Այսօր՝ կեսօրին, «Կինո պարկ» կինոթատրոնում կայացավ HK productions և Agat Films ընկերությունների համատեղ արտադրանք հանդիսացող «Բրավո՛, վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան: Օրեր առաջ  BlogNews.amզրուցել էր ֆիլմի համապրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանի հետ ու մանրամասներ պարզել ֆիլմի ստեղծագործական անձնակազմի, ստեղծման պատմության մասին: Եվ ահա այսօր ֆիլմ առաջին անգամ բարձրացավ մեծ էկրան:

Նշենք, որ ֆիլմի գլխավոր դերակատարներն են Սամվել Թադևոսյանը և Մարիա Ախմետզյանովան, ռեժիսորն է ֆրանսաբնակ Լևոն Մինասյանը, բեմադրող օպերատորը ամերիկաբնակ Մկրտիչ Մալխասյանն է, սաունդթրեքի հեղինակը՝ Տիգրան Համասյանը, իսկ ֆրանսաբնակ Միշել Պետրոսյանն էլ ստեղծել է ֆիլմի սյուժեի առանցքում ընկած սիմֆոնիկ նվագախմբի կողմից կատարվող դասական երաժշտությունը: Իսկ ահա ֆիլմի պրոդյուսերները ֆրանսահայ Ռոբեր Գեդիկյանը (Agat films) և Հրաչյա Քեշիշյանն են (HK productions):

Black comedy ժանրում նկարահանված 1 ժամ 44 րոպե տևողությամբ ֆիլմի հիմքում ընկած է պատանի երաժիշտ-կլարնետիստ Ալիկի կյանքի այն հատվածը, երբ նվագախումբը, որը կրում է Արցախյան գոյամարտում զոհված Ալիկի բժիշկ-ծնողների անունը, բարդ կացության մեջ է հայտնվում ֆինանսների բացակայության պատճառով, որովհետև նվագախմբի գործարար հովանավորին սպանում են:

Նվագախումբը հիմնել և ղեկավարում է Ալիկի պապը՝  հայտնի երաժիշտ Հովհաննես Տալյանը, ով առողջական խնդիրներ ունի, և նվագախմբի լինել-չլինելու հարցը նաև ինչ-որ տեղ Ալիկի պապիկի լինել-չլինելուն է առնչվում, քանի որ մեծն երաժիշտը ապրում է հենց իր աշխատանքով: Ու չնայած բարդ իրավիճակին՝ Ալիկը չի կորցնում հավատը, որ ամեն ինչ լավ է լինելու, և նվագախումբը փրկվելու է: Ու պատկերացրեք՝ Ալիկը չի սխալվում, որովհետև հենց այդ ժամանակ էլ պատահական հանգամանքների բերումով Ալիկի մոտ է հայտնվում ոմն «վիրտուոզի» պատկանող մի հեռախոս, որը զանգեր է ստանում միայն մեկ օգտատերից: Շուտով Ալիկը խոշոր կանխավճարի դիմաց ստանում է խոշոր տրամաչափի մի ատրճանակ ու սպանության պատվեր: Գումարից Ալիկը հրաժարվել չի կարող, որովհետև այն լիովին բավարար է նվագախումբը փրկելու համար, սակայն առաջադրանքն էլ գլուխ բերել Ալիկը չի կարող, որովհետև կյանքում երբեք ոչ մի զենքից չի կրակել: Ահա այս բարդ ու խճճված իրավիճակում էլ Ալիկը հանդիպում է իր կյանքի մեծ սիրուն, հանուն որի նա պատրաստ է ամեն ծայրահեղության, անգամ մարդասպանության:

Լրագրողների համար կազմակերպված առաջին փակ ցուցադրության վերջում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ֆիլմի համապրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանը մասնավորապես նշեց, որ 1 միլիոն 200 000 եվրո բյուջե ունեցող «Բրավո՛, վիրտուոզ» ֆիլմը հայ-ֆրանսիական և բելգիական համատեղ արտադրություն է, որի նկարահանումները տեղի են ունեցել բացառապես Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում և Գյումրիում:

«Ֆիլմի հիմքում չարի և բարու հավերժական պայքարի թեման է, և ես ցանկություն ունեի այդ լուրջ պրոբլեմի մասին խոսել հումորով, քանի որ համոզված եմ, որ լուրջ ասելիքը հումորով ավելի լավ է ստացվում արտահայտել, քան լաց ու կոծով: Արդյունքում ստեղծվեց մի պատմություն, որի մեջ կան և՛ հումոր, և՛ էմոցիաներ, և՛ action: Սա հնարավորություն է տալիս հանդիսատեսին մտածելու իր կենսավիճակի մասին ու վերանայելու իր ապրած ճանապարհը»,- նշում է ֆիլմի ռեժիսոր Լևոն Մինասյանը: 

Ֆիլմի գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանի համար այս կինոնկարը դեբյուտային էր, որովհետև այս ֆիլմի նկարահանումները արվել են նախքան «Կյանք ու կռիվը»: Անդրադառնալով ֆիլմում զետեղված գլխավոր հերոսների մի քանի «բաց» տեսարաններին վերաբերող հարցին՝ դերասանը նշեց, որ  երբեք այդպիսի տեսարաններում նկարահանվելու խնդիր չի ունեցել, իսկ ահա կլարնետիստի դերը խաղալու համար հատուկ կլարնետի դասերի է հաճախել, քանի որ երաժշտական գործիքը բռնելու, ձեռքի մեջ պահելու առանձնահատկություններին պետք էր տիրապետել:

Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ինչու գլխավոր հերոսուհուն մարմնավորեց ոչ թե հայ, այլ ռուս դերասանուհի, ֆիլմի պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանն ու ռեժիսոր Լևոն Մինասյանը նշում են, որ Մարիային շատ երկար քաստինգների արդյունքում են ընտրել, որովհետև ունեին հստակ կերպար, բայց դերասանուհուն գտնել չէր հաջողվում:

«Ես շատ ուշ եմ իմացել, որ ինձ ընտրել են այս ֆիլմի համար: Այդ շրջանում ոչ մի սոցիալական ցանցով կապի դուրս չէի գալիս, ու ինձ հետ կապ հաստատելը, փաստորեն, պրոբլեմ էր: Իսկ թե ինչ սովորեցի ֆիլմի նկարահանումների ընթացքում, կարող եմ ասել, որ իմ մարմնավորած հերոսուհու նման հիմա շատ լավ կատարում եմ կրակայրիչով հնարքը))»,- պատմում է Մարիա Ախմետզյանովան ու շարունակում,- «Մեծ բավականություն էր այս թիմի հետ աշխատելը, իսկ երբ կարդացի սցենարը, հասկացա, որ սա այն է, ինչ ես ուզում էի ու ինչին սպասում էի»:

Հիշեցնենք, որ «Բրավո՛, վիրտուոզ» ֆիլմը կարող եք դիտել մարտի 3-ից Հայաստանի բոլոր կինոթատրոններում: Դե իսկ հետաքրքիր գրաֆիկական լուծումներով և անիմեներով համեմված այս ֆիլմը հայկական կինոշուկայում կառանձնանա գոնե այն բանի համար, որ պատկանում է մի ժանրի (սև կատակերգություն), որին հայ կինոարտադրողները գրեթե չեն անդրադառնում: Էսթետիկ առումով գեղեցիկ պատկեր, հրաշալի երաժշտություն և մեր իրականության գրոտեսկային արտացոլումը. ահա այն բաղադրիչները, որոնք ֆիլմը ստեղծողները «ներդրել են» նրա հիմքում: Այնպես որ, հաճելի կինոդիտում:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել