Հովհաննես Գրիգորյան

(ծնվ. 1945թ. Գյումրի)

Բոլորովին ուրիշ աշուն
(բանաստեղծություններ)

<<Սովետական գրող>> հրատարակչություն
1979թ.  Երևան 

ՀԱՅԱՍՏԱՆ

Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպէս նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ...
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ...
 
ԵՎՍ ՄԻ ԵՐԳ

Եվ նրանք, ովքեր սպանվեցին երեկ,
և նրանք, ովքեր կսպանվեն վաղը,
և նրանք, ովքեր գոռացին <<Կեցցե հայրենիքը>>,
և նրանք, ովքեր չհասցրեցին գոռալ,
նրանք բոլորն էլ ունեին
կապույտ կամ սև աչքեր,
ունեին անուն և ազգանուն,
տխրելու և ուրախանալու առիթներ:
Դե թող հնչեն ազգային բոլոր նվագարանները,
դե ողբացեք մայրեր տարբեր լեզուներով,
ողբի լեզուն նույնն է,
նույնն է գույնը արտասուքի
և հասկանալի բոլորին:
Իսկ ես,
որ բազմաթիվ մեղքեր ունեմ ինձ վերագրված,
գուցե վաղը,
գուցե այսօր,
կանաչ շորեր հագիս,
վերջին գնդակը պարպեմ հանուն քաղաքակրթության
և ընկնեմ գոռալով <<Կեցցե հայրենիքը>>
և կամ գուցե չհասցնեմ գոռալ:
Եվ մայրս կողբա վրաս Շիրակի բարբառով,
և նույն բարբառով կանիծի
աշխարհի բոլոր պատերազմները:
1968թ.

 
*
Մի թողեք, որ մեռնեմ անարցունք:
Դաշտերի վրա հիմա ձյուն է ու խաղաղություն,
շրջում են որսորդներն ու որոնում վերջին աղավնուն,-
չափից դուրս շատ է մշակված ձեր ձայնը, օրիորդ,
այն չի հուզի քարացած սրտերը որսորդների:
Վառվում են լույսերը շենքերի աչքերում:
Թանաքը վառվում է որոշում դառնալու ցանկությունից:
Եվ վերջին տրամվայն է անցնում արցունքն աչքերին,
և փողոցը փակում է իր սգավոր դեմքը:
Մի  թողեք, որ մեռնեմ անարցունք:

Մայրիկ, ահա և հիշեցի քեզ,
ես մամռակալած եմ, ներիր ինձ դրա համար,
մնաս բարով չեմ ասում քեզ,
ինչու իզուր խոցեմ սիրտդ ծերացած:

Վերջապես փակում եմ աչքերս մենակության մեջ:
Բառ առ բառ իջնում է գիշերվա կացինը, -
և լուսինն ինչպես մահապարտի կտրված գլուխ
ընկնում է ճերմակ դաշտերի վրա…
Մի թողեք,
մի թողեք, որ մեռնեմ անարցունք:
Շարունակությունը` այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել