Ի՞նչ կլինի, եթե Դադիձորում անմոռանալի Նոր տարի անցկացնելու առաջարկ ստանաք: Իհարկե, արտասովոր և գրավիչ առաջարկը կգրավի, բայց երբեք չեք գուշակի՝ ինչ սարսափելի մղձավանջում կհայտնվեք, երբ պարզվի, որ Դադիձորը պարզապես հորինված վայր է, որտեղ 10-ից ավելի հանգստացողներ կենաց-մահու կռիվ են տալիս, պայքարում ողջ մնալու համար:
Սա Յուքոմ ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի նոր «Քավարան» քրեական դրամայի սյուժեն է: 20 մասից բաղկացած դրաման եթերում կլինի մարտի 6-ից: Սցենարի հեղինակն է Անահիտ Շահսուվարյանը, ռեժիսորը՝ Հարութ Շատյանը, բեմադրող օպերատորը՝ Հրաչ Մանուչարյանը: BlogNews.am-ի հետ զրույցում հեռուստասերիալի պրոդյուսեր Արա Բաղդասարյանը նշում է. «Հեռուստաշուկայում այս ֆորմատի նախագիծ դեռ չկա: Վստահ ենք՝ հեռուստադիտողին դուր կգա, քանի որ թե՛ սցենարը, թե՛ դերասանական կազմը և թե՛ տեսարանները ինտրիգային են, ինչը մինչև վերջ լարված կպահի հեռուստադիտողին»:
Սցենարական գիծն այնքանով է բարդանում, որ Դադիձոր մեկնած խմբի հարազատները պարզում են, որ նման հանգստյան գոտի չկա: Այդ ժամանակ բոլորին մի հարց է հետաքրքրում՝ իսկ ի՞նչ սկզբունքով են ընտրվել այդ մարդիկ, և ի՞նչի համար էր այդ ամենը կազմակերպված. «Քանի որ «Քավարանը» քրեական դրամա է, կան նաև սպանության տեսարաններ, որոնք փորձել ենք ավելի էսթետիկ ներկայացնել, դե իսկ ֆիլմի հանգուցալուծումից հետո պարզ կլինի՝ ինչն է միավորել այս մարդկանց»:
Դերասանական կազմն էլ ընտրվել է կերպարներին համապատասխան: Հեռուստասերիալում կտեսնեք Շուշան Երիցյանին, Մերի Հակոբյանին, Կառլոս Մուրադյանին, Արթուր Պետրոսյանին, Սերգեյ Թովմասյանին, Լիլիթ Հարոյանին, Վահե Զիրոյանին, Սամվել Փիլոյանին, Իրինա Հարությունյանին, Գրիգոր Բաղդասարյանին և այլոց: «Քավարանի» հետագա զարգացումների մասին BlogNews.am-ը կպատմի առաջիկա նյութերում:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի