Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 2-ին, Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար հայրենիքի համար կյանքը տված Գրիշա Հարությունյանի հարազատները նկատել են, որ իրենց բակում կառուցված զրուցարանի պատի վրայից անհետացել է հերոսի անունով տեղադրված հուշաքարը։ Կատարվածի մասին հերոսի մայրը՝ տիկին Անահիտը, տեղեկացրել է ոստիկանության Էրեբունու բաժին։ Ոստիկանները ժամանել են հերոսի անունը կրող զրուցարան, որը գտնվում է Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների 40 շենքի բակում։

Հարևանները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Մեր շենքում քառօրյա պատերազմի 2 նահատակված հերոս ունենք և այս զրուցարանը կառուցել էին և նրանց, և 2016 թվականի մյուս հերոս տղերքի հիշատակին։ Այսօր առավոտյան իմացանք, որ Գրիշի մայրը նկատել է, որ հուշաքարը պոկել ու տարել են։ Սրան անուն չկա տալու։ Դա վանդալիզմ է, բայց որ հայը նման վանդալիզմի հեղինակ կլինի, դա ներելի չէ։ Հիմա, չգիտենք՝ արդյո՞ք ոստիկանությունը կբացահայտի, բայց, միևնույն է, այն կատարողը կամ կատարողները ոչնչով չեն տարբերվում ազերիներից ու թուրքերից, քանի որ այդ ցեղերին է հարիր վանդալիզմ կատարելու մեծ հակումը»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,1997 թվականի փետրվարի 15-ին էր Երևանում ծնվել Գրիգոր Գևորգի Հարությունյանը և ո՞վ կասեր և ու՞մ մտքով այնժամ կանցներ, որ նա կմեռներ հերոսի մահով՝ իր հայրենիքի գոյության և բարօրության համար: Երևանի թիվ 127 դպրոցն ավարտելուց հետո նա անցել էր զինծառայության՝ ընդգրկվելով Արցախի Ջրականի պաշտպանական շրջանի զորամիավորումներից մեկի կազմում, որտեղ էլ հենց յուրացրել էր առաջնապահ-դիպուկահարի ռազմական մասնագիտությունը: 2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը, երբ ադրբեջանական պետությունը սանձազերծեց իր մշակած կայծակնային պատերազմի ռազմական գործողությունները, առաջնագծում էր գտնվում նաև նա:

Ապրիլի 2-ի կեսգիշերին հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակվում է հայկական կազմի 115 դիրքի վրա, որտեղ Գրիգորն իր ծառայակից ընկերոջ հետ էր միայն: Թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ, սակայն, նա չէր երկնչել և քայլ անգամ չէր նահանջել՝ ցուցաբերելով խիզախություն ու արիություն. մարտնչել էր մինչև վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով: Փետրվարի 15-ին Հարությունյանների ընտանիքին էին այցելել նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության «Դուք մենակ չեք» նախաձեռնության շնորհիվ Հարությունյանների ընտանիքի հետ ընկերացած ազատամարտիկ Անահիտ Հովհաննիսյանը և ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտի կուրսանտ Նարեկ Մարտիրոսյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել