«Դոմինո» սիթքոմից հայտնի դերասանուհի Գայանե Ավետիսյանը ոճային մեծ փոփոխությունների է դիմել: Բացի նրանից, որ Գայանեն արմատապես փոխել է իր հագնվելու ոճը, նա նախօրեին նաև մազերի գույնն է փոխել: Միշտ խնամված, ճաշակով ու ոճային Գայանեի արտաքին այս փոփոխությունների, ինչպես նաև առաջիկա պլանների մասին էլ դերասանուհին կիսվել է BlogNews.am-ի հետ:
«Ես սիրում եմ փոփոխություններ, այդ թվում նաև՝ արտաքինիս հետ կապված: Շիկահեր շատ երկար ժամանակ եմ եղել ու անկեղծ ասած՝ արդեն հոգնել էի: Դա է պատճառը, որ վերադարձել եմ իմ բնական վիճակին ու հիմա թխահեր եմ: Արդեն հասցրել եմ նոր ֆոտոշարք նկարել այս թխահեր կերպարում, որտեղ այնպիսին եմ, ինչպիսին երբևէ չեմ եղել: Ֆոտոշարքը պատրաստ կլինի մեկ շաբաթից»:
Ստեղծագործական պլանների մասին Գայանեն նշեց, որ առաջարկներ ունի, սակայն դեռ մտածում է՝ որն ընտրել: Իսկ «Դոմինո» սիթքոմում նա այլևս չի խաղալու, քանի որ իր կերպարային գիծն ավարտվել է:
Առջևում գարուն է, ու սա Գայանեն համարում է հրաշալի առիթ՝ արտաքինի մեջ թարմություն մտցնելու համար: Իսկ առհասարակ՝ դերասանուհին գտնում է, որ ցանկացած կին, աղջիկ, պետք է միշտ էլ խնամված ու գեղեցիկ լինի. «Մարդը պետք է կարողանա իր սրտին լսել ու ինչքան էլ որ նորաձևությանը հետևի ու որքան էլ ցանկանա նորաձև ու ոճային երևալ, առաջնահերթ պետք է կարողանա հասկանալ՝ ինչպես է ինքն իրեն զգում տվյալ կերպարի մեջ: Պարզապես պետք է նայել հայելու մեջ ու հականալ՝ ինչ ես ուզում: Ու հավատացեք, միշտ չէ, երբ պետք է անել այն, ինչ նորաձև է, պետք է անել այն, ինչը որ քոնն է:
Հետձմեռային դեպրեսիայի մասին ևս խոսեցինք Գայանեի հետ, ում այս խնդիրը շրջանցել է, սակայն դերասանուհին կարծում է, որ ցանկացած դժվարություն, բարդ իրավիճակ ու դեպրեսիա կարելի է հաղթահարել, եթե փորձես լավատես լինել. «Լավատեսությունը շատ լավ բան է, երբեք չի կարելի կորցնել լավատեսությունը՝ անկախ իրավիճակից, որում հայտնվել ես»:
Նյութը՝ BlogNews.am-ի