Փետրվարի 25-ին «Կինո պարկ» կինոթատրոնում տեղի ունեցավ  «Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, որին ներկա էր նաև BlogNews.am-ը:
Ֆիլմը դիտելու էին եկել հասարակական գործիչներ, լրագրողներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ ու նաև մարդիկ, որոնց մասին պատմում է ֆիլմը՝ 90-ականների պաշարված ու հրթիռահրետակոծվող Ստեփանակերտի բնակիչները, ովքեր վերապրել են այդ օրերը:
ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» պատրաստած փաստավավերագրական այս ֆիլմը պատմում է 1991-92թթ.-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով Ստեփանակերտում ստեղծված իրավիճակի, հումանիտար աղետի պայմաններում ստեփանակերտցիների առօրյա կյանքի և պաշարումը ճեղքելու մասին։ Նախքան կինոդիտումը ֆիլմի հեղինակները ներկաներին պատմեցին ֆիլմի ստեղծման անհրաժեշտության, ասելիքի, ինչպես նաև նրա՝ սերունդներին ու համայն մարդկությանն ուղղված մեսիջի մասին։
  

Ֆիլմի ստեղծման պատմությանն անդրադառնալով՝ համահեղինակ Արմեն Մինասյանը նշեց հետևյալը. «Թեմային անդրադառնալու պատճառները երեքն էին. նախ՝ տարեցտարի Ադրբեջանը էլ ավելի է ահագնացնում շահարկումները՝ Խոջալուի և Աղդամի մոտակայքում տեղի ունեցած դեպքերի հետ կապված, սակայն պետք է  հասկանալ, որ Խոջալուի ազատագրումը անմիջապես կապված էր Ստեփանակերտի ապաշրջափակման հետ, ինչն էլ իրականացվեց հենց այս օրը՝ 25 տարի առաջ՝ փետրվարի 25-ին: Մենք որոշեցինք անդրադառնալ թեմային, որպեսզի պարզ լինեն այն նախադրյալները, որոնք նախորդել են և պատճառ են հանդիսացել այդ տարածքների ազատագրման համար: Երկրորդ պատճառը՝ տևական ժամանակ փորձում էինք անդրադառնալ թեմային, սակայն չկային կադրեր: Կային միայն ականատեսների վկայություններ, սակայն նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնին» վերջին 10 տարիների ընթացքում հաջողվել է հավաքել մեծ քանակությամբ արխիվային կադրեր 90-ական թթ, այդ թվում նաև՝ մայրաքաղաք Ստեփանակերտում և այլ բնակավայրերում մարդկանց կյանքի, կենսագործունեության մասին, ինչն էլ մեզ հնարավորություն տվեց արդեն այս տարի անդրադառնալու այդ թեմային: Եվ երրորդ գործոնը՝  մեր և միջազգային հանրության կողմից հակամարտության ընկալումն է: 94 թվականի հրադադարը կարծես դարձել է որոշակի «ստատուս քվոյի» ընկալման հիմք, և մարդիկ, կարծես, հաճախ մոռանում են, թե ինչն է նախորդել դրան, պատերազմին, պատերազմի ակունքներին, ադրբեջանական ագրեսիային: Մենք փորձել ենք վերարտադրել իրականությունը ականատեսների վկայություններով, որպեսզի նոր սերունդը շատ ավելի լուրջ պատկերացում ունենա հակամարտության մասին»:
   
Ֆիլմի համահեղինակ է նաև քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ով այդ տարիներին եղել է Ստեփանակերտի նկուղներում ապրող երեխաներից մեկը. «Ըստ էության՝ ֆիլմում ներկայացվում է մի իրականություն, որը շարունակական է և որը մեր իրականության անբաժան մասն է մինչ օրս: Խոսքն ադրբեջանական՝ հայությանը բնաջնջելու քաղաքականության մասին է, որը տապալվեց 91-92թթ, սակայն որպես մարտահրավեր ու վտանգ՝ մշտապես կախված է հայ բնակչության գլխին, ինչն ապացուցում են անցած տարվա ապրիլի դեպքերը, երբ ադրբեջանական զինծառայողները մտան հայկական խաղաղ բնակավայր: Այս ֆիլմը փորձ է՝ նոր անկյունից ներկայացնելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, և հուսով եմ, որ այն փաստացի նյութ կդառնա հակամարտությունը հետագայում ուսումնասիրողների համար, այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են այսպիսի խնդիրներով, և միջազգային հանրության համար, որպեսզի ավելի լավ պատկերացնեն, թե իրականում ինչի հետ մենք գործ ունենք այս տարածաշրջանում»: 
     
Ծանր ու ցնցող, արյունաքամ ու փլատակների վերածված Ստեփանակերտի փաստագրական կադրերից մինչև Շուշիի ազատագրման՝ ցնծության  տեսարաններ, հազվագյուտ կադրեր, որոնցից շատերն առաջին անգամ են ներկայացվում հանրությանը։ «Պաշարվածները»՝ ֆիլմ մեր իրականության, պատերազմի անողոքության ու մարդկային ոգու տոկունության մասին, որը դիտելը ցանկալի է, ապագայի համար դասեր քաղելը՝ պարտադիր: 

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի
Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի       

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել