Armenpress.am-ը գրում է.

Ադրբեջանական բանտում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինին առաջին անգամ թույլատրել են հեռախոսազանգեր կատարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է Լապշինի կինը` Եկատերինան:

«Վերջապես զանգեր են թույլատրել: Իհարկե, ոչ հաճախ և կարճ ժամանակով, սակայն գոնե կա կենդանի շփման հնարավորություն: Հնարավորություն կա Սաշային ասելու, որ նա մենակ չէ, նրա համար անհանգստանում են ընկերներն ու մտերիմները: Կարճ շփվեցինք, սակայն առնվազն կարող եմ ասել, որ նա առողջ է, ձայնը, չնայած ողջ կատարվող աբսուրդին, աշխույժ է»,- նշել է Եկատերինան:

Նա հույս է հայտնել, որ Լապշինը ազատ կարձակվի և կրկին հնարավորություն կստեղծվի տեսնել տարբեր վայրերից նրա ռեպորտաժները:


Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի համարվող Ալեքսանդր Լապշինը փետրվարի 7-ին հատուկ չվերթով Մինսկից տեղափոխվել էր Բաքու: Նույն օրն ավելի վաղ Բելառուսի գերագույն դատարանն ուժի մեջ էր թողել Ադրբեջանին Լապշինի արտահանձնման մասին երկրի գլխավոր դատախազության որոշումը:

Հունվարին Բելառուսի գլխավոր դատախազությունը վճռել էր Լապշինին արտահանձնել Ադրբեջանին՝ քրեական հետապնդման համար: Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ էր թողել Լապշինի արտահանձնման մասին դատախազության որոշումը: Բլոգերի փաստաբանները որոշել էին բողոքարկել այդ որոշումը վերջին ատյանում՝ Բելառուսի գերագույն դատարանում:

Բլոգերը ձերբակալվել է անցած տարվա դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Նրան ներկայացված մեղադրանքների համար կարող է 5-8 տարվա ազատազրկում սպառնալ:

Ադրբեջանը լրագրողին ներառել էր երկրի «սև ցուցակում» 2011-ին և 2012-ին Արցախ այցելելու համար:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել