Image result for azerbaijan qatarՓետրվարի 26-27–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնում է պաշտոնական այցով Քաթար։ Դա լինելու է Ալիևի երկրորդ այցը Քաթար`առաջինը տեղի է ունեցել 2004թ.–ին։ Քննարկվելու է երկկողմ տնտեսական, քաղաքական, էներգետիկ, զբոսաշրջային կապերի ընդլայնման հարցերը։
Նախորդ տարի Բաքուն ու Դոհան ստորագրել են միջպետական ութ համաձայնագրեր, բացի այդ կողմերը քննարկել են համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծելու հարցերը։ 2016թ.–ին երկկողմ ապրանքաշրջանառությունը Քաթարի հետ կազմել է 129,55 հազար դոլար։ Քաթարի ու Ադրբեջանի միջև գործում են ուղիղ ավիաչվերթներ։

Քաթարի հետ ռազմավարական կապերի մեջ է նաև Բաքվի «ավագ եղբայր» Թուրքիան, որն այդ երկրի տարածքում ռազմաբազա է բացել ու Դոհային ընկալում է, որպես ռազմավարական գործընկեր։ Այժմ էլ Բաքուն է «օրինակ» վերցնելով Անկարայից խորացնում կապերը իսլամական, արաբական աշխարհում լուրջ դերակատարում ունեցող Դոհայի հետ`այդ փոքր արաբական երկիրն ունի շատ մեծ ֆինանսական հնարավորություններ ու ֆինանսավորում է տարբեր ջիհադական կազմակերպություններ, իսլամական հիմնադրամներ, կազմակերպություններ և այլն։

Ադրբեջանն ու Քաթարը անդամակցում են Իսլամական կոնֆերանս կազմակերպությանը, ինչը ՀՀ–ի համար հատկապես վտանգավոր է, քանի որ Քաթարն ունենալով լուրջ դերակատարում այդ կազմակերպությունում Ադրբեջանի «միջնորդությամբ» կարող է առաջ քաշել տարբեր հակահայկական բանաձևեր`այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության», Ղարաբաղի մասին և այլն։
Բացի միջազգային հարթակում ընդհանուր դիրքերից հանդես գալուց, Ադրբեջանի համար կարևոր է նաև մանաթի արժեզրկման, նավթի գների անկման և այլ ներքին խնդիրների ֆոնին`հատկապես այն պարագայում, որ Բաքուն շարունակում է խոշոր ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել տարածաշրջանում, քաթարյան նավթադոլարների ներգրավումն այդ նախագծերի մեջ։

Քաթարն ունենալով բավականին լարված հարաբերություններ Իրանի հետ, կարող է ի դեմս Ադրբեջանի փորձել գտնել տարածաշրջանում «հակաիրանական» դաշնակից։
Հայաստանը պետք է ավելի լայն դերակատարում ունենա ու աշխատանքներ իրականացնի արաբական աշխարհում` հատկապես Ծոցի երկրներում։ Հայկական դիվանագիտությունը պետք է ակտիվ աշխատանքներ տանի տնտեսական համատեղ ծրագրեր կյանքի կոչելու համար` միլիարդավոր դոլարների բյուջե ունեցող Ծոցի միապետությունների ներդրումները շատ կարևոր են ՀՀ–ի տնտեսության համար։

ՀՀ–ը տնտեսական հարաբերությունների դրական փորձ ունի Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։
Չմոռանանք, որ Ադրբեջանն ակտիվ է նաև Պակիստանի ուղղությամբ։
Պակիստանա-ադրբեջանական հարաբերությունները բարձրացվում են որակական նոր մակարդակի վրա՝ համատեղ զորավարժություններ, ձեռնարկություններ, Բաքվի կողմից պակիստանյան զենքերի ու զինատեսակների գնում՝ դա արվում է տնտեսական, առևտրային, էներգետիկ կապերը զարգացնելուն զուգընթաց:

Պակիստանը միջուկային տերություն հանդիսանալով բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում ու Բաքուն փորձելու է օգտագործել այդ երկրի թե տնտեսական ներուժը՝ ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգավելու համար՝ նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանը էներգետիկ-տրանսպորտային միջանցի վերածելու տրամաբանության շրջանակներում, այնպես էլ կիրառելու է պակիստանյան ռազմա-տեխնիկական նորարարություններն ու ներուժը սեփական զինված ուժերի ամրապնդման համար:

Պակիստանյան աէրոնավիգացիոն համալիրի (Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմա-օդային ուժերի մարշալ Արշադ Մալիքը հայտարարել էր, որ Պակիստանը պատրաստ է Ադրբեջանի ռազմա-օդային ուժերն ապահովել JF-17 Thunder կործանիչներով:
Նա նշել է, որ իրենք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի հետ ու Պակիստանից կործանիչների առաքման հետ կապված որևէ խնդիր չկա:

Ըստ նրա՝ JF-17-ում հնարավոր է օգտագործել ռուսական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռներով:
Մարշալը հավելել է, որ Իսլամաբադը պատրաստ է Բաքվի հետ կիսվել տեխնոլոգիաներով: Պակիստանցի բարձրաստիճան զինվորականը չի բացառել նաև Բաքվին որոշակի տեխնոլոգիաների փոխանցման հնարավորությունը՝ դա կարող է կապված լինել այդ կործանիչների տեխսպասարկման ու հրթիռային տեխնոլոգիաների հետ: Այսպիսով, Պակիստանը կարող է դառնալ «երկրորդ Իսրայելը» Բաքվի համար՝ ռազմա-տեխնիկական համագործակցության ու զենքերի գնման առումով:

Հիշեցնենք, որ Իսլամաբադը ղարաբաղյան հարցում որդեգրել է վառ ադրբեջանամետ դիրքորոշում, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել ՀՀ-ի հետ ու միջազգային տարբեր հարթակներում քվեարկում է Բաքվի օգտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել