Image result for ԼարսԱվարտվեց վարչապետ Կարեն Կարապետյանի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան: Այցի օրակարգը բավականաչափ հագեցած էր, հանդիպումները, ինչպես վարչապետը նշեց, արդյունավետ: Ուշագրավ է, որ կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով` տնտեսություն, զբոսաշրջություն, բիզնեսի էքսպանսիա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, էներգետիկա, տրանսպորտ և այլն: Պաշտոնական հաղորդագրություններում մանրամասն տեղեկատվությունը թեև քիչ էր, սակայն լավատեսության տարր էր պարունակում:

Ինչպես հայտնի է, այցի օրակարգում առանցքային տեղ էր զբաղեցնում Վերին Լարսին այլընտրանք գտնելու հարցը: Բանն այն է, որ Վրաստանը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար որպես տարանցիկ երկիր, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ երկրների հետ կապող ցամաքային միակ ճանապարհն անցնում է Վրաստանով:

Վարչապետի` Վրաստան կատարած այցից դեռեւս մեկ ամիս առաջ ԶԼՄ-ները սկսել էին ակտիվորեն անդրադառնալ Վերին Լարսին այլընտրանք գտնելու հարցին: Շարժառիթը Կարեն Կարապետյանի հանձնարարականն էր` ուղղված Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին Լարսին այլընտրանք գտնելու համար բանակցություններ վարել ռուսական և վրացական կողմերի հետ` հաշվի առնելով Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված թողունակության սահմանափակումները:

Ավելի ուշ նախարար Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կառավարության ծրագրերը միայն Հարավային Օսեթիայով չեն սահմանափակվում և հավելել, որ Հարավային Օսեթիայի վերաբերյալ հայկական կողմը բանակցում է Վրաստանի ու Ռուսաստանի հետ` հույս ունենալով, որ նրանք այս հարցում համաձայնության կգան:

Հաշվի առնելով վերջին օրերի ակտիվ քննարկումները` ենթադրվում էր, որ Թբիլիսիի այցի արդյունքներն ամփոփելիս հայրենի կառավարությունը մանրամասն կանդրադառնա այն հարցին, թե ինչ այլընտրանքի մասին է խոսքը: Սակայն երեկ ՀՀ կառավարության ղեկավարն ընդամենը հայտարարեց, որ վրացական կողմի հետ քննարկվել է Վերին Լարսին այլընտրանք գտնելու հարցը` այնուհանդերձ դեռ ցանկանալով փակագծեր բացել: Ինչևէ, չնայած առկա խնդիրներին և դժվարություններին` այսօր կարելի է խոսել այն մասին, որ Լարսին այլընտրանք գտնելու հավանականությունը մեծ է, եթե հաշվի առնենք այդ ուղղությամբ առկա գործնական քայլերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել