Image may contain: 1 person, close-upՀայաստանյան հասարակության եթե ոչ մեծամասնությունը, ապա զգալի մասը համարում է, որ սպանված հատուկնշանակայինների դիակները վերադարձնելը սխալ է։ Ոմանք համարում են, որ պետք է թողնեինք, որ նեխեին, ոմանք համարում են, որ պետք է ինչ-ինչ պայմանների դիմաց թույլ տայինք, որ հանեին, ոմանք էլ առհասարակ կողմ են, որ դիակապտություն անեին մերոնք։ Կարծում եմ, որ մեծամասնությունը միշտ չէ, որ ճիշտ է, ու սա այդպիսի դեպքերից մեկն է։

Դիտարկենք հարցը տեղեկատվական պատերազմի հիմնային կանոնների տեսանկյունից։ Հիմնային կանոններից մեկն այն է, որ կա 3 տեսակի լսարան՝ յուրայիններ, թշնամիներ ու նեյրտրալներ։ Հիմա հասկանանք, թե ինչպես է իրավիճակն ընկալվելու յուրաքանչյուր լսարանում։

Յուրայիններ

Ինչպես նշեցի, շատերը ու գուցե անգամ մեծամասնությունը կողմ են ռադիկալ մոտեցման։ Բայց կա նաև հանրության մի շերտ (օրինակ՝ ես ու ինձ պես մտածող մարդիկ), ովքեր, բառիս բուն իմաստով, կոգնիտիվ դիսսոնանս են ապրում, երբ հայկական կողմը անում է քայլեր, որոնք հարիր են նույն ադրբեջանցիներին։ Դիակապտությունն ու դիակների վրա սակարկումները նման քայլերի շարքից են։ Արդյունքում ստեղծվում է հիասթափված շերտ՝ սեփական հասարակության մեջ։ Դիակները հանձնելու պարագայում մարդիկ էլի երջանիկ չեն, բայց նեգատիվը պրոյեկտվում է ադրբեջանական կողմի վրա, որ մի քանի ժամում կտրուկ փոխեց հռետորաբանությունը։ Տեղեկատվական պատերազմում յուրային լսարանի հետ աշխատելու կարևորագույն խնդիրներից է հենց այդպիսի հիասթափությունները մինիմիզացնելն ու հնարավորության դեպքում՝ բացառելը։

Թշնամիներ

Թշնամիների աչքում մենք էլ ավելի թշնամի ենք դառնում, ավելի շատ են մեզ ատում ու ավելի շատ փաստեր են ունենում, որոնցով այդ ատելությունը կուլտիվացվում է։ Բացի դրանից՝ անուղղակիորեն լեգիտիմացվում է հետագայում մեր տղաների մարմինները պղծելու ու անարգելու հավանականությունը, եթե ինչ-որ հանգամանքներում նրանց ձեռքերում հայտնվեն մերոնց մարմինները։ Մի խոսքով՝ օգուտը մինիմալ, իսկ անհարկի նեգատիվի ավելացումը՝ մաքսիմալ։

Ադրբեջանում կան նաև ադեկվատ մարդիկ, ովքեր տեսնում են, որ դեռ մի քանի ժամ առաջ իրենց պաշտոնական գերատեսչությունն ու քարոզչամեքենան ուզվողի կարգավիճակում էր ու ասում էր, որ նենգ հայերը թույլ չեն տալիս դիակները հանել, իսկ հիմա միանգամից այլ երգ են երգում։ Դա էլ ավելի է նվազեցնում վստահությունը սեփական մեդիաների ու ՊՆ-ի նկատմամբ, ինչը, միանշանակ, ցանկալի արդյունք է մեզ համար։

Նեյտրալներ

Ի հեճուկս մեր ու ադրբեջանցիների պատկերացումների՝ տիեզերքը մեր շուրջ չի պտտվում ու մեր իրադարձություններին հետևում են նաև այլ ազգեր։ Օրինակ՝ ֆրանսիացու համար բարբարոսության դրսևորում է դիակներով սպեկուլյացիաներ անելը՝ անկախ մոտիվներից ու նախապատմությունից։ Մեծ ողբերգություն չկա դրա մեջ, բայց կողմնակի դիտողի աչքում դիակ չտվող հայը քիչ է տարբերվում աֆղան մոջահեդից, չեչեն գրոհայինից կամ էլ հենց նույն ականջ կտրող ադրբեջանցուց։ Ողբերգություն չէ, բայց ցանկալի էլ չէ, որ մեզ նույն հարթության մեջ ու նույն պրիզմայով դիտարկեն։ Նեյտրալ լսարանի հետ աշխատելիս պլան մինիմումն այն է, որ այդպես նեյտրալ էլ մնա, իսկ մաքսիմումը՝ մեր կողմից լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել