Image result for isis in europeԱնցյալ շաբաթվա վերջին բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ անդրադարձել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գաղափարակիցների կողմից Բելգիայում նկարահանված և համացանցում տարածված տեսանյութին:
Ըստ այդմ՝ ԻՊ-ի կողմնակիցն ազատորեն քայլում է Անտվերպենի երկաթուղային կայարանում՝ նկարահանելով իր զբոսանքը: Նա իր ձեռքում է պահում թղթի կտոր՝ ահաբեկչական կառույցի սիմվոլիկայով և անգլերենով հետևյալ գրառմամբ՝ «Մենք դեռ այստեղ ենք»:
Անհատ իսլամականի կողմից տարածված այս տեսանյութի վերաբերյալ բավական լայն անդրադարձները միջազգային մամուլում մի քանի պատճառ ունեն: Անկախ այն հանգամանքից՝ կապ ունի՞ արդյոք ԻՊ-ը տեսանյութի շրջանառման հետ (իբրև քարոզչական պատասխան Իրաքում և Սիրիայում կրած պարտությունների) վերլուծությունների հեղինակները որոշ զուգահեռներ են տանում Բեռլինում և Անկարայում ամանորյա տոների ընթացքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ, որոնց հեղինակների ձեռագիրը բավական նման էր այս վերջինին. նրանք մինչ հարձակումը դարձյալ նման նկարահանումներ էին իրականացրել: Բացի այդ՝ որոշ դիտարկումներ են ներկայացվում՝ նաև անցյալ տարվա մարտին Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ կապված և այլն:

Այսուհանդերձ, համաշխարհային լրատվադաշտի նման ուշադրությունը շատ խորհրդանշական այս տեսանյութի նկատմամբ փաստում է նաև այն հոգեբանական տագնապի մասին, որ շարունակում է տիրել աշխարհում ԻՊ-ի հետ կապված ահաբեկչական սպառնալիքի պատճառով:
Եվ սա բնական է, որքան էլ կառույցն իր բնօրրանում՝ Իրաքում և Սիրիայում, լրջագույն կորուստներ է կրում, և արդեն իսկ կանխատեսելի է նրա մայրամուտն, այնուամենայնիվ, վերջին առնվազն 3 տարիներին ԻՊ-ի գործունեության ազդեցությամբ ամբողջ աշխարհում արթնացած իսլամական ծայրահեղ արմատական դրսևորումները ոչ միայն ժամանակ առ ժամանակ հոգեբանական ճնշման տակ կպահեն հատկապես արևմտյան պետությունների հասարակություններին, այլև չի բացառվում, որ կառարկայանան ահաբեկչական տարաբնույթ բռնարարքների տեսքով:

Ի վերջո, կարծես մոտենում է ԻՊ-ի գործունեության հետ կապված՝ փորձագիտական և մասնագիտական շրջանակների կողմից կանխատեսված այն շրջափուլը, երբ ահաբեկչական կառույցի պարտությունից հետո դրա կազմում ներկայումս գործող տասնյակ հազարավոր «ջիհադականները»՝ զինված նորացված ծայրահեղական գաղափարներով և մարտական լուրջ փորձով, վերադառնալու են իրենց բնակավայրեր՝ ուղղակի անվտանգային սպառնալիք ստեղծելով դրանց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել