցույց տալ, կամ գոնե թվարկել այն հետևանքները կողմերից մեկի համար, ով կնախաձեռնի ռազմական գործողություն, և սա շատ ավելի կարող է սթափեցնել»,- նշվում է հարցազրույցում:
 «Ֆրանս Պրես»-ը նշում է, որ էներգակիրներով հարուստ Ադրբեջանը բազմիցս սպառնացել է ետ վերցնել այդ տարածաշրջանը ուժի միջոցով, բայց Հայաստանը խոստացել է ջախջախել թշնամու յուրաքանչյուր ռազմական գործողություն:
 «Պատերազմը ավարտվել է 1994 թվականի անկայուն հրադադարով, բայց երկու կողմերը երբևէ չեն ստորագրել խաղաղության պայմանագիր և Սարգսյանը զգուշացրել է, որ նոր պատերազմի մտավախությունը սրվում է»- գրում է «Ֆրանս Պրես»-ը:
 «Մեր հանրության մեջ կարծիք կա, որ ռազմական գործողությունների վերսկսումն ընդամենը ժամանակի հարց է. միգուցե՝ շաբաթների, միգուցե՝ ամիսների: Թեև Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, Պաշտպանության նախարարը մշտապես պետք է պատրաստ լինեն այն հանգամանքին, որ հենց վաղը ռազմական գործողությունները կարող են վերսկսվել»,- ասել է Սարգսյանը:
 «Ես չեմ կիսում այն կարծիքը, որ մոտ օրերս կարող են ռազմական գործողություններ սկսվել: Թեև, երբ գործ ունես անկանխատեսելի հարևանի հետ, ապա ամեն ինչ հնարավոր է»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Գործակալության բնորոշմամբ՝ ցանկացած նոր պատերազմ Արցախում կարող է հանգեցնել տարածաշրջանային հսկաներ՝ Ռուսաստանի և Թուրքիայի թշնամությանը Կովկասյան տարածաշրջանում, որը պատմականորեն եղել է նրանց աշխարհաքաղաքականության մրցակցության ասպարեզը:

ՀՀ Նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ Անկարան ղարաբաղյան հիմնախնդրում աջակցում է իր դաշնակից Ադրբեջանին:

«Երևանի և Անկարայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, քանզի 1993 թվականին Թուրքիան թրքախոս Ադրբեջանին աջակցելու համար փակեց իր սահմանը Հայաստանի հետ:

Թուրքիային զայրացնում է նաև այն փաստը, որ Երևանը պնդում է, որ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ կատարված զանգվածային սպանությունները պետք է ճանաչվի որպես ցեղասպանություն»,- հիշեցնում է «Ֆրանս Պրես»-ը:

«Ես կարծում եմ՝ այս փուլում հայ-թուրքական հարաբերությունները մտել են փակուղի,-ասել է Սարգսյանը,- հայտնի դարձավ, որ նրանք հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում են հայ-ադրբեջանական հարաբերություններով և այլևս դա չեն թաքցնում: Եվ բանը հասել է նրան, որ թուրքերի բոլոր հայտարարություններն արդեն իրական հայտարարություններ են, միակողմանի հայտարարություններ են՝ ի սատարումն Ադրբեջանի»:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին միլիարդավոր դոլարների արժողությամբ զենք մատակարարելուն՝ ասելով.

«Գիտեք՝ մեզ համար դա ծանր է նաև հասկանալի պատճառով, որովհետև Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է»:

«Մոսկվան վաճառում է զենք նախկին Սովետական Միության երկու պետություններին՝ և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, չնայած ռազմական դաշինք ունի միայն Հայաստանի հետ»,-նշում է գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել