Картинки по запросу ռոհանիՔիչ առաջ տեղեկություն կարդացի այն մասին, որ Իրանի իշխանությունները նախատեսում են երկրի հեռավոր մարզերում ինտերնետ հասցնել օդապարիկների միջոցով: Այս լուրը բավական ուրախացնող է: Իրանի հեռավոր զբոսաշրջային բազմաթիվ կենտրոններ զրկված են ինտերնետից, ինչը բացասաբար է անդրադառնում Իրան մեկնող զբոսաշրջիկների նախատրամադրվածության վրա:

Իրանի տիեզերական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը հայտարարել է, որ ընկերության ինժեներներն արդեն ավարտել են ստրատոսֆերային օդապարիկի շինարարական աշխատանքները, որը կարող է ինտերնետ ցրել երկրի դժվար հասանելի վայրերում, ինչպես նաև՝ ճգնաժամային իրավիճակներում:

Նախագծվել է ինտերնետ-օդապարիկների երկու տարբերակ` ճոպաններով ֆիքսված և չֆիքսված: Ճոպաններով ֆիքսված օդապարիկները նախատեսվում է օգտագործել հատկապես ճգնաժամային իրավիճակներում, երբ հնարավոր չէ մշտական կապ ապահովել: Նախագծողները նշում են, որ այս օդապարիկները կարող են ինտերնետ ցրել 20-30 կիլոմետր շառավիղով:

Հ.գ. Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ «Համացանցի ազատություն-2015» զեկույցի համաձայն՝ Իրանն աշխարհում ազատ համացանցի հասանելիության իրավունքը ամենից շատ ոտնահարող երկրների շարքում է։ Ի դեպ՝ համացանցի հասանելիության մակարդակը Հայաստանում 46 տոկոս է։ ԱՊՀ երկրների թվում Հայաստանը, ինչպես հարևան Վրաստանը, համարվում է համացանցի ազատ հասանելիություն ունեցող երկիր։ Ադրբեջանն ու Թուրքիան մասամբ ազատ համացանց ունեցող երկրների թվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել