«Outdance․ պարել ավելի լավ, քան որևէ մեկը».  սա «Շանթ» ՀԸ-ի նոր սիթքոմի անվանումն է, որը եթերում կլինի մարտից: Ժանրային բոլորովին նոր ոճի այս հումորային նախագծի հիմքում ընկած է պարի թեման, որն էլ միավորել է մի խումբ երիտասարդների, ովքեր լեցուն են կյանքով ու հանուն նպատակների իրականացման պատրաստ են ցանկացած խենթության: 

Նշենք, որ սցենարի հեղինակը Անդրանիկ Իսահակյանն է, ով եղել է նաև հեռուստադիտողի կողմից սիրված ու ճանաչված «Բանակում» և «Քաղաքում» սերիալների սցենարիստը: Հենց նրա հետ զրույցի ընթացքում էլ BlogNews.am-ը հետաքրքիր մանրամասներ պարզեց սիթքոմի մասին.

«Սիթքոմի գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ նայում էի «Պարիր, թե կարող ես» նախագծի «խոհանոցային» կադրերը, օրագրերը: Շատ տպավորվեցի մասնակիցների՝ միմյանց հետ շփումից, ազատությունից, նրանց կատակներից: Սիթքոմի մեսիջը հետևյալն է. եթե մարդն ունի լավ նպատակ, ապա համառության ու աշխատասիրության շնորհիվ կարող  է հասնել դրան»:
 
Ֆիլմի սցենարիստը բացահայտում է նաև սյուժեի որոշ մանրամասներ. «Գլխավոր հերոսը շրջանից եկած մի երիտասարդ է, ով ունի նպատակ՝ հասնել իր սիրած աղջկան, ով պարուհի է: Արդյունքում տղան դառնում է պրոֆեսիոնալ պարող»: 

Իսկ թե ինչպես են ընտրվել ֆիլմի դերակատարները, և որքանո՞վ է հեշտ աշխատել մարդկանց հետ, ովքեր ոչ թե պրոֆեսիոնալ դերասաններ, այլ պրոֆեսիոնալ պարողներ են, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Դժվարությամբ, երկար քասթինգների արդյունքում կարողացանք ընտրել այնպիսի պրոֆեսիոնալ պարողների, ովքեր նաև կարող են դեր խաղալ: Սիթքոմում խաղում են նաև հեռուստադիտողին արդեն իսկ քաջ հայտնի դերասան-դերասանուհիներ, ովքեր շատ լավ պարել գիտեն: Չեմ կարող հատկապես չնշել Լիա Զախարյանին, ով շատ ճկուն է և հրաշալի պարում է պրոֆեսիոնալ պարողների խմբում»:


Սիթքոմի նկարահանումներից ստացած տպավորությունների, ստեղծագործական պրոցեսի մասին BlogNews-ը զրուցել է նաև նախագծում ընդգրկված և սերիալասերներին քաջ ծանոթ դերասաններ Լիա Զախարյանի և Նարեկ Պետրոսյանի («Հայք» խմբից) հետ.


Լիա - «Սիթքոմում խաղալու առաջարկը ստացել եմ շատ ավելի շուտ` հունիս ամսին, սակայն երբ նախագծի նկարահանումները հետաձգելու որոշում կայացվեց, տեղափոխվեցի այլ նախագիծ՝ «Փոխնակ մայրը» սերիալ: Սերիալում իմ կերպարային գծի ավարտվելուն պես վերադարձա այս նախագիծ՝ «Outdance․ պարել ավելի լավ, քան որևէ մեկը» սիթքոմ: Հումորային կերպար եմ մարմնավորում ու շատ ուրախ եմ այս դերի համար: Դե իսկ էկրաններին հեռուստադիտողը կտեսնի ինչպես լավ ծանոթ դերասանների, այնպես էլ նոր ու թարմ դեմքեր»:

Նարեկ - «Շատ հետաքրքիր թիմ է հավաքվել: Որքան էլ որ պարողները պրոֆեսիոնալ դերասաններ չլինեն, ամեն դեպքում արտիստներ են, ու ինչպես ես, այնպես էլ նրանք, ռեժիսորի օգնությամբ կարողանում ենք ինչ-որ հետաքրքիր բան ստանալ: Հրաշալի տրամադրությամբ են անցնում բոլոր նկարահանումները, կարծում եմ՝ հետաքրքիր նախագիծ է, տարբերվող, ու համոզված եմ՝ երիտասարդությանը հաստատ դուր կգա»:  
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ «Շանթ» ՀԸ-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել